Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՀԱՃ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ

Ապրիլ 02,2003 00:00

ՏՀԱՃ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ ԿԳ նախարարության պատասխանատուներն արդեն հաjտարարել են, որ այս տարվա ընդունելության քննություններում դիմորդներին անակնկալներ չեն սպասվում: Նույնը նրանք հաստատում էին նաեւ անցյալ տարվա քննություններից առաջ, սակայն որոշ քննական առարկաներ, այնուամենայնիվ, աղմուկ բարձրացրին դիմորդների եւ ռեպետիտորների շրջանում: Պատճառն այն էր, որ վերջիններս իրենց սաներին սովորեցրել էին անգիր անելու բոլոր ձեւերը, «վարժեցրել» բարդ առաջադրանքներին, եւ դիմորդը, հանդիպելով ավելի հեշտ, բայց անծանոթ խնդիրների (տրամաբանական եւ այլն), չէր կարողացել գլուխ հանել: Եվ հաճելի անակնկալները վերածվել էին տհաճի: Սակայն մեղքը միայն ռեպետիտորների վրա գցելն էլ ճիշտ չէ: Անցյալ տարի բավական անորոշ էին նաեւ գնահատման չափանիշները, ինչը անխուսափելի էր դարձնում նաեւ քննողի սուբյեկտիվիզմի գործոնը: Հատկապես մաթեմատիկայի քննության հետ կապված դժգոհությունների «մեղավորը», պարզվում է, «ՀՀ կրթության մասին» օրենքն էր, որտեղ հոդված 15-ի 6-րդ կետը պահանջում է՝ ընդունելության քննությունների հարցաշարերը պետք է կազմվեն բացառապես դպրոցում երաշխավորված եւ առնվազն 1 տարի օգտագործված դասագրքերից, խնդրագրքերից, ժողովածուներից եւ շտեմարաններից: «Գուցե վերադարձը դեպի դասագրքեր որոշակի անսպասելիության առջեւ էր կանգնեցրել դիմորդներին, բայց սա ճիշտ քայլ էր. եւ օրենքի պահանջի իրականացում էր, եւ աշակերտին դեպի դպրոց տանելու քայլերից մեկը»,- բացատրում է ՀՀ ԿԳՆ մասնագիտական կրթության բաժնի պետ Ռուբեն Գասպարյանը: Մաթեմատիկայի հարցաթերթիկների համար այս տարի էլ երաշխավորվել են այն նույն խնդրագրքերը, որ նախկինում կային: Պետք է նշել, որ հատկապես այստեղ գնահատման չափանիշները գնացել են դեպի պարզեցում եւ հստակեցում: Խնդրի վրա չազդող թվաբանական սխալի համար հանվում է 0,5 միավոր, տրամաբանական սխալի համար՝ 1 միավոր, բանաձեւի սխալի համար՝ 0,5 կամ 1 միավոր՝ կախված դրա դերից: Չհիմնավորված քայլի համար հանվում է 0,5 միավոր: Խնդիրը կարող է գնահատվել մինչեւ 1 միավոր, եթե այն ըստ էության լուծված չէ, սակայն լուծման ուղղությամբ կատարված են ճիշտ քայլեր: Իսկ նախկինում այս դեպքը գնահատվում էր 0 միավոր, քանի որ խնդրի պատասխանն ըստ էության ստացված չէր: Անցյալ տարվա համեմատությամբ, հայոց լեզու առարկայի քննական տարբերակը փաստացի մնացել է նույնը՝ մասնակի փոփոխություններով, եւ առավել հստակեցվել ու որոշակիացվել են գնահատման չափանիշները: Հիմք է ընդունվել նորից շտեմարանը: Հայոց լեզվի առաջին առաջադրանքում ավելացվել է 1 ենթահարց, 4-րդ առաջադրանքը 2 հարցից դարձել է 1 հարց՝ 4 նախադասությամբ եւ 5-րդ առաջադրանքը 3-ից դարձել է 2: Ֆիզիկա եւ քիմիա առարկաների հետ կապված, անցյալ տարվա համեմատությամբ, ոչ մի տարբերություն չկա թե գնահատման չափանիշների, թե ծրագրերի հետ կապված: Կենսաբանության ծրագիրը որոշակիորեն բեռնաթափվել է: Նույնն են մնացել ընդհանուր պատմությանն ու աշխարհագրությանը: Հայոց պատմության տեստային առաջադրանքը հանվել է, մնացել է ամբողջական շարադրանք պարունակող 4 հարց, իսկ ենթահարցերի շրջանում որեւէ փոփոխություն չկա: Որոշակի փոփոխություններ են կրել օտար լեզուները: Անգլերենի հարցաշարերում առաջադրանքները 8-ից դարձել են 6-ը: Երկրորդ առաջադրանքի 2-րդ հատվածը պարզեցվել եւ նորացվել է, սակայն սա էլ բովանդակային փոփոխություն չէ, քանի որ հիմքը դարձյալ շտեմարանն է: Եթե նախկինում օտար լեզուները եւ հայոց լեզուն 2 տարբերակով էին անցկացվում, այս տարի անցկացվում են 1 տարբերակով: (Երկու տարբերակով մնում են ֆիզիկան, քիմիան, մաթեմատիկան): Այդ պատճառով հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն լեզուների համար տրվել է 1 միասնական նմուշ, այսինքն՝ եթե նախորդ տարիներին բաժանվում էր մասնագիտական եւ ոչ մասնագիտական տարբերակների, այս տարի բոլորը կհանձնեն 1 տարբերակով՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ դիմորդների գիտելիքների՝ մասնագիտական առումով ստուգումը կարելի է իրականացնել բանավոր քննության ժամանակ, որտեղ եւ քերականությունն ու լեզվիմացությունն է ստուգվում, եւ գրականությունը: Ի դեպ, գնահատման չափանիշները եւ առարկայական ծրագրերը ներկայացվել են ՀՀ արդարադատության նախարարություն, եւ, հավանաբար, առաջիկա 2-3 օրերի ընթացքում դրանք կստանան պետական գրանցում: Այս օրերին պետական գրանցման կհանձնվեն նաեւ 2003 թ. ընդունելության քննությունների կանոնները, որոնց կանդրադառնանք առանձին: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել