Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎԱՏԵՍԱԿԱՆ ՍՑԵՆԱՐ

Ապրիլ 04,2003 00:00

ԼԱՎԱՏԵՍԱԿԱՆ ՍՑԵՆԱՐ 1. Սահմանադրական դատարանը կմերժի Ստեփան Դեմիրճյանի հայցը՝ փաստելով, որ թեեւ կային լուրջ իրավախախտումներ, դրանք չէին կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա: 2. Մայիսի 25-ին կընդունվեն սահմանադրական փոփոխությունները, որոնք ավելացնում են նախագահի իրավասությունները: Բայց դա, ճիշտն ասած, էական չէ, որովհետեւ իրավասությունները վերցնում են նաեւ առանց թղթի վրա գրելու: Օրինակ, ոչ ոք ոչ մեկին իրավասություն չի տվել, տպագրել քվեաթերթիկների հավելյալ տպաքանակ եւ այն լցոնել Քոչարյանի օգտին: /Ի դեպ, երբ ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը առարկում է այդ ընտրախախտումը բացառելու նպատակով քվեաթերթիկները արտասահմանում տպագրելու դեմ, նա, հավանաբար, չի մտահոգվում, որ այս խորհրդարանական ընտրություններում կառավարությունը կարող է օգտագործել նույն հնարքը, մասնավորապես, հենց իր կուսակցության դեմ/: Իրավասություններն, իմ կարծիքով, երկրորդական են: Սահմանադրական փոփոխություններում էականը երկքաղաքացիության արգելքի վերացումն է: Արդյունքում ազգությամբ հայ այլ երկրների քաղաքացիներ, չունենալով Հայաստանի առաջ լուրջ պարտավորություններ, ձեռք կբերեն որոշ իրավունքներ եւ կփորձեն ինչ-ինչ հարցեր լուծել մեր, հայաստանցիներիս, փոխարեն: Կամ՝ մեր հաշվին, գուցե մեր երկրի անվտանգությանը հակառակ: 3. Մոտակա 4 տարվա ընթացքում խորհրդարանը, որտեղ գերակշիռ մաս են կազմելու մեծամասնական «հեղինակություններն» ու համամասնական իշխանամետները, օրենք կընդունի, որ նախագահն իրավունք ունի ընտրվել 3 ժամկետով: 4. 2008 թվականին «պետականամետ» քաղաքական ուժերը ազգովի կխնդրեն Քոչարյանին՝ կրկին առաջադրվել ՀՀ նախագահի պաշտոնում, նա «չուզենալով» կհամաձայնի իր վրա վերցնել այդ ծանր բեռը, իսկ «պետականամետները» կսկսեն համոզել հասարակությանը, որ հանուն «երկրի կայունության», «փորձված թանի» եւ «ընթացքում ձիերին չփոխելու»՝ Քոչարյանն էլի պետք է մնա իր աթոռին: «Թույլ տվեք այդ մարդուն մինչեւ վերջ հասցնել իր ծրագրերը»,- կասեն նրանք: Ժողովուրդը, բնականաբար, «թույլ կտա»: Ինչպես «թույլ տվեց» 2003-ին: Այստեղ հարց է ծագում՝ եթե սա է լավատեսական սցենարը, ապա հոռետեսականը ո՞րն է: Երբ որ այս սցենարի առաջին 2 կետերն իրականանան, կխոսենք նաեւ դրա մասին: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել