Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՔ ԱՐԵ՜Լ»

Ապրիլ 05,2003 00:00

«ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՔ ԱՐԵ՜Լ» Իշխանությունները երեկ «գողացել էին» ընդդիմության հանրահավաքը սպասարկող տեխնիկան՝ բարձրախոսները եւ խոսափողները։ Նաեւ հոսանքազրկել էին Մատենադարանին հարող տարածքը։ Ժողովուրդը կատակում էր՝ «հերիք չի մեր քվեն գողացավ, հիմա էլ ձայնի իրավունքն է խլել ու լույսից զրկել»։ Հանրապետության ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Վարյանը մեր «ինչո՞ւ եք տարել տեխնիկան» հարցին պատասխանեց. «նման ինֆորմացիա չունեմ, առաջին անգամ ձեզնից եմ լսում»։ Երեկվա հանրահավաքին եկած եւ հասարակական կարգը պահպանող ոստիկանները սովորականից ավելի ագրեսիվ էին տրամադրված՝ ե՛ւ մայթից իջնող, ե՛ւ փողոցի թեկուզ եզրով քայլողներին կոպիտ նկատողություն էին անում։ Այնուամենայնիվ, հանրահավաքը տեղի ունեցավ նույնիսկ առանց տեխնիկական հարմարությունների։ Մարդկանց հոսքն այս անգամ չէր ձգվում մինչեւ կինո «Նաիրի», սակայն եկողները հաստատակամ էին եւ անդրդում։ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանը կատարվածը դիտում էր իշխանությունների գործողությունների ընդհանուր տրամաբանության մեջ. «տարբեր մեթոդներով փորձեցին կանխել հանրահավաքային շարժումը՝ բռնություններ, ապօրինի ձերբակալություններ, քրեական գործերի հարուցում, գիշերային ապօրինի դատավարություններ, ճանապարհների փակում եւ այլն։ Բռնագրավելով տեխնիկան, իշխանությունները փորձում էին զրկել հասարակությանը տեղեկատվություն ստանալու հնարավորությունից, սահմանափակում էին քաղաքական եւ քաղաքացիական իրավունքները։ Սա ռեժիմի գործելակերպ է, իշխանությունը բռնազավթած ապօրինի ռեժիմի։ Մենք այն համոզմունքն ունենք, որ նման ռեժիմ Հայաստանում երկար գոյատեւել չի կարող։ Մեր պետությունը չունի բռնապետություն պահելու ռեսուրսներ»։ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը գողացված բարձրախոսների, իշխանությունների բռնած դիրքի եւ այլնի մասին մեր հարցին ի պատասխան՝ հետեւյալն ասաց. «Այս ամեն ինչը վայել է միջին դարերի մի հատ փոքր գյուղի եւ ոչ թե անկախ պետության։ Ու մենք կամաց-կամաց աշխարհում այդպիսին էլ դառնում ենք՝ հետամնաց մի գյուղ, որը ոչ մեկին պետք չի, նույնիսկ իր բնակիչներին»։ ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանի գնահատականը եւս գերազանց չէ. «Իշխանությունը փորձում է գլուխը կորցրած ամեն կերպ ճնշել իր ժողովրդին։ Կարծում եմ, դա բերելու է մի վախճանի՝ ժողովուրդը չի ընդունում այդ իշխանությանը, եւ իշխանությունը ստիպված կլինի հեռանալ։ Եվ հետո՝ ՍԴ-ն բոլոր հնարավորություններն ունի (հաշվի առնելով ներկայացված փաստաթղթերը), որպեսզի անվավեր ճանաչի ընտրությունների արդյունքները»։ Վաղարշակ Հարությունյանի գնահատականը. «Այս իշխանությունից ի՞նչ պիտի սպասես՝ լրատվական դաշտը փակում է, ընդդիմությանը մնում է միայն հանրահավաքի միջոցով շփվել ժողովրդի հետ, սա էլ են փորձում փակել, որովհետեւ ակնհայտ է, որ ընտրված չեն, ոչ մի լավ բան չեն կարող ժողովրդին ասել, բոլոր հարցերում տապալվել են՝ սկսած արտաքին քաղաքականությունից, վերջացրած Ղարաբաղի հարցով, բնական է՝ պետք է գնան այս քայլերին»։ ՀԺԿ անդամ, պատգամավոր Էմմա Խուդաբաշյանն իշխանություններին այսպես որակեց. «իրեն թագավոր հռչակած մարդն այսօր արդեն գողացավ մեր բարձրախոսները, այսինքն՝ ինքը գող է, այսինքն՝ ինքը գողացավ Ստեփան Դեմիրճյանի քվեները, հիմա գողանում է ժողովրդի ձայնը։ Բա էսպիսի նախագա՞հ է լինում, գողեգող նախագա՞հ է լինում։ (Ժողովուրդը գոռում էր՝ ամո՛թ-ամո՛թ.- Մ. Ե.)»։ Տիկին Խուդաբաշյանն ապրիլի 7-ին ժամը 16-ին կանանց հրավիրեց հանրահավաքի։ ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը՝ խոսելով ապրիլի 9-ին կայանալիք երդման արարողության մասին, ժողովրդին կոչ արեց. «Բերեք մենք աման-չամանի չխկչխկոցով պատասխանենք այդ մարդու ինոգուրացիային»։ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը հայտարարեց. «այսօրվա լույսը կտրելը, բարձրախոսները գողանալն ի վնաս իրենց եղավ։ Իրենք կարծում էին, որ մենք հանրահավաք չենք անի, մենք առանց բարձրախոսի էլ կարող ենք հանրահավաք անել»։ Արամ Սարգսյանն ասաց, որ այդ «գողության» պատճառը վախն է՝ «իրենք վախենում են ձեզանից, վախենում են այս հավաքներից, հետեւաբար, մենք պիտի հավաքվենք, հետեւաբար մենք պիտի իրենց վախը չափենք, հետեւաբար համախմբված մենք պիտի հաղթենք»։ Արամ Սարգսյանն ասաց, որ իրենք պետք է հավաքվեն եւ իրենց վերաբերմունքը ցույց տան «այդ երդման արարողությանը»։ Խոսքը Ռոբերտ Քոչարյանի՝ իբրեւ նախագահ՝ Աստվածաշնչի եւ Սահմանադրության վրա երդմանն է վերաբերում, որը տեղի է ունենալու ապրիլի 9-ին, ժամը 13-ին, Կառավարության նիստերի մեծ դահլիճում։ Արամ Սարգսյանի ցանկությունը հետեւյալն է. «որ մեր խնդիրը լուծվի Սահմանադրական դատարանում, ընտրությունների առաջին եւ երկրորդ փուլերին մենք հավատով ենք գնացել, որ հաղթելու ենք, ու հաղթել ենք։ Կուզենայի հիմա էլ հավատաք, որ հաղթելու ենք Սահմանադրական դատարանում։ ՍԴ-ի անդամները նույնպես մարդիկ են, իրենք էլ են տեսնում անճշտություններն ու խախտումները, ու եթե իրենք իրենց թիկունքում զգան ժողովրդին, հավատացած եղեք, որ իրենք կկայացնեն ճիշտ որոշում։ Սիրելի ժողովուրդ, ՍԴ-ն չի կարող որոշում կայացնել հօգուտ Ռ. Քոչարյանի՝ մի պարզ պատճառով. որովհետեւ ժողովուրդը Ռ. Քոչարյանին լեգիտիմ չի համարում։ Հետեւաբար, ՍԴ-ն պիտի որոշում կայացնի կա՛մ հօգուտ ժողովրդի, կա՛մ ի վնաս հենց իրեն՝ ՍԴ-ին։ Ես կարծում եմ, որ սա հրաշալի հասկանում են ՍԴ անդամները»։ ՀԺԿ նախագահ, ըստ հանրահավաքի մասնակիցների՝ «ազգընտիր նախագահ» Ստեփան Դեմիրճյանին հավաքված բազմությունը օվացիաներով դիմավորեց (բառացիորեն), թեպետ պրն Դեմիրճյանը, ինչպես միշտ, խոսեց կարճ եւ կոնկրետ, հասարակությունը հիացմունքի աղմուկով ընդհատում էր նրան եւ ծափահարում։ Պրն Դեմիրճյանը հիշեցրեց, որ «միկրոֆոն գողանալը նոր բան չի, քարոզարշավի ժամանակ էլ էին գողանում։ Անհեթեթ քայլեր են, որեւէ օգուտ իշխանությունը սրանից չի ունենալու, հակառակ արդյունքի է հասնելու»։ Ստեփան Դեմիրճյանն ասաց, որ այսօր մեկ անգամ եւս ժողովուրդը ցույց է տալիս իր ուժը, իսկ իշխանությունը՝ իր թուլությունը. «այս մանր խուլիգանությունները դրա վկայությունն են»։ Խոսելով ՍԴ իրենց դիմումի մասին, Ստեփան Դեմիրճյանն ասաց. «մենք շատ լուրջ նյութ ենք ներկայացրել ՍԴ, լուրջ փաստաթուղթ ենք ներկայացրել, եւ մեր պետականության ու պետության համար շատ կարեւոր է, որ Սահմանադրական դատարանն ամենաանաչառ ձեւով քննի այդ դիմումը։ Սա անձի հարց չէ, սա պետության եւ պետականության հարց է»։ Ըստ էության, ընդդիմությունը ժողովրդին տեղեկացրեց իր առաջիկա քայլերի մասին՝ այսօր, ժամը 10-11-ը հավաքվել ՍԴ-ի մոտ, ողջունել դատարանի անդամներին ու ցրվել։ Ապրիլի 7-ին, ժամը 16։00-ին՝ կանանց հանրահավաք, ապրիլի 9-ին, ժամը 11։00-ին՝ համընդհանուր հանրահավաք եւ՝ «Ո՛չ ինոգուրացիային»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել