Լրահոս
Օրվա լրահոսը

ԷՆԵՐԳԻԱՅԻ ԴԵՖԻՑԻՏ ՉԻ՞ ԱՌԱՋԱՆԱ

Ապրիլ 05,2003 00:00

ԷՆԵՐԳԻԱՅԻ ԴԵՖԻՑԻՏ ՉԻ՞ ԱՌԱՋԱՆԱ Ատոմակայանի տնօրեն Գագիկ Մարկոսյանը երեկ ասաց, որ պաշտպանիչ-ինքնակարգավորվող մեխանիզմը կանգնեցրել է ատոմակայանի ռեակտորը, եւ այժմ ընթանում է ռեակտորի սառեցման նախապատրաստական գործընթացը: «Հաճախականությունն ընկել է համակարգում բավական երկար ժամանակով,- ասաց Մարկոսյանը:- Ատոմային կայանը ցանցից անջատվել է. նախատեսված, առկա պաշտպանությունները կանգնեցրել են ռեակտորը»: Մարկոսյանը հավաստիացրեց, թե «կանգնեցման պահին, դրանից հետո» անվտանգության սահմաններ չեն խախտվել. «Բոլոր պարամետրերը նորմայի մեջ են, եւ հիմա տարվում են աշխատանքներ՝ ռեակտորը սառեցնել ու փոխանցել կանգնեցման ռեժիմի»: Հիշեցնենք, որ Մեծամորի ատոմակայանը անցած հունվարին վերագործարկվեց առանց նախատեսված վերալիցքավորման, քանի որ Հայաստանը չկարողացավ ռուսաստանյան մատակարարին անհապաղ վճարել դրա համար պահանջվող 8 մլն դոլարը: «Եթե համակարգում այս ռեժիմը չլիներ, ամեն ինչ նորմալ ընթանար, մենք մոտավորապես մինչեւ ապրիլի 15-ը կաշխատեինք, նոր կկանգնեինք՝ մեր ռեակտորի թույլատրելի վերջին հնարավորություններն օգտագործելով»,- ասաց Մարկոսյանը՝ ավելացնելով, որ ստեղծված իրավիճակում, ինչպես տեխնիկապես, այնպես էլ տնտեսապես աննպատակահարմար է վերագործարկել կայանը: Ատոմակայանի տնօրենը կայանի վերագործարկումը պայմանավորում է միջուկային վառելիքի հարցի լուծմամբ. «Եթե ամեն ինչ լավ ընթանա, ամռանը կաշխատենք»: Նաեւ գազի ծավալների կրճատումն այս պահին դեռ խնդիրներ չի առաջացրել ներքին շուկայում, սակայն դրանք կարող են լինել, եթե առաջանա գազով էլեկտրաէներգիա արտադրելու անհրաժեշտություն: Առայժմ, ըստ էներգետիկայի նախարարության տվյալների՝ կլիմայական պայմանները բարենպաստ են հիդրոէլեկտրակայանների գործունեության համար, եւ էներգաարտադրության դեֆիցիտ չի սպառնում: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել