Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԱՌԵՐԸ՝ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴԿԱՆՑ

Ապրիլ 05,2003 00:00

ԾԱՌԵՐԸ՝ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴԿԱՆՑ Իսահակյան փողոցում՝ մետրոյի «Երիտասարդական» կայարանի դեմ դիմաց իրականացվող այս շինարարությունը միանգամայն բարի ու անկեղծ նպատակ ունի։ Նախկինում «Զոովետ» ինստիտուտին իբրեւ հանրակացարան ծառայած կիսակառույցին սպառնում է բազմաբնակարան բնակելի շենք դառնալու հեռանկարը։ Մեր ունեցած այդ տեղեկությունը հաստատեց նաեւ քաղաքապետարանի ճարտարապետաշինարարական վարչության պետի պաշտոնակատարի օգնական Արթուր Մանուկյանը։ Իսկ նույն վարչության պետի տեղակալ Բորիս Քոչարյանին, պարզվեց, որ հայտնի էր միայն իրականացվող շինարարության փաստը. ո՞վ, ինչպե՞ս, ինչո՞ւ հարցերի պատասխաններից պարոն Քոչարյանը մեզանից էլ անտեղյակ էր։ Եվ քանի որ ԽՍՀՄ փլուզումից հետո կիսակառույցը մի քանի անգամ վերավաճառվել էր, պետի պաշտոնակատարի օգնականի միջոցով չհաջողվեց ճշտել ներկայիս տիրոջ անունը։ Ի գիտություն անտեղյակ պաշտոնյաների. մեր ունեցած տեղեկություններով, ոչ միայն կառույցի, այլեւ նրան հարող տարածքի՝ այդ թվում նաեւ մայթի այդ հատվածի ներկայիս տերը «Պրոմեթեւս» ընկերության նախագահ Սենիկ Գեւորգյանն է։ Ընդ որում, արդեն իսկ շրջանառվում է այն տարբերակը, որ վերջնական տեսք ստանալուց հետո, բազմաբնակարան անվանված այդ շենքը՝ արժանանալու է գրասենյակային նպատակով վարձով տրվելու պատվին։ Ի դեպ, միանգամայն տրամաբանական տարբերակ է, եթե նկատի առնենք կառույցի գտնվելու վայրը։ Իսկ մինչ այդ արձանագրենք, որ բազմաբնակարան շենք դառնալու ակնկալիքով կառույցի աշխատանքները սկսելու համար արդեն իսկ «իրենց կյանքն են զոհել» 52 դեկորատիվ ծառեր։ Նույն «քայլին» են պատրաստվում դիմել նաեւ մայթի ծառերը, որոնք հայտնվել են «շինհրապարակը» շրջակա տարածքից մեկուսացնող պարսպի մեջ։ Դիմացի մայթին, մետրոյի հարեւանությամբ գտնվող 8-9 ծառ եւս ժամանակից շուտ դադարել են իրենց կոչմանը ծառայելուց՝ մոտ մեկ տարի առաջ։ Մետրոյի՝ հանրամատչելի լեզվով ասած, «շիտավոյի» (որի գոյության նպատակն է ապահովել մետրոն դրսի ջրից պաշտպանելու ֆունկցիան) մի հատվածը՝ «դիսպետչերական» փաստաթղթի ձեւակերպմամբ, ծառայում է իբրեւ առեւտրի կրպակ՝ հակասանիտարական բոլոր պայմաններով։ Մինչդեռ, իբրեւ ստրատեգիական կառույցի, մետրոյի տարածքում արգելվում է 15-20մ շառավղով որեւէ կառույցի գոյությունը։ Այսքանով, սակայն, մեր մայրաքաղաքի այդ թիզ հողի ոդիսականը չի ավարտվում։ Գործին խառնվել են դատախազությունից ինչ-ինչ մարդիկ եւ տարածքին սպասում է առեւտրի մեծ տաղավար դառնալու հեռանկարը։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել