Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ հավակնոտ նախագիծ է»

Ապրիլ 09,2003 00:00

«Շատ հավակնոտ նախագիծ է» «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին ասաց Շվեդիայի Հավասար իրավունքների օմբուդսմեն Քլաես Բորքստրոմը եւ շնորհավորեց հայաստանցիներին այն ունենալու կապակցությամբ։ Օրենքի նախագիծը երեկ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակում ներկայացրեց ԱԺ տնտեսագիտական վերլուծության վարչության պետի տեղակալ Արթուր Թամազյանը։ Նրա կարծիքով այն ներառում է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին անհրաժեշտ բոլոր կետերը։ Այն ընդունվել է միայն առաջին ընթերցմամբ, սակայն ինստիտուտի մեկնարկը հնարավոր կլինի միայն Սահմանադրության փոփոխությունների ընդունումից հետո, քանի որ գործողը նման ինստիտուտի գոյություն չի նախատեսում։ ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանը հյուրերին հայտնեց, որ օրենքը վերջնականապես կընդունի արդեն հաջորդ գումարման ԱԺ-ն, աշնանը։ «Այնպես որ բավական ժամանակ ունենք բոլոր առաջարկ-փոփոխությունները մտցնելու օրենքի վերջնական տարբերակ»,- ոչ միայն օրենքի վերջնական տարբերակի, այլեւ պատգամավորության սեփական երկարակեցության մեջ վստահ ասաց Վ. Բոստանջյանը։ Առաջարկներ ներկայացված տարբերակին շվեդ հյուրերը ունեին։ Մասնավորապես, Շվեդիայի խորհրդարանական օմբուդսմենի գրասենյակի արտաքին բաժնի պետ Մարիան վոն դեր Էսշը առաջարկեց քննարկել մարդու իրավունքների պաշտպանի՝ մի քանի տեղակալների գործունեության անհրաժեշտությունը։ Շվեդիայի օրինակի հիման վրա առաջարկվեց հանել մարդու իրավունքների պաշտպանի տարիքային սահմանափակումը՝ այն դիտարկելով իբրեւ մարդու իրավունքների խախտում։ Իսկ որ ավելի էական է, Շվեդիայում մարդու իրավունքների խախտման մասին բողոքով կարող է հանդես գալ ցանկացած անձնավորություն եւ ոչ թե անպայման այն անձը, ում նկատմամբ խախտում է կատարվել կամ նրա ներկայացուցիչը, ինչպես այս նախագիծն է նախատեսում։ «Ինձ թվում է, այսօր Հայաստանի Հանրապետությունում հնարավոր չէ ընդունել օմբուդսմենի մասին օրենք, համաձայն որի, կնշանակվեր անկախ օմբուդսմեն։ Քանի որ անկախ օմբուդսմեն չի լինելու, նշանակում է՝ արատավորվելու են ե՛ւ օմբուդսմենի գաղափարը, ե՛ւ օրենքն ինքը»,- օրենքի նախագծի մասին դիտողություններ անելու մեր խնդրանքին պատասխանեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։ Նա անընդունելի է համարում նաեւ այն առաջարկությունը, որ օմբուդսմենն անպայման պետք է իրավաբան լինի. «Իրավաբանի եւ իրավապաշտպանի միջեւ էական տարբերություններ կան։ Իրավաբանը գործում է մարդու կողմից մտածված, շարադրված օրենքների շրջանակներում, իսկ իրավապաշտպանը գործում է ի վերուստ տրված օրենքների շրջանակներում։ Ոչ մի իրավաբան, դատապաշտպան չի գնա մեկուսարանի մոտ, ձեռքերը փշալարով չի կապի՝ ասելով, որ ինքը բողոքում է ինչ-որ մեկին բանտից ազատելու համար։ Իսկ իրավապաշտպանը ազատ կարող է այդ գործողությանը դիմել»։ Պրն Հարությունյանը չի կարծում, թե իրավաբանը չի կարող իրավապաշտպան լինել. «Ուղղակի ես չեմ տեսել»։ Նախագծում առկա կետը՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից քննարկման ոչ ենթակա բողոքների դեպքերի մասին, մտահոգություն է առաջացնում ոչ միայն լրագրողների մեջ։ «Երբ խոսքը ընդհանրապես մարդու իրավունքների պաշտպանին է վերաբերում, ենթադրենք, Ֆրանսիայում, Գերմանիայում, դա հասկանալի է։ Երբ խոսքը վերաբերում է Հայաստանին, այդ ժամանակ սկսում ես վախենալ. մտածում ես, իսկ չե՞ն մտցնի մի հսկայական ցանկ այդ կետի տակ եւ չարաշահեն,- գտնում է Վ. Հարությունյանը,- մեր իրականությունն ասում է, որ մենք մոտ ապագայում չենք կարող ունենալ հեղինակություն վայելող մարդու իրավունքների պաշտպան»։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել