Լրահոս
Օրվա լրահոսը

ՋՈՒՐ՝ ԽԵԼՔԻ ԴԻՄԱՑ

Ապրիլ 09,2003 00:00

ՋՈՒՐ՝ ԽԵԼՔԻ ԴԻՄԱՑ Կամ՝ «Ջուր եմ ծախում, սառը ջուր, իմ ուղեղով այս պուճուր» երգը՝ ՀՀ կառավարության երգչախմբի կատարմամբ «Կարկուլյատրով» կամ մի թուղթ ու մի գրիչ վերցնելով կատարենք հետեւյալ հաշվարկը: 1 խորանարդ լիտր (1000 լիտր) ջրի սակագինը Հայաստանի Հանրապետությունում 56 դրամ է, 1 ամսվա ջրի սակագինը 1 անձի համար սահմանված է 420 դրամ, ըստ որի. 1 անձի «օգտագործած» խմելու ջրի քանակը 1 օրում ստացվում է 0,25խմ կամ 250 լիտր, 1 անձի «օգտագործած» խմելու ջրի քանակը 1 ամսում ստացվում է 420:56=7,5խմ=7500 լիտր, 1 անձի «օգտագործած» խմելու ջրի քանակը 1 տարում ստացվում է 7,5×12=90խմ=90000 լիտր, 1 անձի «օգտագործած» ջրի քանակը 5 տարում ստացվում է 90 x 5=450խմ=450000 լիտր: Եթե հավատալու լինենք պաշտոնական տվյալներին եւ նախագահական ընտրությունների արդյունքների ԿԸՀ (Կեղծարարներ՝ Ընդդեմ Հայաստանի)-ական թվերին եւ ընդունենք Հայաստանի բնակչության քանակը երեք միլիոն, ապա այդ երեք միլիոնը բազմապատկելով մեկ հայաստանցու մեկ տարվա ընթացքում օգտագործած 90 հազար լիտրով, կստանանք. Հայաստանի ազգաբնակչության օգտագործած խմելու ջրի քանակը 1 տարում՝ 270 միլիարդ լիտր կամ 270 միլիոն խորանարդ մետր, Հայաստանի ազգաբնակչության օգտագործած ջրի քանակը 5 տարում՝ 1 տրիլիոն 350 միլիարդ լիտր կամ 1 միլիարդ 350 միլիոն խորանարդ մետր, Համեմատության համար ասեմ, «Արփա-Սեւան» թունելով տարեկան Սեւանա լիճն է լցվում ընդամենը 165 միլիոն խորանարդ մետր ջուր, իսկ Սեւանա լճի ջրի ծավալն է 31 միլիարդ խորանարդ մետր: Ճիշտն ասած, չդիմացա գայթակղությանը եւ մեր «օգտագործած» ջրի քանակի մասին նամակով դիմեցի հայտնի Գինեսի գրքի համապատասխան հանձնաժողովներին եւ այժմ սպասում եմ նրանց Երեւան ժամանելուն: Այո, թող համայն աշխարհն իմանա մեր նոր «արմենիկում-խմենիկում»-ի մասին ու նախանձից ու վախից պայթի: Նրանք դեռ գլխի չեն ընկել, որ Երեւանում խիտ ցանցով տեղակայված բենզալիցքավորման կայանների ցուցանակները իրենց ապակողմնորոշելու համար են միայն: Իրականում դրանք քաղաքացիների համար ջրալիցքավորման կայաններ են եւ դրանց միջոցով Սեւանից հետո «տիխարի» սկսելու ենք խմել Կասպից լճի ջուրը, հետո անցնելու ենք Սեւ ծովի ջրերին: Ճիշտ է, վերջինը մի քիչ աղի է, բայց, Ջերմուկի հետ «ռազբավիտ» անելով կմարսենք: Դժվար կլինի Պարսից ծոցի ջրի հարցը: Ամերիկացիք կարող է սխալ հասկանան ու պահանջեն Սադամի հետ Քոչարյանին էլ հանձնել: Միայն մեկ հարց է բաց մնում: Այդ ծովերի վրա ջրաչափերը մեր բնակիչների ուժերո՞վ պետք է տեղադրվեն, թե՞ հարակից երկրների բնակիչների՝ «գույք՝ ջրաչափի դիմաց» ֆորմատով եւ «Ջուրը քաշենք միասին» նշանաբանով: Ափսոս, որ այդ ժամանակ որպես գույք մերը մնացած կլինեն միայն Մատենադարանն իրեն հարող տարածքով, նախագահի նստավայրն ու Սովետաշենի հոգեբուժարանը՝ իրենց անձնակազմերով: Եվ փառք ու պատիվ մեր հայրենի կառավարությանը եւ ղեկավարող ու ուղղություն տվող ՀՅԴ կուսակցությանը, որոնք դրսեւորելով իրենց անսահման սերն ի ժողովուրդ, կառավարության 09.12. 02թ. թիվ 1950 հրովարտակով որոշեցին «զիջել» մեր «օգտագործած» 315 միլիարդ լիտր ջրի արժեքի «պարտքը»` գանձելով միայն մնացած 30 տոկոսի՝ 135 միլիարդ լիտր ջրի արժեքը: Կառավարություն ունենք՝ ջրաշխարհը չունի: Եթե հնարավոր լիներ մեր իշխանավորների վրա տեղադրել խելքաչափեր ու սիրաչափեր, ապա այն ժամանակ կհամոզվեինք, թե ի՞նչ խելոք ու ժողովրդասեր են նրանք: Թողած իրենց անձնական գործերը՝ երթուղային տաքսիների գծերը, կազինոների, հասարակաց տների ու կուսակցությունների, շուկաների ու Ազգային ժողովի սեփականաշնորհման հոգսերը, ստվերային ոլորտի վերաբաշխման գզվռտոցը, օրն ի բուն, քափ ու քրտինք թափելով մտածում են մի ժողովրդի մասին, որը վիշապի նման վերջին 5 տարվա ընթացքում խմել է 1 տրիլիոն 350 միլիարդ լիտր ջուր: Սա հո իսկական առաջընթաց է։ Ակամայից հիշեցի 40000 աշխատատեղերի, 14% տնտեսական աճի, 3 մլն-ից ավելի ազգաբնակչության, 1,5 մլն ընտրողների, 68% հավաքած ձայների, մինչեւ 2002 թիվը աղետի գոտին վերականգնելու, առանց խարդախությունների ընտրություններ անցկացնելու, Ղարաբաղը Հայաստանին միացնելու եւ էսէնգեի ամենապուպուշ երկիրը լինելու մասին Գյուլնազ տատի հեքիաթները, որոնք, ըստ իս, նախատեսված են հենց իրենց, հեքիաթասացների մակարդակի լսարանի համար: Հիմա կասեն, թե վիրավորում եմ: Միանգամից պատասխանում եմ. – «Պարոնայք» իշխանավորներ, բավական չէ՞ ժողովրդին հիմարի տեղ դնեք: Մի՞թե չգիտեք նման դեպքերի համար նախատեսված ժողովրդական ասացվածքը՝ հայտնի ընտանի կենդանու եւ նրա սիրած կերակրատեսակի ոչ ճիշտ հասցեագրման մասին: Մի՞թե կառավարությունում չգտնվեց մի գրագետ չինովնիկ, որը հասկանար վերոհիշյալ որոշման (դրա վերջին կետով նույնիսկ վերջնագիր է ներկայացվում ազգաբնակչությանը), մեղմ ասած՝ անգրագիտությունը: Հասկանալի է, որ օգտագործած ջրի դիմաց պետք է վճարվի. շեշտում եմ՝ օգտագործած: Եվ ամեն ոք պետք է վճարի կոնկրետ իր օգտագործած ջրի դիմաց, այլ ոչ թե ջրաշխարհների, ավտոլվացման կետերի, տարբեր տեսակի կասկածելի հանքային ջրերի, հյութերի, գարեջրերի, արտոնյալ վերնախավի ջերմոցների ու բոստանների եւ մյուս այլ ջուր օգտագործողների եւ, ինչու չէ, նաեւ տարբեր ամբիոններից մեզ սուտ խոստումներով ջուր ծեծող պաշտոնյաների ու երկիրն այս թշվառ վիճակին հասցնող ապաշնորհ կառավարության փոխարեն: ՀԱՄԼԵՏ ՄՈՒՐԱԶՅԱՆ Համատիրությունների վրա է ընկած ջրի պայմանագրի կամ «ջրաչափական սարքի տեղադրման պայմանագրի կնքումը։ Որպեսզի քաղաքացին տեղեկանք վերցնի իր ընտանիքի անդամների քանակի մասին, չգիտես ինչ օրենքով (թող ցույց տան) նրանից 1000 դրամ է գանձվում։ Չենք խոսում այն մասին, որ պայմանագիրը կնքելուց հետո ջրաչափ որեւէ տեղից ձեռք բերելը դարձել է պրոբլեմ։ Բայց ինչո՞ւ քաղաքացու վրա դրվեց ջրաչափ ձեռք բերելու եւ տեղադրելու հարցը՝ ոչ ոք չի կարող պատասխանել։ Եղել են դեպքեր, երբ քաղաքացին ջրաչափի փոխարեն (ոչ տեսել է ողջ կյանքում, ոչ օգտագործել) գնել է մի այլ «չափ», սակայն վախենում է ասի։ Մեկ էլ տեսար կիրառության մեջ դնեն հանկարծ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել