Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է

Ապրիլ 15,2003 00:00

ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է ՀՀ Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության գործի կապակցությամբ ՀՀ Գլխավոր դատախազությունն առավել զգուշավոր է եւ գաղտնապահ մի շարք թերթերի (նաեւ «Առավոտի») հետ շփումներում։ «Նախաքննության գաղտնիքի» նկատմամբ նման բծախնդրություն կարծես թե չի դրսեւորվում, երբ խոսք է գնում այն լրատվամիջոցների մասին, որոնց դատախազությունը, հավանաբար, «յուրային» է համարում։ Հիշեցնենք, որ Ջանիկ, Ջոն, Հովհաննես («Ապեր»), Լյովա Հարությունյանները, Գեղամ Շահբազյանը, Սամվել Աբրահամյանը («Ցավ»), Հովիկ Ավագյանը, Ֆելիքս Առուստամյանը, Գրիգոր Պետրոսյանը («Մզդր»), Խաչիկ Ահագինյանը եւ Արմեն Սարգսյանը մեղադրվում են Տ. Նաղդալյանին սպանելու մեջ։ Ապացույցների ձեռքբերման հնարավորությունները, ըստ քննչական խմբի, սպառվել են։ Մեր դիտարկմանը, թե կան իրարամերժ կարծիքներ նախաքննության ավարտի վերաբերյալ, քննչական խմբի ղեկավար Հեկտոր Սարդարյանը պատասխանեց, որ «միջոցներ են ձեռնարկվում օրենքով սահմանված ժամկետում գործի քննությունն ավարտելու համար», սակայն չբացառեց, որ կարող են ի հայտ գալ նոր հանգամանքներ, որոնց արդյունքում ժամկետը կերկարացվի։ Մինչդեռ իր մարտի 22-ի ասուլիսում տուժողի շահերի պաշտպան Ռուբեն Ռշտունին նշեց. «Եթե այս վարկածով է գնում նախաքննությունը, ես կարծում եմ, շատ երկար չի տեւի»։ Առայժմ 6 հատոր է կազմում քրեական գործը։ «Ճի՞շտ է, որ մեղադրյալների պաշտպանները բացարկ են հայտնել վարույթն իրականացնող մարմնին եւ հանդես են եկել իրենց պաշտպանյալների նկատմամբ խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ»։ Մեր այս հարցին քննչական խմբի ղեկավարը պատասխանեց. «ոչ մի միջնորդություն չի եղել»։ Ի դեպ, այս գործով ներգրավված պաշտպանների հարցում էլ կա որոշակի «գաղտնիություն»։ Հայտնի է, որ մեղադրյալ Արմեն Սարգսյանի պաշտպաններն են Հայաստանի փաստաբանների միության փաստաբան Ռոբերտ Գրիգորյանը եւ Հայաստանի փաստաբանների միջազգային միության փաստաբան Հովիկ Արսենյանը։ Հայաստանի փաստաբանների միջազգային միության փաստաբան Ռուբեն Ռշտունին էլ տուժողի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչն է։ Իսկ մնացածները պաշտպաններ ունե՞ն։ Երեկ մենք դիմեցինք Հայաստանի փաստաբանների միության նախագահ Միշա Փիլիպոսյանին՝ ճշտելու համար, թե պետպատվերով քանի փաստաբան է ընդգրկվել սույն քրգործին։ Նա հայտնեց, որ իր միությունից պետպատվերի կարգով ոչ մի փաստաբան չի ընդգրկվել։ Տեղեկացրեց, որ ՀՓՄ 2 փաստաբանները՝ Ռոբերտ Գրիգորյանն ու Հոկտեմբեր Քարամյանը պայմանագրով են իրականացնում պաշտպանություն։ Ռուբեն Ռշտունին, ի պատասխան մեր հարցումների, ասում է. «դեռ ինձ գործի նյութերին մոտ չեն թողել», եւ ինքը ծանոթ չէ դրանց։ Քննչական խմբից փորձեցինք իմանալ, թե «գործի նյութերին մոտ չթողնելն» իրե՞նց խոչընդոտի հետեւանքն է։ Պատասխանեցին, թե՝ «գործի բերումով նա որոշ բաներին ծանոթ է։ Հավանաբար, նպատակահարմար է գտնում գործի նյութերը ստանալ միանգամից եւ ծանոթանալ»։ «Ռ. Գրիգորյանի եւ Հ. Արսենյանի համատեղ ասուլիսի ժամանակ (28 մարտի) այն միտքը հնչեց, որ մեղադրանք է առաջադրվել «անբավարար ապացույցների հիման վրա»։ Ապացույցների մասով եղե՞լ են մինչեւ օրս միջնորդություններ եւ ինչպիսի՞»։ Մեր այս հարցին ի պատասխան՝ քննչական խումբը հայտնեց, որ միջնորդություն այդ մասով նույնպես չի եղել։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել