Լրահոս
Օրվա լրահոսը

ՁՅՈՒԴՈՅԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Մայիս 02,2003 00:00

ՁՅՈՒԴՈՅԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ Մայիսի 3-4-ը «Կ. Դեմիրճյան մարզամշակութային կենտրոնում» անցկացվելու է ձյուդոյի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը։ Այդ առիթով հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանը, նշելով, որ սա ըստ էության անկախացումից հետո Հայաստանում անցկացվող եզակի պաշտոնական խոշոր միջոցառումներից մեկն է, ավելացրեց, որ Եվրոպայի առաջնության անցկացումը համընկնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի հիմնադրման 30-ամյա հոբելյանին։ Առաջին անգամ է մարզաձեւի միջազգային կազմակերպությունն անցկացնում այս տարիքային խմբի Եվրոպայի առաջնություն։ Որոշումն ընդունվել է անցած տարվա դեկտեմբերին՝ Մոնտե-Կառլոյում կայացած Եվրոպական միության համաժողովում, որտեղ էլ անդրանիկ առաջնությունը կազմակերպելու իրավունքը տրվել է Երեւանին։ Պարոն Ավետիսյանը տեղեկացրեց, որ կազմկոմիտեն հրավերներ է ուղարկել Եվրոպայի շուրջ 40 երկիր։ Երեկվա դրությամբ իր մասնակցությունը պաշտոնապես հաստատել է 20 երկիր։ Պատճառաբանելով, թե ինչո՞ւ որոշ երկրներ առայժմ դեռ չեն կողմնորոշվել, Ա. Ավետիսյանը դա կապեց իրաքյան պատերազմի հետ։ «Շատերն այն համոզմանն էին, որ Հայաստանը գտնվում է պատերազմական իրադարձությունների վտանգավոր գոտում,- ասաց նա։- Սակայն մարզաձեւի Եվրոպական միության ներկայացուցիչները, անձամբ լինելով Երեւանում, համոզվեցին, որ այդպես չէ, Հայաստանը խաղաղ, անվտանգ երկիր է, որ այստեղ առկա են առաջնությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու բոլոր պայմանները եւ իրենց համոզմունքը պաշտոնապես արտահայտել են։ Ու դրանից հետո մասնակցել որոշեցին նաեւ Գերմանիան, Անգլիան։ Դեռ ժամանակ կա։ Հուսանք, որ մյուս երկրներն էլ կհետեւեն նրանց օրինակին»։ Լրագրողները հետաքրքրվեցին, թե կազմկոմիտեն հրավիրե՞լ է Ադրբեջանին ու Թուրքիային։ Պարոն Ավետիսյանը պատասխանեց, որ առաջին հրավերներից մեկը հենց Ադրբեջան է ուղարկվել։ Նրանք նախապես խոստացել են, որ անպայման կմասնակցեն։ Ի դեպ, պատանիների Եվրոպայի առաջնությունը նշանակված է օգոստոսին՝ Բաքվում։ Մենք նրանց տվել ենք անվտանգության բոլոր երաշխիքները։ Բայց առայսօր ադրբեջանական կողմը դեռ կոնկրետ վերջնական պատասխան չի տվել։ Նույն բանը կատարվել է նաեւ Թուրքիայի հետ։ Բայց այնտեղ որոշ քաղաքական իրադարձություններ են տեղի ունեցել. կառավարության փոփոխության հետեւանքով մարզաձեւի ֆեդերացիայի նախագահը լուրջ խնդիրներ ուներ։ Եվ Թուրքիան էլ առայժմ լռում է։ Այն հարցին, թե առաջնությունում Հայաստանը ովքե՞ր են ներկայացնելու եւ մեդալների ակնկալիքներ ունե՞նք, հետեւեց պատասխանը. «Մասնակցելու ենք տղաների եւ աղջիկների ամբողջական կազմերով՝ 7-ական մասնակից եւ, անշուշտ, սպասում ենք մեդալների, հատկապես տղաներից, որոնցից մի քանիսն արդեն հասցրել է իրեն լավագույն կողմերով դրսեւորել միջազգային տարբեր մրցաշարերում»։ Ալեքսան Ավետիսյանը, հուրախություն բոլորի, հայտարարեց նաեւ, որ նախատեսվում է ապագայում ավելի ներկայացուցչական մրցաշարեր կազմակերպել Հայաստանում։ Մասնավորապես, Ձյուդոյի եվրոպական ֆեդերացիայի ղեկավարության՝ Հայաստան կատարած այցելություններից մեկի ժամանակ նրանց ընդունել է մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի փոխնախարար, ՀԱՕԿ-ի նախագահ Իշխան Զաքարյանը։ Բանակցությունների արդյունքում նախնական համաձայնություն է ձեռք բերվել 2006թ. ձյուդոյի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը Երեւանում անցկացնելու մասին։ Հույս արտահայտվեց նաեւ, որ այդ հարցի վերջնական պատասխանը՝ դրական, կտրվի մայիսի 3-4-ին։ Միանշանակ է, որ նման կարգի առաջնությունների կազմակերպման կարեւորագույն նախապայմանը բարձրորակ մարզագույքի առկայությունն է եւ տեխնիկական հագեցվածությունը։ Այս մասին պարոն Ավետիսյանն ասաց, որ Մոսկվայից ստացվել է չորս տատամի, որ արտադրվել է Գերմանիայի առաջատար ֆիրմաներից մեկում։ Դրանք համապատասխանում են որակի միջազգային պահանջներին։ Դա հնարավոր է եղել շնորհիվ սպորտի պետական կառույցի, որը պահանջվող գումարները հատկացրել է ներկայումս պետականորեն հաստատված ու գործող գույքային ծրագրի միջոցներից։ Նմանակերպ Հայաստան են բերվել էլեկտրոնային լուսատախտակներ ու կշեռքներ։ Ճիշտ է, դրանք առայժմ մաքսային գոտում են, բայց այսօր-վաղը դուրս կբերվեն ու կտեղադրվեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել