Լրահոս
Օրվա լրահոսը

ՋՆՋԵՆՔ ՊԱՐՏՔԵՐՆ ՈՒ ՆՈՐԻՑ ՍԿՍԵՆՔ

Մայիս 03,2003 00:00

ՋՆՋԵՆՔ ՊԱՐՏՔԵՐՆ ՈՒ ՆՈՐԻՑ ՍԿՍԵՆՔ Նախընտրական շրջանում իշխանությունները դառնում են անսահման բարի ու առատաձեռն։ Ժողովուրդն արդեն տեղյակ է դրանից ու ձգտում է իր խնդիրների լուծման համար ձեռքից բաց չթողնել հարմար պատմական պահը։ «Ես դիմում եմ գրել կառավարությանը, մինչեւ հիմա ուր դիմել եմ՝ մերժել են, հիմա հույս ունեմ՝ կլուծվի»,- երեկ կառավարության շենքի մոտ ասաց Ծովակալ Իսակովի փողոցի 50/3 շենքի 1-ին բնակարանի բնակիչ Պարգեւ Վարդանյանն է։ Նրա տղան զոհվել է արցախյան պատերազմում՝ 1993-ին։ Պարգեւը երկրորդ կարգի հաշմանդամ է, կնոջ հետ ապրում են մենակ։ Նրանց խնդիրը հիմնովին քայքայված պատերով ու հատակով բնակարանի վերանորոգումն է։ Ամուսինները խնդրել են գումար կամ շինանյութ, մնացածն իրենք կանեն, միայն թե «տան խոնավությունը վերանա ու ծնկների ցավը թեթեւանա»։ Կառավարության շենքի առջեւ երեկ հավաքվել էին նաեւ զոհված ազատամարտիկների մայրերի, կանանց ու այլ հարազատների մի մեծ խմբի հետ։ Նրանց պահանջը կապված էր էլեկտրաէներգիայի 50% պետական դոտացիայի չվճարման հետ, ինչի պատճառով զրկվել էին հոսանքից։ Մի մասն էլ դժգոհ էր թոշակների չափից ու վատ վճարումից։ Բայց քանի որ այս ամիս ընտրություններ են լինելու, կառավարության շենքից բողոքողները հեռացան գոհ ու բավարարված, որովհետեւ «պարոն Մարգարյանն անձամբ ընդունեց մեզ ու խոստացավ, որ մեր պահանջը կբավարարի»։ Այնպես որ, եթե ինչ-որ խնդիր կա, քաղաքացիները պետք է շտապեն լուծել այն մինչեւ մայիսի 25-ը:8221 Վարչապետը երեկ գթասիրտ էր ոչ միայն զոհված ազատամարտիկների հարազատների հանդեպ։ Մինչ նրանց հետ հանդիպումն անցկացրած կառավարության նիստում վարչապետի գլխավորությամբ ընդունվել էին շուրջ 3 տասնյակ որոշումներ, որոնց մեծ մասը ֆինանսական հատկացումների մասին էին։ Այդ մասին «ավետիս»-ը լրագրողներին հասավ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի միջոցով։ Կառավարությունն, ի թիվս այդ որոշումների, ընդունել էր նաեւ մինչ այդ նախադեպը չունեցող մի որոշում նախորդ բոլոր տարիներին կուտակված բյուջետային ներքին պարտքերի մարման մասին։ «Մինչ օրս եղել են որոշումներ մասնակի մարումների մասին, իսկ այս որոշումով ՀՀ կառավարությունն իր պարտքերը բերում է գրեթե զրոյական մակարդակի վրա»,- տեղեկացրեց գլխավոր գանձապետը։ Պարտքի ընդհանուր գումարը կազմում է 5 միլիարդ դրամ, հաշվարկն արվել է ըստ բյուջետային հիմնարկների ներկայացրած հաշվետվությունների։ Կառավարությունը հատկացումներն արել է ոչ թե ըստ ոլորտների, այլ՝ ըստ ծախսերի դասակարգման։ Հատկացված գումարը հիմնականում ուղղվել է ապրանքների եւ ծառայությունների դիմաց կուտակված պարտքերի մարմանը։ Ծառայությունների ցանկից դուրս են մնացել միայն էլեկտրաէներգիայի, ջրմուղ-կոյուղու եւ ջեռուցման համար արված ծախսերը։ Այդ ծառայությունների դիմաց պարտքի մարման ժամկետն անհայտ է։ Առայժմ չի մշակված նաեւ 5 միլիարդ դրամի հատկացման համամասնությունն ըստ եռամսյակների կամ ամիսների։ Պարոն Ջանջուղազյանը պարզաբանեց գումարների վճարման ուշացման դեպքում վնասի հատուցման կարգը, որը հիմնվելու է տնտեսվարող սուբյեկտի եւ պետության միջեւ կնքված պայմանագրի վրա։ Թեպետ հասկանալի է, որ տնտեսվարող սուբյեկտներն արդեն գոհ կլինեն տարիներով կուտակված անհույս պարտքը միանգամից ստանալու համար։ Գլխավոր գանձապետին քիչ էր հետաքրքրում նաեւ, թե բյուջեից ստացած գումարն ինչպե՞ս կբաշխվի տեղերում՝ աշխատավարձի համա՞ր, թե՞ այլ նպատակով։ Նա չցանկացավ «մանրանալ» ու հատ-հատ նշել, թե որ ուղղությամբ ինչքան պարտք էր կուտակել կառավարությունը, որովհետեւ «ծախսերը կես հազարից ավելի էջ են կազմել»։ Իսկ թե «գրեթե զրոյական մակարդակի» բերված պարտքի սանդղակն այսուհետեւ կմնա նույն ցուցանիշի վրա, թե կաճի, պարոն Ջանջուղազյանը զգուշացրեց, որ «ես շատ զգույշ կլինեի, որ ստանձնեի մարգարեի դերն ու խոստանայի, որ բյուջեն էլ պարտք չի կուտակի»։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել