Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐԱՊԵՏԻՉԸ ՓՈԽՈՒՄ Է ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Մայիս 07,2003 00:00

ԿԱՐԱՊԵՏԻՉԸ ՓՈԽՈՒՄ Է ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վերջերս Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը մամուլով հայտարարել էր, որ համամասնական կարգով խորհրդարանում չընդգրկվելու դեպքում իր մանդատը վայր կդնի (եթե ինքն ընտրվի մեծամասնական կարգով)։ Երեկվա դրությամբ պրն Կարապետյանը խոստովանեց, որ փոխել է իր այդ մտադրությունը, քանի որ «եթե ես հրաժարվեմ, շատերը կուրախանան։ Այդ պատճառով պայքարելու եմ մինչեւ վերջ»։ Որպես պայքարի ձեւ, այս կուսակցությունը եւս ընտրել է իրենց մասին պատմող բուկլետների տարածումը, ՀՀ մարզերում ընտրազանգվածի հետ հանդիպումները, սեփական՝ ԱԼՄ հեռուստաընկերության եթերով հեռարձակվող գովազդային տեսահոլովակների ցուցադրումը։ Ի դեպ, ԺԿ առաջնորդը նշեց, որ Ազգային հեռուստատեսության տրամադրած անվճար եթերաժամից իրենք չեն օգտվում. «Ես շատ զբաղված եմ, իսկ այնտեղ խիստ համակարգված է, եթե այսօր չգաս, քո ժամը չես կարող փոխել։ Նաեւ կարծում եմ, որ եթե Ազգային հեռուստատեսությամբ ես գովազդվեմ, կարող է հակառակ ազդեցություն ունենալ»։ Տ. Կարապետյանն իրեն սատարող անձանց հետ արդեն հանդիպել է Արարատի, Արագածոտնի, Կոտայքի մարզերի բնակչության հետ։ Սակայն, կուսակցության նախագահի խոսքերով, նախատեսել են այսպիսի այցելությունները սահմանափակել. «Մարդիկ գործից, դաշտից կտրվում, գալիս են այս կամ այն կուսակցությանը լսելու, եւ ամբողջ օրը կորցնում են»։ Ընտրողների հետ հանդիպման ժամանակ ԺԿ առաջնորդը խոստանում է հետամուտ լինել սոցիալ- տնտեսական, կենցաղային հարցերին, որոնք, նրա բնորոշմամբ, «փոքր քաղաքականություն են»։ Տ. Կարապետյանի հավաստմամբ, ինքն ընդհանրապես որդեգրել է ընտրակաշառք չբաժանելու սկզբունքը։ Սակայն, նրա պատմելով, նույնիսկ այս մասին մեկ ժամ ճառ լսելուց հետո էլ մարզերում բնակիչները մոտենում են եւ հարցնում, թե իրենց ի՞նչ են բաժանելու։ Կուսակցության բյուջեի մասին քչախոս էր։ Միայն ասաց, որ կուսակցության շարքերում կան գործարարներ, քաղաքացիներ, որոնք օգնում են։ «Իսկ Վեդիում, բնակիչների հետ հանդիպման ժամանակ մի տարեց մարդ իր թոշակն էր ցանկանում նվիրաբերել կուսակցությանը»,- ասաց Տ. Կարապետյանը։ Լ. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել