Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ՝ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ԲԹԱՄՏՈՒԹՅՈՒՆԻՑ

Մայիս 10,2003 00:00

ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ՝ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ԲԹԱՄՏՈՒԹՅՈՒՆԻՑ Իրավաբանի բաց նամակը ՀՀ նախագահին Երբ քաղաքացին անարդարության զգացումով է դուրս գալիս դատական նիստերի դահլիճից, ապա կամա թե ակամա այդ անարդարության զգացումը եւ դժգոհությունը տարածվում են պետական իշխանության եւ ՀՀ նախագահի քաղաքականության վրա։ Քաղաքացին, անկասկած, դժգոհ է մնալու ողջ պետական իշխանությունից եւ դատական իշխանությունը ձեւավորող մարմիններից, երբ, օրինակ, դատավորը գործի համար վճռական նշանակություն ունեցող ապացույց ձեռք բերելու վերաբերյալ միջնորդությունը մերժում է, նշելով, որ մյուս կողմը առարկեց միջնորդության դեմ, կամ, մեկ այլ դեպքում, միջնորդությունը մերժում է, նշելով, որ միջնորդությունը հակասում է օրենքին, առանց նշելու, թե ո՞ր օրենքին եւ օրենքի ո՞ր հոդվածին է այն հակասում։ Ձեր ելույթներում նշում եք, որ օրենսդրական բազան հստակեցվում է, օրենքի բացերը լրացվում են, որը սահմանափակում է չարաշահումների հնարավորությունները։ Սակայն իրավական իդեալիզմ կարող է որակվել, եթե հույսներս դնենք միայն օրենքների վրա։ Չպետք է մոռանալ, որ օրենքներ կիրառողը մարդիկ են՝ պետական մարմինները եւ պաշտոնատար անձինք։ Ժամանակակից իրավագիտությունը առանձնացնում է դատավորների անկախության նոր ձեւեր, մասնավորապես՝ անկախությունը տգիտությունից կամ բթամտությունից։ Իր մասնագիտությունից անտեղյակ դատավորը, բնականաբար, չի կարող ապահովել քաղաքացիների արդար դատաքննության իրավունքը։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր Հր. Շաքարյանը նշում է. «Կարելի է պնդել, որ ոչ պրոֆեսիոնալը, չբացահայտված կամ չկայացած անհատականությամբ հանդերձ, պորտաբույծ կարող է դիտվել ժամանակի հասարակական կառուցվածքում»։ Պորտաբույծները դատական համակարգում տեղ չպետք է ունենան։ Մեկ կարեւոր հանգամանքի մասին եւս։ Նոր դատական համակարգի ձեւավորման ժամանակ, ինչպես նաեւ կադրային քաղաքականության ժամանակ, անտեսվեցին նոր նշանակվող դատավորների հոգեբանական առանձնահատկությունները։ Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ երկար տարիներ օպերատիվ-հետախուզական, մեղադրական գործունեություն իրականացնող մարդու մեջ ձեւավորվում են կաղապարներ, որոնցից ազատվելը բավականին բարդ է՝ եթե ոչ անհնար։ Նախկին ոստիկանին կամ դատախազին, առանց հոգեբանական դիրքորոշումները ուսումնասիրելու, դատավորի կարգավիճակ տալը՝ նշանակում է անտեսել հոգեբանության կանոնները։ Սրանով է պայմանավորված նրանց մեղադրական հակումը, որն արդար դատաքննության իրավունքի իրականացման գլխավոր խոչընդոտներից է։ Նախկին ոստիկանը կամ դատախազը, ունենալով մեղադրական դիրքորոշում, չի կարող ապահովել մրցակցությունը եւ կողմերի միջեւ իրավահավասարությունը։ Պարոն նախագահ, կադրային քաղաքականության ժամանակ կարեւոր նշանակություն պետք է տրվեր իրավական եւ լեգիստական մտածելակերպի տարբերությանը։ Նոր ժամանակի դատավորը պետք է ընկալի իրավունքի՝ որպես ազատության, արդարության եւ հավասարության գաղափարը։ Իրավական դիրքորոշում ունեցող դատավորը կարող է պատշաճ գնահատել մարդու իրավունքները, ազատությունը՝ որպես բարձրագույն արժեք։ Իրավունքի գաղափարը ընկալող դատավորը չի կարող անպատասխանատու մոտենալ, երբ քննարկվում է մարդուն ֆիզիկական ազատությունից զրկելու հարցը, չի կարող նշել, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս նկատի է ունեցել բոլոր այն հիմքերը, որոնք հիմք են տալիս մտածելու… Դուք հաճախ՝ որպես օրինակ, բերում եք Թուրքիան, որը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա հսկայական պարտքեր է կուտակել իր քաղաքացիների առջեւ։ Իմ աշխատանքը անմիջապես կապված է Եվրոդատարան դիմելու բողոքների կազմման հետ։ Ձեզ հավատացնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը Թուրքիային այդ հարցում շատ չի զիջի։ Այս կարճ ժամանակահատվածում կան դատավորներ, որոնց դատական ակտերի դեմ արդեն երկու-երեք բողոք է ուղարկվել Ստրասբուրգ՝ արդար դատաքննության իրավունքի խախտման հիմքով։ Դատավորները պետք է գիտակցեն, որ պետության վճարած գումարները հետադարձ կարգով գանձվելու են իրենցից։ ԱՐԹՈՒՐ ՂԱՄԲԱՐՅԱՆ Իրավաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել