Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ

Մայիս 13,2003 00:00

ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ «TV-5»-ի եթերում, որը երբեւէ քաղաքական հաղորդումներ չէր հեռարձակում՝ հայտնվել է Համլետ Ղուշչյանը՝ իր «Օրը» ծրագրով, եւ հարցազրույցներ է անցկացնում հիմնականում պատգամավորության թեկնածուների հետ: Ի դեպ՝ առանց պահպանելու «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի պահանջը, ըստ որի՝ նման զրույցները պիտի ուղեկցվեն «Նախընտրական քարոզչական հաղորդում» կամ «Քաղաքական գովազդ» լուսագրերով: Նախընտրական այս շրջանում շատ հեռուստաընկերություններ, որոնք ինչպես օձը դաղձից՝ փախչում էին քաղաքականությունից, այժմ ոչ առանց համապատասխան վճարի՝ իրենց եթերը տրամադրում են քաղաքական գործիչներին: Ասենք՝ «ԱրմենԱկոբն» անգամ համապատասխան հաղորդաշար սկսեց՝ «Խոսք», որը նույն կերպ խախտում է օրենքը, կամ՝ անգամ «Ստերեո ստուդիայով» է Սերգեյ Երիցյանը քարոզում «Օրինաց երկիրին»: Վերջինս, նաեւ՝ ՀԺԱՄ-ն ու ՀՌԱԿ-ը, այժմ ուղղակի վերածվել են եթերային ահաբեկիչների՝ բոլո՛ր հեռուստաալիքներում նրանք են, օրվա բոլո՛ր ժամերին: Այս ամենը ստիպեց հիշել ոչ վաղ անցյալի իրադարձությունները՝ նախագահի ընտրությունը, երբ մի շարք հեռուստաընկերություններ (նույն «ԱրմենԱկոբը», «TV-5»-ն ու «Երեւանը») ընդհանրապես հրաժարվեցին եթեր տրամադրել քաղաքական գովազդի համար: Իսկ մնացած 5-ն այդ գովազդի համար սահմանեցին խիստ բարձր գին՝ 120 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (այժմ նույն այդ հեռուստաընկերություններից մի քանիսը քաղաքական գովազդի 1 րոպեն վաճառում են 30-40 դոլարով) եւ պայմանավորվեցին չտրամադրել 80 րոպեից ավելի եթերաժամ: Իսկ ի՜նչ վեհ նպատակներով էին բացատրում այս որոշումը: «Պրոմեթեւս»-ի տնօրեն Սամվել Մայրապետյանը, ասենք, հայտարարում էր, թե այս պայմանավորվածությունը բխել է հեռուստադիտողի շահը պաշտպանելու մտահոգությունից, քանի որ եթերը քարոզչական նյութերով հեղեղելը նշանակում է՝ զրկել սիրված հաղորդումները տվյալ ժամին դիտելու հնարավորությունից. «Ողջ ժողովուրդն անհամբեր չի նստել ու սպասում, թե նախագահի որ թեկնածուն ինչ է ասելու: Դա կարող է տեւել 2 օր, 3-րդ օրն արդեն ռուսական հեռուստաալիքներն ավելի գրավիչ կդառնան, իսկ իրավիճակը շտկելու համար կպահանջվի առնվազն 6 ամիս»։ Նույն մտահոգությունը հայտնում էր նաեւ «Շանթ» հեռուստաընկերության նախագահ Արթուր Եզեկյանը՝ հավելելով, որ սահմանված պայմանները չեն կարող դիտվել որպես ընդդիմադիր թեկնածուների իրավունքները միտումնավոր սահմանափակելու փորձ, քանի որ դա տարածվում է նաեւ գործող նախագահի քարոզչության վրա։ Ռոբերտ Քոչարյանը եթեր գնելու կարիք չուներ՝ այս բոլոր հեռուստաընկերությունները նրան ձրի էլ էին տալիս: Սահմանափակումներն ազդեցին հատկապես ընդդիմադիր թեկնածուների վրա: Իսկ թե որքան սնանկ էին բոլոր այն պատճառաբանությունները, որոնցով փորձում էին արդարացնել այդ սահմանափակումները՝ կարելի է համոզվել այժմ, երբ հեռուստաընկերություններից եւ ոչ մեկն այլեւս չի մտահոգվում հեռուստադիտողի շահերի մասին: Թերեւս ենթադրում են, որ նախագահի թեկնածուների խոսքին անհամբերությամբ չէին սպասում, իսկ պատգամավորության թեկնածուներին սպասո՞ւմ են: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել