Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՂԹԱՆԱԿԸ ԾՆՈՂՆԵՐ ՇԱՏ ՈՒՆԻ.

Մայիս 13,2003 00:00

«ՀԱՂԹԱՆԱԿԸ ԾՆՈՂՆԵՐ ՇԱՏ ՈՒՆԻ. ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԲ Է» Քարոզարշավի լույսն ու ստվերը Մինչ «Արժանապատվություն, ժողովրդավարություն, հայրենիք» դաշինքի հետ հանդիպելը իջեւանցիները հանդիպել էին Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչների հետ։ «Արժանապատվությունը» այս անգամ էլ բավական ազդեցիկ կազմով ներկայացավ. Լեւոն Խաչատրյան, Գոհար Ենոքյան, Հրաչյա Ներսիսյան, Արմեն Դարբինյան, Լյուդմիլա Հարությունյան եւ Գագիկ Ասլանյան։ Դահլիճում ասեղ գցելու տեղ չկար։ Ոգեւորությունն անսահման էր։ Մարդիկ մոտենում, բեմի վրա համբուրում էին դաշինքի անդամներին։ Տպավորություններն այսպիսին էին։ Էդուարդ Խաչատրյան – Թերթերը քիչ են։ Հեռուստատեսություն ենք նայում։ Իսկ այս հանդիպումը, ասես, մեր սրտից լիներ։ Արմինե Դովլաբեկյան – Առաջին անգամ եմ հանդիպումների գալիս։ Անպայման ընտրելու եմ այս դաշինքին։ Նելլի Բլբուլյան – Լյուդմիլա Հարությունյանը մեծություն է։ Հիմա սուր պայքար է գնում։ Գտնում եմ, որ բոլոր կուսակցությունները պիտի պահպանեն քարոզչության էթիկան։ Մեր ժողովուրդը քաղաքականապես հասուն է, վկա՝ քաղաքապետի վերջին ընտրությունը։ Վարդան Միրզախանյան – Շատ սրտով ուզում էի Լյուդմիլա Հարությունյանին տեսնել։ Նա հայի պատիվը բարձրացնում է։ Օվկիան Օթարյան – Շատ լավ հանդիպում էր։ Կոլյա Ամիրխանյանը «Առավոտի» միջոցով ցանկացավ հետեւյալ հարցերը բարձրացնել. ա) եթե պատգամավորների անձեռնմխելիությունը վերացնեն, հանցագործությունների թիվը ինչքանո՞վ կնվազի, բ) ինչքա՞ն մուտք կլինի բյուջե, գ) ինչո՞ւ են ԱԺ նիստերը «պրավալի» տված պատգամավորներին աշխատավարձ տալիս։ Մի ընտրող վրդովվել էր, որ «բախտ» չի ունեցել ընտրակաշառք ստանալու։ Նա հայտնեց, որ նախորդ օրը ռամկավարները բաժանել են «սապոն, շամպուն» եւ «բոմբոներկա»։ Սելը դեռ ճռռում է Նախորդ ընտրություններում քաղաքական միավորները իրենք էին դժգոհում, որ մեծամասնականի թեկնածուներն են ընտրակաշառք բաժանում, այս անգամ քաղաքական ուժերն իրենք անցել են մեծամասնականի… փոքրամասնականից։ «Արժանապատվություն, ժողովրդավարություն, հայրենիք» դաշինքը եղավ նաեւ «Դատաստանագրքի» հեղինակի՝ Մխիթար Գոշի ծննդավայրում։ Գոշում 380 տնտեսություն կա, Գոշավանքը՝ երկաթե դռներով փակված (որն, ի դեպ, բացվեց դաշինքի համար)։ Զարիկ Գրիգորյանն ըստ էության ինքն է պահպանում Գոշավանքը, շատ քչերն են հավատում Աստծուն։ Եվ, բնականաբար, ընտրություններին հավատալ-չհավատալը դառնում է դժվարին խնդիր։ Խանութի դռանը հավաքված ընտրողներից տեղեկանում եմ, որ գործում է հեռուստատեսային մեկ ալիք՝ «Քոչարյանի ալիքը»։ Թերթեր գյուղ չեն բերվում։ 54 տարեկան մի ընտրող հարցնում է, թե. «Կարո՞ղ ա թոշակի չհասնեմ», ակնարկելով 65-ի սահմանագիծը։ Մի ընտրող էլ նկատում է. «13 տարի ընտրում ենք, ընտրում ենք, սելը դեռ ճռռում է»։ Բազմանդամ ընտանիքի մի հայր էլ դիմում է Գագիկ Ասլանյանին, թե «Արարատի մարզի սալդատներին տեսե՞լ է»։ Պատմում, որ զինվորին նորմալ չեն հագցնում, սնում։ Մինչ խանութի դռանը դաշինքը իր երկխոսությունը կշարունակի՝ մտնում եմ ներս։ Հարցնում, թե «պարտքով շա՞տ են առեւտուր անում»։ Վաճառողը ցույց է տալիս «նիսյայի տետրը»։ Ըստ այդ տետրի (որը խոստացավ «Առավոտ» ուղարկել) 2 մլն դրամի «նիսյայով» առեւտուր են արել։ «Ամենահին» պարտքատերը 1 տարի է՝ չի կարողանում խանութի պարտքը փակել։ Մեզ մոտենում է Անիչկա Սարգսյանը։ 1,5 տարի է թոշակ չի ստանում։ Աշխատել է «Իմպուլս» գործարանում։ Դիլիջանի շտաբականների հոգսերը Իրենց շտաբների եւ տեղական առաջնորդների (կամ լիդերների) հետ ամփոփիչ հանդիպումները խիստ կարեւորում է «Արժանապատվություն» դաշինքը։ Այս անգամ շտաբականները Դիլիջանի քաղաքապետարանի հին մասնաշենքն էին ընտրել։ Ըստ դաշինքը գլխավորող Լ. Հարությունյանի տպավորության, «ժողովուրդը ընտրել չի ուզում, որովհետեւ չի ուզում պատասխանատվություն ստանձնել»։ Հետաքրքիր հարցումներ են անցկացվել վերջերս. «Կանայք ուզո՞ւմ են փոխել երկիրը»։ Հարցին դրական պատասխան է տվել 30%-ը։ Ինչը նշանակում է այս ընտրություններում կանանց մասնակցության ակտիվացում։ Ըստ Լ. Հարությունյանի, կան «ճշմարիտ» եւ «պատեհապաշտ»» ուժեր։ Առաջինները նրանք են, ովքեր գիտեն, որ «պարտությունը որբ է։ Հաղթանակի ծնողները շատ են»։ Շտաբական մեկը պատմեց, որ հանդիպելով մի գործարարի, հարցրել է, թե ինչի՞ն է պետք ԱԺ-ն։ Վերջինս պատասխանել է. «Տամոժնին շատ ա փող վերցնում»։ Հոգեբան մի կին էլ անդամագրվելով դաշինքին, ուշագրավ համեմատություն արեց։ Նա ասաց, որ թռչունների տեսակ կա, որ տաք երկրներ չվելիս թողնում են, որ առջեւից ավագը գնա։ Նրանք կորուստ չեն տալիս։ Կրտսերին առաջ թողնելիս՝ կորուստ են տալիս։ Տավուշի մարզի կանխատեսումների բաժնի նախկին վարիչը հարցնում էր, թե «ինչո՞ւ պիտի ժողովրդավարություն բառը պաշտպանենք ժողովրդից» եւ դեմ արտահայտվելով պատգամավորական անձեռնմխելիությանը, կողմ էր, որ (իբրեւ հակակշիռ) ժուռնալիստներին անձեռնմխելիության իրավունք տրվի։ Հանդիպումներից մեկի ժամանակ մի ընտրող դեմ արտահայտվեց բոլոր թեկնածուներին, չ-թեկնածուներին, հայերին, չ- հայերին։ Երբ Գոհար Ենոքյանն ասաց, թե «ի վերջո, գնա ընտրի, թեկուզ նկարիչների», նա համաձայնեց, թե՝ կընտրեմ, չըմբռնելով, որ խոսքը «քվե նկարողների» մասին էր։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել