Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՆԳԻՑ ՉՈՐՍԸ՝ ՄԵՐ ՄԱՍԻՆ

Մայիս 13,2003 00:00

ՀԻՆԳԻՑ ՉՈՐՍԸ՝ ՄԵՐ ՄԱՍԻՆ «Ես ձեզ պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանում կորում է ավելի շատ գազ, քան մատակարարվում է ժողովրդին»,- Արաբկիր համայնքի իր կուսակիցների հետ երեկվա հանդիպման ժամանակ ասաց ՕԵ նախագահ Արթուր Բաղդասարյանը, «Հայռուսգազարդին» հուշելով նոր աշխատաձեւ՝ «գազը քաշի, հետո ինչ-որ մեխանիզմներով փող հավաքի, ոչ թե ասա՝ փողը տուր, քաշեմ»։ Սկզբունքորեն դեմ լինելով հեղափոխական դիրքորոշմանը, նա գրեթե հեղափոխական կոչ արեց. «Չպիտի մարդը մուծի այն ծառայության դիմաց, ինչն իրեն չի մատուցվել»։ Այսինքն չպիտի մուծենք բնակվարձ, քանի որ ոչ մի շենք ու շինություն կանոնավոր չի նորոգվում կամ՝ չպիտի մուծենք ջրի վարձ, քանի որ 24-ժամյա ջրամատակարարում չենք ունեցել, եւ այսպես շարունակ։ Արթուր Բաղդասարյանի համոզմամբ, իրենք արդեն հաղթել են այս ընտրապայքարում, քանի որ «Վանաձորում մեր հանդիպումից առաջ երեք կուսակցություն արդեն եկել-գնացել էր, յուրաքանչյուրն ունեցել էին 5 ելույթ, որից 4-ը՝ մեր մասին»։ Նա տեղեկացրեց, որ փորձում են խանգարել իրենց, ճնշումներ են գործադրել մանկավարժ կուսակիցների վրա։ «Մի քանի տնօրենների ահաբեկել են, թե՝ գործից կազատենք, ո՞վ է ձեզ ասել՝ մտնեք այդ կուսակցության մեջ»,- ասաց Ա. Բաղդասարյանը։ Նրա ասելով, «դեպքերը շատ են, բայց ես առայժմ չեմ նշում, միայն էդ մարդկանց զգուշացնում եմ, որ ավելի լավ կլինի կանխեն-կասեցնեն իրենց թալանը, ոչ թե մարդկանց ահաբեկեն»։ Խնդրեցինք պարզաբանել վերջերս տարածված լուրն այն մասին, որ իր ղեկավարած ֆրանսիական համալսարանում ֆրանսիական կողմն աուդիտի արդյունքում ֆինանսական չարաշահումներ է հայտնաբերել։ «Ֆրանսիական համալսարանը Ֆրանսիայի կառավարության կողմից ֆինանսավորվող հաստատություն է, բոլոր ֆինանսները տնօրինում է Ֆրանսիական դեսպանատունը, այնպես որ ֆրանսիացին ինքն իրեն աուդիտ չի անի, դա սովորական ընթացակարգ է»,- պատասխանեց նա։ Պարոն Բաղդասարյանն այդ լուրը համարեց իր վարկանիշը սեւացնելու նպատակով տարածած հերյուրանք, ստեղծված չգիտես թե ում կողմից։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել