Լրահոս
Մուրճը եւ խաչը
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆԱՄԵՏՆԵՐՆ ԷԼ ԴԱՐՁԱՆ «ԿՈՒՅՐ»

Մայիս 17,2003 00:00

ԻՇԽԱՆԱՄԵՏՆԵՐՆ ԷԼ ԴԱՐՁԱՆ «ԿՈՒՅՐ» «Արդարություն» դաշինքի երեկվա հանրահավաքի հիմնական թեմաներից մեկը խորհրդարանական ընտրարշավում իշխանամետ ուժերի պահվածքն էր: «Հանրապետության» քաղխորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանն իր ելույթում կանխատեսեց, որ եթե Ռոբերտ Քոչարյանին սատարած ուժերը ստանան ժողովրդի քվեն՝ անկախ նրանց ներկայիս «գլադիատորական մարտերից» եւ միմյանց հասցեին քննադատությունից՝ խորհրդարանում «կազմելու են իշխանամետ մեծամասնություն եւ հլու-հնազանդ կատարելու գործադիր իշխանության հրահանգները»: Բազեյանը հիշեցրեց, որ այդ բոլոր ուժերը նախագահի ընտրության ժամանակ միասնական էին Քոչարյանին իր աթոռին պահելու խնդրում. «Այդ նույն ուժերը, որոնք 2 ամիս առաջ հայտարարում էին, թե կույր պետք է լինել, որպեսզի չտեսնես երկրում տիրող տնտեսական աճն ու առաջընթացը, որ երկրում ընթանում են ժողովրդավարական գործընթացներ եւ այլն՝ այժմ այլ գնահատականներ են տալիս, թե կա սոցիալական ահավոր բեւեռացում, անարդարություններ, կոռուպցիա եւ կաշառակերություն: Իսկ ո՞վ է դրա պատասխանատուն: Գործող նախագա՛հը՝ իր վարչախմբով եւ սատարող քաղաքական ուժերով՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ քանակ են կազմել ԱԺ-ում: Քանի որ պաշտպանել են կեղծիքներով ընտրված նախագահին՝ պատասխանատո՛ւ են այսօրվա իրավիճակի համար»: Հանրահավաքը վարողի՝ Վարդան Խաչատրյանի բնորոշմամբ, թվում է, թե այս ընտրությունում իշխանությունը տարրալուծվել է, ձեռք բերել տարբեր կերպարներ ու դիմակներ, «բայց այնուամենայնիվ՝ չի փոխվել: Հակաժողովրդական ռեժիմը, որպես այդպիսին, չի էլ կարող փոխվել՝ նրա շահերը պարտադիր պետք է արտահայտեն մարդիկ, ովքեր զուրկ են բարոյականությունից: Քանի որ չի կարելի ընդամենը 10 օր առաջ փրփուրը բերանին հայտարարել, թե ներկա ռեժիմի պայմաններում Հայաստանը հասել է ֆանտաստիկ ծաղկման, իսկ այսօր դիմել քստմնելի տրյուկների»: Նա ակնարկեց ՀՅԴ հոլովակը, որտեղ երեխան նայում է ջիպերին. «Մնում է հարցնել այդ կազմակերպությանը, թե այդ երեխայի աչքերով երեւացող անարդարությունը հասարակության մեջ ումո՞վ է պայմանավորված, արդյոք ո՞չ այն ուժերով, որոնց ընդամենը 10 օր առաջ ամեն կերպ սատարում էիք»: ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանն առաջարկեց. «Եկեք պարզ խոսենք. ՀՀԿ-ին ո՞վ է ձայն տալու: Բնական է՝ քչերը: Նույնը վերաբերում է ՀՅԴ-ին եւ այն կուսակցություններին, որոնք սատարում էին Ռոբերտ Քոչարյանին: Ի՞նչ անեն: Ձեւը մեկն է՝ ձեւավորել կեղծ ընդդիմություն, փորձել նրանց, ովքեր մինչ այդ կանգնած էին Ռոբերտ Քոչարյանի կողքին, հիմա ներկայացնել ժողովրդի շահերի պաշտպան»: Սակայն հիշեցրեց, որ այժմ սեփականաշնորհման եւ թալանի դեմ խոսող «Օրինաց երկիրը» «կողմ» է քվեարկել Սահմանադրության այն փոփոխությանը, որով թույլատրվում է Հայաստանի հողը որպես սեփականություն վաճառել օտարերկրացուն: «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը շեշտեց, թե «Արդարություն» դաշինքի պառակտումների մասին լուրերը հորինովի են՝ իրական պառակտումն իշխանության դաշտում է: Նաեւ հեգնեց, թե ժողովրդից քվե ստանալու եւ ընդդիմություն երեւալու համար՝ «4 ամիս առաջ մեզ «կույր» անվանող կուսակցությունների աչքերը բացվել են՝ տեսնում են, թե երկրում կոռուպցիան ո՜ւր է հասել, ժողովուրդն ինչքա՜ն չքավոր է»: Ըստ նրա՝ իրական ընդդիմությունն «Արդարություն» դաշինքն է, որը պայքարեց կեղծիքների դեմ. «Այսօր նույն դաշնակներին պիտի հարցնել՝ նախագահի ընտրությունում խախտումներ եղե՞լ են, թե՞ ոչ, (ի դեպ, դաշնակցականներն ընդունում են, թե եղել են խախտումներ, սակայն միշտ նշում են, թե դրանք եղել են երկկողմանի՝ առանց մատնանշելու ընդդիմության կողմից կատարված գոնե 2-3 խախտման օրինակ.- Ա. Ի.), ժողովրդի կամքն արհամարհվե՞լ է, թե՞ ոչ: Եթե արհամարհվել է, եւ դուք ձայն չեք հանել՝ այսօր ինչպե՞ս եք քվե ուզում նույն ժողովրդից: Նույն «Օրինաց երկիրը», որ ժողովրդի դարդուցավից է խոսում՝ ընտրություններից հետո գոնե մի անգամ չփորձեց ասել, թե այդպես չի կարելի. հաղթանա՜կ էին տոնում, շամպա՜յն էին խմում: Շամպայն խմելու հերթը հասել է մեզ՝ ժողովո՛ւրդ»: «Արդարություն» դաշինքն այժմ բոլոր սոցհարցումներում ամենաբարձր վարկանիշն ունի, եւ Արամ Սարգսյանը խոստացավ, թե հենց ԱԺ-ում մեծամասնություն կազմեն՝ լուծելու են Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկության խնդիրը, եւ եթե ՍԴ-ն նրա համար «1 տարի՝ հարկադիր» է սահմանել, «Արդարություն» դաշինքը կկիրառի համաներում: Իսկ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն ուշադրություն հրավիրեց, որ իշխանամետները՝ խոսելով ծրագրերից՝ «իրար հետ մրցակցում են ընդամենն ընտրակաշառք բաժանելու գործում»: Ի դեպ, Ալբերտ Բազեյանը նշեց, թե անկախ երկրում տիրող մթնոլորտից՝ «Գտնում ենք, որ կան հնարավորություններ՝ նախագահի ընտրության հետ համեմատած՝ քիչ թե շատ արդար ԱԺ ընտրություններ իրականացնել, քանի որ յուրաքանչյուր կուսակցություն լուծում է իր խնդիրը, եւ իշխանությանը սատարող ուժերը փոխադարձաբար վերահսկելու են միմյանց»: Շավարշ Քոչարյանն էլ հույս հայտնեց, թե իշխանամետների շահերի հակադրությունների հետեւանքով՝ հնարավոր է նրանք փորձեն զսպել իրար: Փաստորեն՝ ստացվում է, որ ստացած ձայները պահելու խնդիրը լուծելու առումով՝ ընդդիմության հույսը նաեւ ներիշխանական գզվռտոցներն են: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Հաջորդ հանրահավաքը կայանալու է մայիսի 22-ին ժամը 18:00-ին, որից հետո կայանալու է նաեւ երթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել