Լրահոս
Օրվա լրահոսը

Կապելլային դարձյալ դատի են տվել

Մայիս 20,2003 00:00

Կապելլային դարձյալ դատի են տվել Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբում չեն դադարում ալեկոծությունները։ Արդեն ավարտվել են հովանավորչական գումարների հետ կապված դատավարությունները, սակայն դարձյալ շարունակվում են դժգոհությունները։ Կապելլայի արտիստները բողոքում են ուշացող աշխատավարձերից, համերգներից հետո չվճարված իրենց հոնորարներից։ Մայիսի 1-ին «Գրանդ Հոլդինգի» կազմակերպած համերգի համար, ըստ երգչախմբի մի խումբ երգիչների, վճարվել են բոլոր համույթներն ու արտիստները, իսկ կապելլայում չեն շտապում վճարել։ Ի դեպ, երգիչներից ոմանք մի մտահոգություն էլ ունեն, որ առաջիկայում անցկացվելիք մրցույթը Հովհաննես Չեքիջյանը կօգտագործի դժգոհողների հետ հաշվեհարդար տեսնելու համար։ Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը, սակայն, փորձեց փարատել նրանց մտահոգությունը։ Նա պարզաբանեց, որ կառավարության որոշման համաձայն, բոլոր վերակազմավորված կոլեկտիվների համար մրցույթներն անխուսափելի են, սակայն եթե որոշողն ինքը լիներ, հաստատ մրցույթ չէր անցկացնի. «Կարծում եմ, ներկայումս նպատակահարմար չէ մրցույթի անցկացումը մեր կոլեկտիվում, որովհետեւ շատ ցածր է աշխատավարձը (7200 դրամ)։ Երբ դրանք մի տասն անգամ բարձրացվեին, նոր կարդարացվեր մրցույթի անցկացումը, ինչի արդյունքում հին աշխատողները իրենց տեղը կզիջեին ավելի հարուստ տվյալներով արտիստների»։ Հովհ. Չեքիջյանը վստահ չէ, որ հայտարարված մրցույթը իսկապես կկայանա. «Հրաշք պիտի լինի, որ մարդիկ համաձայնեն գալ կապելլա, այն էլ նման աննշան աշխատավարձով»։ Աշխատավարձերի ու հոնորարների մասին մաեստրոն չցանկացավ խոսել, փոխարենը մատնացույց արեց կապելլայի տնօրենին կամ տեղակալին. «Արդեն 14 տարի է, ես բացարձակ կապ չունեմ գումարների հետ»։ Փոխտնօրեն Յուրի Մխիթարյանը տեղեկացրեց, որ մայիսմեկյան համերգին մասնակցելու համար «Գրանդ Հոլդինգն» իսկապես վճարել է կապելլային, սակայն առայժմ նպատակահարմար չէ գումարը բաժանել երգիչների միջեւ. «Ընդհանուր ժողովի ժամանակ երգիչներին բացատրել ենք, որ գումարը դեռ պետք է մուտք արվի հաշվապահություն։ Բացի այդ, եթե 100 հոգու վճարենք, 500 հազար էլ կենսաթոշակայինին պետք է տանք։ Զարմանում եմ երգիչների վրա՝ չե՞ն գիտակցում, որ սա պետական կազմակերպություն է եւ առանց մուտք անելու չենք կարող որեւէ մեկին որեւէ բան վճարել։ Մինչեւ հիմա ծրարներով, առանց մուտք անելու փողը բաժանել են, իրենք էլ վատ են սովորել։ Այժմ ամեն ինչ օրինական ենք անելու»։ Յու. Մխիթարյանը նաեւ տեղեկացրեց, որ կապելլային դարձյալ դատի են տվել, այս անգամ էլ զբաղեցրած տարածքի վարձը չվճարելու համար։ Ըստ ստացված ծանուցագրի, դատական նիստն ամսի 30-ին է նշանակված։ Հովհ. Չեքիջյանի փաստաբան Էդիկ Չինարյանը այս առնչությամբ պարզաբանեց. «Որ գումար լիներ՝ արենդավարձը կվճարեին։ Կապելլային դատի են տվել, եւ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Իմ կարծիքով, դա հիմնականում նախարարության խնդիրն է, հետո նոր կապելլայինը։ Այն պետական հաստատություն է եւ պետք է պետական բյուջեից ֆինանսավորվի, մինչդեռ մինչեւ հիմա ֆինանսավորում չկա։ Որոշել ենք մոտ օրերս ամեն ինչ լրջորեն քննարկել, դիմել համապատասխան տեղեր՝ այդ հարցը լուծելու համար»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել