Լրահոս
Օրվա լրահոսը

«Ահաբեկիչը դո՛ւք եք»

Մայիս 22,2003 00:00

«Ահաբեկիչը դո՛ւք եք» Չեն դադարում Սեւանի 33 ընտրատարածքում առաջադրված՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կառլոս Պետրոսյանի եղբորորդու եւ նրա մրցակից Ենոք Ավետիսյանի, որն իբր վայելում է Ռուբեն Հայրապետյանի հովանավորությունը՝ մրցակցությանն առնչվող հրապարակումները: Իշխանամետ թերթերից մեկը երեկ հրապարակել էր, թե գործարար Ռուբեն Հայրապետյանն ուղեկցողների մեծ խմբով պարբերաբար այցելում է Ենոք Ավետիսյանի նախընտրական շտաբ ու սպառնալիքներ տեղում նրանց հասցեին, ովքեր կհամարձակվեն չընտրել «իր առաջադրած» թեկնածուին: Այս առնչությամբ պրն Հայրապետյանն ասաց. «Թեեւ հաճախակի եմ լինում թիվ 33 ընտրատարածքն ընդգրկող Սեւանում՝ վերջին 3 ամսվա ընթացքում ընդամենը 2 անգամ եմ այնտեղ եղել. մեկ անգամ՝ իմ գործերով, իսկ երկրորդ անգամ գնացի, երբ թեկնածուներից մեկն այրել էր Ենոք Ավետիսյանի նախընտրական շտաբը: Իսկ նա իմ ընկերն է. պարտավոր եմ զուտ բարոյական աջակցություն ցույց տալ ու կանգնել նրա կողքին, եւ այդ դեպքից հետո այցելել եմ նրա շտաբ: Սակայն ի տարբերություն որոշ մարդկանց, որոնք ահաբեկում են թեկնածուներին՝ որեւէ մեկը չի կարող ասել, թե ես երբեւէ՛, որեւէ՛ ընտրության ժամանակ ահաբեկել եմ որեւէ քաղաքացու: Եվ չեմ գտնում, թե ահաբեկելով պետք է ԱԺ պատգամավոր դարձնեն անլեզու արարածներին: Պատկերացնո՞ւմ եք՝ եթե որեւէ մեկին ահաբեկած լինեի՝ այսօր քանի՜ քրեական գործ հարուցված կլիներ իմ եւ թիմակիցներիս նկատմամբ»: Բավականաչափ պատասխանատու հայտարարություն էր, թե թեկնածուներից մեկն է հրկիզել Ենոք Ավետիսյանի շտաբը, այնժամ, երբ ըստ հրապարակման՝ իրականում եղել է գողության նմանակում: «Ի՞նչ նմանակում. հրկիզումն իմ աչքով եմ տեսել, նաեւ գողացել էին շտաբի հեռուստացույցը, ջարդել դուռը,- ասաց պրն Հայրապետյանը:- Մարդիկ տեսել էին, թե ովքեր են եղել: Թող ոստիկանությունը ձերբակալեր նրանց, թեեւ, իհարկե, չեմ կարծում, որ զբաղվեն այս գործով՝ բոլորին հայտնի պատճառով»: Քանի որ Ռուբեն Հայրապետյանը նշեց, թե Ենոք Ավետիսյանն իր ընկերն է՝ խնդրեցինք մեկնաբանել նաեւ այն լուրերը, թե ընտրարշավի փոխարեն՝ վերջինս ավելի շատ զբաղված է մոլեխաղերով եւ միայն «Զվարթնոց» համալիրի կազինոյում օրերս տանուլ է տվել 60 հազար դոլար: «Դա հերյուրանք է,- պատասխանեց պրն Հայրապետյանը:- Թեեւ չեմ բացառում՝ կարող է պատահի, որ Ենոք Ավետիսյանը, ինչպես եւ շատ այլ քաղաքացիներ, երբեւիցե խաղացած լինի կազինոյում: Ասենք, անցած տարի Հայաստան-Հունաստան խաղի ժամանակ, երբ գտնվում էինք Հունաստանում՝ պատվիրակության մեջ էր նաեւ թիվ 33 ընտրատարածքում առաջադրված թեկնածու Խաչիկ Պետրոսյանը, որին ես 2 օր շարունակ հազիվ փորձում էի հանել խաղատներից: Խնայում եմ, առայժմ չեմ ուզում տալ երկրորդի՝ մի պաշտոնյայի որդու անունը»: Փորձեցինք որոշակիացնել՝ որքանո՞վ է ԱԱԾ տնօրեն Կառլոս Պետրոսյանը միջամտում այդ ընտրատարածքում «Օրինաց երկրի» կողմից առաջադրված իր եղբորորդու ընտրարշավին, եւ պրն Հայրապետյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ ո՛վ, ինչքանո՛վ է միջամտում, բայց հստակ գիտեմ, որ Սեւանի այդ ընտրատարածքի գյուղապետերն ու քաղաքացիներն այսօր ահաբեկված են: Ինչ-որ մեկին ԱԺ պատգամավոր սարքելու համար փորձում են մարդկանց զրկել աշխատանքից: Էլ չեմ խոսում ամեն տեսակի ստուգումների մասին: Գոնե այնքան բարոյականություն պիտի ունենային, որ չփորձեին այդ ահաբեկչությունը բարդել այլ մարդկանց վրա, թե իբր ես եմ ահաբեկում: Երիտասարդ լինելով՝ պատգամավոր է ուզում դառնալ՝ մարդկանց հացից զրկելով եւ ահաբեկելով»: Իսկ այն լուրերի առնչությամբ էլ, թե Ենոք Ավետիսյանն ամեն ձայնի համար 10 հազար դրամ կաշառք է տալու՝ ասաց, թե որքանով տեղյակ է՝ դա էլ է սուտ. «Ի տարբերություն մյուս թեկնածուների, որոնք սկսած սոլյարկայից վերջացրած ալյուրով, ի՜նչ ասես բաժանում են»: Ամփոփենք՝ Ռուբեն Հայրապետյանը ժխտո՞ւմ է, որ Ենոք Ավետիսյանի ընտրարշավի հովանավորն է. «Ենոք Ավետիսյանն, ի տարբերություն մյուս թեկնածուի, երտասարդ տարիներից ղեկավարել է բազմաթիվ հիմնարկ-ձեռնարկություններ՝ չունենալով պաշտոնյա կամ նախարար հորեղբայր: Նա ի՛նքն է միշտ իր հովանավորը եղել, եւ ինչի հասել է կյանքում՝ միայն իր խելքի, շնորհքի եւ կրթության շնորհիվ է: Ենոքը կայացած անձնավորություն է՝ ի տարբերություն մյուս թեկնածուի, որն առանց իր հովանավորների՝ 10 մետր էլ չի կարող քայլել ինքնուրույն: Նշեմ նաեւ, որ ես ընդհանրապես չեմ կարող հանդես գալ որպես ինչ-որ մեկի հովանավոր. իմ պատկերացմամբ՝ հովանավոր կարող են լինել միայն բարձրաստիճան պաշտոնյաները»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել