Լրահոս
Օրվա լրահոսը

«ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՄԻՏԱՑԻԱ»

Մայիս 24,2003 00:00

«ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՄԻՏԱՑԻԱ» «Ըստ ամենայնի՝ Հայաստանի իշխանությունները մտադիր են անհրաժեշտության պարագայում վարչական կալանք կիրառել նաեւ առաջիկա ընտրության ընթացքում, եւ դա լուրջ տագնապ է առաջացնում»,- երեկ նշել է «Human Rights Watsh» կազմակերպության ներկայացուցիչը: Այդ մտահոգությունն արտահայտել է «Human Rights Watsh» իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի գործադիր տնօրեն Էլիզաբեթ Անդերսենը, որը նաեւ նշել է. «Հայաստանի իշխանություններն օգտագործում են հասարակական կարգը խանգարելու համար պատասխանատվություն սահմանող հնացած օրենսգրքի դրույթը՝ որպես քաղաքական ռեպրեսիաների գործիք: Այս կիրակի կայանալիք ընտրությունները ցույց կտան, թե որքանով են նրանք պատրաստ հրաժարվել նման գործելակերպից»: Երեկ հրապարակված «Օրինականության իմիտացիա» անվանված զեկույցում «Human Rights Watsh»-ը պահանջում է Հայաստանի իշխանությունից դադարեցնել վարչական կալանքի կիրառման անբարեխիղճ պրակտիկան: Նաեւ մատնանշված է, որ «Վարչական իրավախախտումների մասին» սովետական օրենսգրքի կիրառումն ընդդիմության ակտիվիստների նկատմամբ բացասական ազդեցություն ունեցավ ընդդիմության ընտրարշավի վրա: «Human Rights Watsh»-ի 24 էջանոց այդ զեկույցում հանգամանալից շարադրված են 2003-ի փետրվարի 19-ից հետո տեղի ունեցած իրադարձությունները, թե ինչպես էր սահմանափակում մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը. «Թեեւ Դեմիրճյանի կողմնակիցների հավաքները եւ բողոքի գործողությունները գերակշիռ մասով խաղաղ էին՝ իշխանությունը դրանք ներկայացնում էր իբրեւ սպառնալիք հասարակական կարգին եւ քաղաքական կայունությանը՝ դա հիմնավորում դարձնելով ձերբակալությունների համար»: Փաստերով մատնանշված են բոլոր խախտումները, որոնք տեղի են ունեցել վարչական օրինախախտումների քննությունների ընթացքում. «Ընդդիմության ակտիվիստների դեմ գրեթե բոլոր գործերը դատարանները քննում էին փակ եւ մակերեսորեն՝ որպես հիմք ընդունելով միայն ոստիկանների վկայությունները, պատասխանողին հնարավորություն չընձեռելով հրավիրել իր վկաներին կամ պաշտպան»: Ընդգծված է, որ չընդունելով ու նսեմացնելով Սահմանադրական դատարանի առաջարկները՝ իշխանությունները մերժեցին նաեւ այնպիսի խորհուրդներ, որոնք կարող էին «մայիսի 25-ին ԱԺ ընտրություններից եւ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ արդյունավետ լինել ընտրական զեղծարարությունները եւ զանգվածային ձերբակալությունները չկրկնելու առումով»: Որպես նման դրույթ՝ առանձնացվում է ՍԴ որոշման այն կետը, ըստ որի՝ վարչական կալանքի կիրառումը հակասում է եվրոպական չափանիշներին, եւ այդ խնդիրները պիտի քննարկվեն Արդարադատության խորհրդում ու Դատարանների նախագահների խորհրդում: Վերջինիս հայտնի որոշման այն դրույթը, թե հանրահավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքը կարող է սահմանափակվել 1988-ին ընդունված օրենքով՝ «Human Rights Watsh»-ն անվանում է «վիճելի եւ կասկածելի»: Ներկայացնենք հատվածներ զեկույցի հանձնարարականներից. «Խախտումների աղբյուր է ծառայում ե՛ւ վարչական իրավախախտումների օրենսգրքի ձեւակերպումների խճողվածությունը, ե՛ւ ոստիկանության ու դատարանների իրավապահպան գործունեության պրակտիկան։ Իրենց հերթին՝ ոստիկանությունը եւ այլ իրավապահ մարմիններ սխալմամբ հաստատում են, որ վարչական կալանքի ենթարկվածները չունեն այն իրավունքները, որոնք նախատեսված են քրեական գործերով մեղադրյալների համար։ Այս ամենը խախտում է նրանց իրավունքները գործը հրապարակայնորեն քննելու, փաստաբան ունենալու, առաջադրված մեղադրանքի էությունն իմանալու, ի պաշտպանություն իրենց՝ վկա հրավիրելու առումներով, որոնք ամրագրված են թե՛ օրենսգրքում, թե՛ մարդու իրավունքների միջազգային նորմերում։ «Human Rights Watsh» Հայաստանի կառավարությանը կոչ է անում թույլ չտալ կամայական ձերբակալություններ եւ քաղաքական ակտիվիստների ահաբեկումներ իրավապահ եւ դատական մարմինների միջոցով՝ մայիսի 25-ին կայանալիք խորհրդարանի ընտրությունների եւ հանրաքվեի նախապատրաստման ու անցկացման շրջանում։ «Human Rights Watsh» նաեւ Հայաստանի իշխանություններին կոչ է անում լուրջ միջոցներ ձեռնարկել վարչական ձերբակալումների պրակտիկայում խախտումները բացառելու ուղղությամբ, մասնավորապես, բարեփոխումներ իրականացնել՝ դատարանների իրական անկախությունն ապահովելու, վարչական իրավախախտումների օրենսգիրքը լիովին համապատասխանեցնել Հայաստանի գործող օրենսդրությանը, բացառել դրանցում իրենց դարն ապրած նորմերը եւ հստակ շաղկապել վարչական իրավախախտումների տեսակները գործող օրենսդրությանն ու նորմատիվ ակտերին։ Այդ ամենը կնպաստի կամայականությունների հնարավորությունների սահմանափակմանը՝ կատարվածը վարչական իրավախախտում որակելու հարցում։ Օրենսդրորեն ապահովել, որ ոստիկանությանն իրավունք չտրվի վարչական կալանքն օգտագործել իբրեւ կամայականորեն մարդուն ազատազրկելու եւ մեկուսարանում պահելու միջոց։ Վարչական կալանքի ժամկետ պիտի սահմանվի 3 ժամը, ինչպես դա նախատեսված է գործող օրենսգրքի մի շարք կետերով (ընդ որում, նույն այդ օրենսգիրքը թույլ է տալիս կալանքի տակ պահել անորոշ ժամանակով)։ Հարկավոր է օրենսդրության մեջ ուղղակի ամրագրել ոստիկանության պարտավորությունը՝ ապահովել բոլոր կալանվածների թափանցիկ հաշվառումը։ Այդ պարտավորությունները չկատարելու դեպքում ոստիկանության աշխատակիցները պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Առանձին իրավունք սահմանել վարչական կալանքների որոշումները բողոքարկելու վերաբերյալ եւ ապահովել դրա գործնական կիրառումը։ Ընդունել օրենսդրական կամ նորմատիվային ակտեր, որոնք կկարգավորեն զանգվածային հանրահավաքներ եւ ցույցեր անցկացնելը։ Միաժամանակ, ցանկացած դեպքում պետք է նախատեսված լինի միջոցառման անցկացումը չթույլատրելու վերաբերյալ որոշումները բողոքարկելու գործընթաց»։ «Human Rights Watsh»-ը միջազգային համայնքին հորդորում է վարչական կալանքի համակարգի բարեփոխումը դարձնել խնդրո առարկա՝ Հայաստանի կառավարության հետ հարաբերություններում: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել