Լրահոս
Օրվա լրահոսը

Մտավորականությունն ի վիճակի չէ դիմադրել

Մայիս 28,2003 00:00

Մտավորականությունն ի վիճակի չէ դիմադրել Վլադի թիմակիցներին Չնայած թիվ 18 ընտրատարածքում առաջադրված պատգավորության թեկնածու Ալբերտ Վարդանյանը 3 տեղամասերի վերաբերյալ դիմում-բողոք է ներկայացրել ընտրատարածքային հանձնաժողով, սակայն նա այսօր այնքան է հուսահատված, որ կարծում է, թե հույսի հետ կապված ամեն ինչ իր մոտ արդեն ավարտված է: «Ասում են՝ մարդու հույսը վերջում է մահանում, բայց կարծես թե ինձ մոտ մահացած են բոլոր տեսակի հույսերը: Ես չէի առնչվում ու չէի պատկերացնում, թե այսպիսի անբարոյականություններ ու անկարգապահություններ կարող են լինել,- հայտարարեց նա՝ ավելացնելով,- յուրաքանչյուր անձ պետք է մտածի՝ ինքն ինչի՞ է արժանի, կամ ինչի՞ է գնում ԱԺ, թող իրեն հաշվետվություն տա: Գեւորգ Հակոբյանը եղել է ԱԺ-ում՝ ի՞նչ է արել, որ նորից է գնում. ի՞նչ կարող է անել նա: Եթե ոչինչ չես կարող անել, եղբայր, ինչի՞ ես գնում: Թույլ տուր այն մարդը գնա, որը կարող է աշխատել: Մարդը պետք է գրագետ լինի, որ գնա ԱԺ»: Մեր հարցին, թե Գեւորգ Հակոբյանը գրագետ չէ՞, Ա. Վարդանյանը պատասխանեց. «Երբ կարդում եմ նրա կենսագրականը, գրված է, որ նա սովորել է ինչ-որ բուհում: Ես նրան անձամբ չեմ ճանաչում, միայն շրջապատից լսելով գիտեմ նրա մասին եւ իր բուկլետի մեջ տպված՝ ընդամենը 2-3 տողով, փոքրիկ կենսագրականով, ուրիշ ոչինչ ես նրա մասին չգիտեմ»: Պրոֆեսոր Վարդանյանը վստահեցրեց, որ իրենց ընտրատարածքի բոլոր տեղամասերում ընտրախախտումներ են եղել, որոնք մասնավորապես իրականացվել են ՀՀԿ թեկնածու Գեւորգ Հակոբյանի «մարդկանց» կողմից. «Դրանք ակնհայտ երեւում էին: Ընտրությունների օրը ես անընդհատ ահազանգում էի բոլոր կազմակերպություններին: Բազմիցս զանգահարել ենք ԿԸՀ եւ տեղեկացրել դրանց մասին, միաժամանակ զանգել ենք դիտորդական տարբեր առաքելությունների: Արձագանքներ եղել են, բայց ոչ բոլոր դեպքերում: Մենք խնդրում էինք նրանց արձանագրել ու միջոցներ ձեռք առնել: Խնդրում էինք, որովհետեւ հանձնաժողովների նախագահներն անում էին այն, ինչ իրենք ուզում էին»,- պատմում էր Վարդանյանը: Արդեն երկրորդ անգամ 18 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է «ընտրվում» Գեւորգ Հակոբյանը, որը նախորդ խորհրդարանում գոնե մեկ անգամ ամբիոնից իր ընտրողներին մտահոգող հարց չի բարձրացրել, ուստի պրն Վարդանյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք Գ. Հակոբյանին այդքան սիրում են էրեբունցիները: «Եթե մի քանի մարդ են հավաքվում իր կողքը, որոնցից մի քանիսը բարեկամներն են, մի քանիսը համախոհներն ու իր մոտ աշխատողները, ապա դա չի նշանակում, որ նրան սիրում են: Իմ կարծիքով, ճնշող մեծամասնությունը նրան չի ընդունում, չի հարգում,- վստահեցնում էր Ա. Վարդանյանը՝ շարունակելով,- Գ. Հակոբյանին մրցակից էին համարում Սուրեն Աբրահամյանին, եւ, բնականաբար, պայքարը պետք է լիներ պարոն Աբրահամյանի դեմ, ոչ՝ իմ: Նորմալ մրցապայքարի դեպքում, իմ կարծիքով, կանցներ Սուրեն Աբրահամյանը, ես կլինեի երկրորդ տեղում, իսկ երրորդը՝ երեւի նա կլիներ»: Մեր հարցին՝ մի՞թե Գ. Հակոբյանն այդքան հզոր է, որ չկարողացան պայքարել նրա թիմակիցների կողմից իրականացվող ընտրախախտումների դեմ, Ա. Վարդանյանը պատասխանեց. «Ես ինձ համարում եմ պարկեշտ մարդ. ես գիտնական, դասախոս, պրոֆեսոր մարդ եմ, եւ բնական է, որ իմ թիմակիցները նույնպես պետք է լինեին պարկեշտ մարդիկ: Իմ թիմակիցներն ու վստահված անձինք դասախոսներ ու ասպիրանտներ էին: Նրանք այդքան վայրագ չէին կարող իրենց պահել: Ես ոչ պարկեշտ մարդկանցով թիմակիցներ չունեմ: Մտավորականությունն այսօր մղված է հետին պլան. նա չի կարող հայհոյել, գոռալ, ոչ պարկեշտ գործողություններ կատարել: Նման բաները Գեւորգ Հակոբյանի նման մարդկանց են վայել, նրանք կարող են այդպիսի բաներ անել»: Ա. Վարդանյանի հավաստմամբ, թիվ 18 ընտրատարածքի բոլոր տեղամասերում հանձնաժողովներն ամբողջ կազմով «աշխատում» էին հօգուտ Գ. Հակոբյանի. «Ամբողջ հանձնաժողովը միանշանակ աշխատել է նրա օգտին: Ընդդիմությունը նույնպես: Բոլորն իր համար են աշխատել, քանի որ մեր տարածաշրջանում չկար ընդդիմությունից թեկնածու /ես Ս. Աբրահամյանին ընդդիմություն չեմ համարում/, ընդդիմությունն աշխատում էր Գեւորգ Հակոբյանի համար»: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել