Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ «ԼԱՎ ԱՊՐԵԼ»

Հունիս 25,2003 00:00

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ «ԼԱՎ ԱՊՐԵԼ» «Զեյթուն» ուսավանի շուրջ ծավալված մեկամսյա քննարկումներից հետո ավանի որոշ ուսանողներ երեկ էլ ԿԳ նախարարությունում չհամոզվեցին, որ եկող ուսումնական տարում չեն հայտնվի փողոցում: Հիշեցնենք, որ «Զեյթուն» ուսավանը կնքել է պայմանագիր Երեւանի պետական բժշկական համալսարանի հետ, ըստ որի վերջինս պարտավորվում է ամբողջությամբ վերանորոգել ավանի 5-րդ մասնաշենքը՝ դրա դիմաց 3 հարկերը վերցնելով իր ուսանողների համար, իսկ մնացած երկու՝ 5-րդ եւ 6-րդ հարկերը թողնելով Պետական կոնսերվատորիայի եւ Գեղարվեստի ակադեմիայի ուսանողներին: Եվ վերջիններս էլ մտավախություն ունեն, որ մի օր Բժշկական համալսարանն իրենց դուրս կմղի մասնաշենքից: Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ ԿԳ նախարարը ընդունել էր ավանի ուսխորհրդի անդամներին եւ խոստացել մեկ շաբաթվա ընթացքում կազմել հանձնաժողով, որը կքննարկի խնդիրն ու վերջնական լուծման կհանգի՝ հայտնելով, որ հանձնաժողովի կազմում կընդգրկվեն նաեւ ուսխորհրդի անդամներ: Սակայն ուսանողները երեկ հայտնեցին, որ հանձնաժողովի կազմում «Զեյթուն» ուսավանի ուսխորհրդից ոչ մի անձ չի ընդգրկվել: Ուսանողուհիներից մեկի հավաստմամբ, իբրեւ «Պրոմեթեւսի» լրագրող ներկայանալով՝ բժշկականի ուսանողները գալիս են, նկարում հանրակացարանը, զրուցում իրենց հետ, հետո եթերով իրենց հարմար սյուժեներ տալիս՝ լարվածություն ստեղծելով բուհի ու հանրակացարանի ղեկավարության եւ այս ուսանողների միջեւ: Այդ պատճառով կներկայացնենք բողոքող ուսանողների խոսքը՝ առանց նշելու նրանց անունները: «Հարցն այն է, որ ուսանողությունը վստահություն չունի պետության նկատմամբ, վստահություն չունի նաեւ իր բուհերի ռեկտորների նկատմամբ: Մեր պայքարի խնդիրն այդ է: Իրենք (նկատի ունի ԿԳՆ ներկայացուցիչներին-Հ. Բ.) ասում են, որ ոչ ոք դուրս չի մնալու, բայց միայն դա չէ հարցը. մեզ խցկելու են 3 հոգով մի սենյակում: Այն ռեստորանը, որ բացում են առաջին հարկում, արդյո՞ք մենք ի վիճակի կլինենք դրանից օգտվել, մենք ստիպված ենք լինելու նորից մեր սենյակում մեր ճաշը եփել, մի սեղանի վրա երեքով դաս պարապել: Մեր բուհերի ռեկտորները նստում են բարձր մակարդակի պաշտոնյաների հետ ինչ-որ բան են ստորագրում, բայց այդտեղ ապրող սուբյեկտի մտահոգությունները չեն լսում, մեր հոգսին տեղյակ չեն: Երկու անգամ ստուգարք եմ բաց թողել այս քաշքշուկների պատճառով»,-ասում էր ուսանողներից մեկը: «Դուք վստահեցնո՞ւմ եք, որ բժշկական ինստիտուտը վերանորոգելուց հետո հաջորդ տարի չի գա ու ասի, որ մենք լքենք այդ տարածքները»,- պաշտոնյաների խոսքին ոչ մի կերպ չէին հավատում բորբոքված ուսանողները եւ նրանցից պահանջում գրավոր երաշխիք: ԿԳՆ քարտուղարության պետ Գրիգորի Հովհաննիսյանը պատրաստ էր բացեիբաց քննարկել նրանց հետ ցանկացած հարց, իսկ վերջնական հանգուցալուծման համար որոշվեց սեսիոն քննություններից հետո հանդիպել ուսավանում: Գ. Հովհաննիսյանը վերոնշյալ բողոքի առնչությամբ, թե «հնարավոր չէ 2-3 հոգով մի սենյակում նորմալ ապրել», ասաց, որ գոյություն ունի հանրակացարանում բնակվելու կարգ, ըստ որի՝ մի սենյակում կարող է բնակվել 1-3 ուսանող: «Ոչ մի երեխա դուրս չի մնալու, վստահեցնում ենք: Եթե մեկը դուրս կմնա կամ կգնա տուն վարձելու, այդ երեխայի հետ կգաք այստեղ: Ես պատասխանատվություն եմ կրում: Ու երեխաներն ապրելու են ավելի լավ պայմաններում: Այդ մասնաշենքերում ամբողջ խողովակաշարը հնացած է, սանիտարահիգիենիկ ահավոր պայմաններ են: Իսկ հիմա լուծվում են այդ բոլոր հարցերը, նաեւ՝ ջեռուցման: Պայմանագրում այդ ամենն արտացոլված է»,- հայտարարեց ԿԳՆ տնտեսավարման բաժնի պետ Ալբերտ Հարությունյանը: Մեր այն հարցին, թե արդյո՞ք այն ժամանակ, երբ ավանի առաջին երեք մասնաշենքերը հանձնվեցին Եվրոպական տարածաշրջանային ակադեմիային, ուսանողներին բավարարում էին մնացած մասնաշենքերը, եւ արդյո՞ք ուսանողների թիվը գնալով նվազում է, նա պատասխանեց. «Եթե Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի դեպքում էլ իմանայինք, որ մասնաշենքերը չեն բավարարում, մենք չէինք համաձայնի դրանք տալ: Աստիճանաբար ուսանողների թիվը նվազում է: Այսօր մարզերը ունեն մասնաճյուղեր, որտեղ սովորում են տվյալ մարզի երեխաները: Կամոյի ամբողջ տարածաշրջանն այսօր Կամոյի համալսարանում է սովորում: Նույնը՝ Իջեւանում է: Մեր ապրած տարիներն ուրիշ էին՝ մի համալսարան կար, բոլորս ձգտում էինք այնտեղ: Բացի այդ, պետությունն այսօր մեզ 2 երեխայի համար լիմիտ է տալիս: 90 տոկոսը մենակ է ապրում սենյակներում, դրա համար էլ պարտքեր են կուտակվում. մի երեխան վառում է նույն էներգիան, ինչ 2-ը կվառեն: Այդ է պատճառը, որ այսօր ուսավանը պարտքերի մեջ է»: Պրն Հարությունյանը նաեւ ցավով նշեց, որ վերջերս Իրանի դեսպանը զարմացել է՝ «սա ի՞նչ շենք է, որ իմ երեխաները գան այստեղ սովորելու, ես էլ օգնեմ ձեզ, դարձնենք ուսավան»: Նշենք, որ 5-րդ մասնաշենքի հետ հարցերը բարեհաջող ավարտելուց հետո առանց վերանորոգելու կմնան 4-րդ եւ 6-րդ մասնաշենքերը: Վերջինը վերանորոգելու համար առաջարկներ են ներկայացրել Ճարտարագիտական եւ Տնտեսագիտական համալսարանները, իսկ 4-րդի հարցը քննարկման փուլում է: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել