Լրահոս
Օրվա լրահոսը

Կոյուղուց դեպի ոռոգում

Հուլիս 04,2003 00:00

Կոյուղուց դեպի ոռոգում Հուլիսի 6-ին Արարատի մարզի Մասիսի ենթաշրջանի Նիզամի գյուղում բնակիչները գյուղապետ են ընտրելու։ Մրցակիցները երկուսն են՝ Հայաստանի քրիստոնեադեմոկրատական միության անդամ Գառլեն (Գարիկ) Բաբայանը եւ գործող գյուղապետ Ռազմիկ Դունոյանը։ Վերջինս որեւէ կուսակցության անդամ չէ, բայց, ինչպես ժողովուրդն է ասում՝ «յոթը մոր կաթ է ուտում»։ Նախագահական ընտրությունների առաջին փուլում գյուղը՝ գյուղապետի գլխավորությամբ պաշտպանել է Գեղամյանին, երկրորդում՝ Դեմիրճյանին, իսկ խորհրդարանական ընտրությունների ժամանակ համայնքում ամենաշատ ձայները հավաքել է «Օրինաց երկիրը», որովհետեւ, գյուղացիների խոսքերով, «Դունոյանի տղան նրանց շտաբի պետն էր»։ ՕԵ-ն, սակայն, նույն ջերմեռանդությամբ չի պաշտպանում իր համար «վիզ դրած» անձերին։ Ավելին, մեր տեղեկություններով, մարզի հանրապետական իշխանությունները եւս շահագրգռված չեն իրենց մրցակցի համար «աշխատած» մարդու ընտրությամբ։ Սա՝ գյուղի «քաղաքական կյանքից»: Իսկ իրական կյանքը հետեւյալն է. Նախկին ադրբեջանաբնակ, այժմ փախստականներով վերաբնակեցված Նիզամին 300- 350 տնտեսություն ունի։ Գյուղի հողերը բարձրակարգ են, բայց անտերության մատնված լինելու պատճառով հետեւողականորեն որակազրկվում են։ Բանն այն է, որ գյուղի ոռոգման ջուրը Երեւանում մեկ անգամ կենցաղային նպատակով օգտագործված ջուրն է՝ ըստ գյուղացիների, «Աերացիայի կոյուղաջրերը, լվացքատների, ավտոլվացման կետերի, ժավելի գործարանի ջրերը»։ Հողի որակազրկմանը զուգահեռ, նաեւ կենդանական աշխարհն է վերացել, իսկ բնակիչները, ոչ ավել, ոչ պակաս՝ սովի են մատնվում։ «Բաքվի բուլվարներում ման էինք գալիս, ինչ գիտեինք գյուղն ի՞նչ է, հողն ի՞նչ է,- դժգոհում է գյուղի բնակչուհի տիկին Ռայան,- մինչեւ հասկացանք՝ հիմա էլ էսպես»։ Տեղական իշխանություններին բոլոր բողոքներն անարդյունք են անցել։ Ոլորտի պաշտոնյա պատասխանատուները բավարարվել են բացատրելով, որ Սեւանից ոռոգման նպատակով ջուր բաց չի թողնվում։ Խնդիրների երկրորդ հորիզոնականում խմելու ջուրն է։ Գյուղացիների վճարունակ չլինելու պատճառով ջուրը տարիներ առաջ «կտրել են»։ Ժամանակի ընթացքում էլ խողովակները փտել են, իբրեւ խմելու ջուր՝ մարդիկ արտեզյան ջուրն են օգտագործում։ Մարզային իշխանությունները բնակիչներին մխիթարում են նրանով, իբր «Լինսի» հիմնադրամի ծրագրերում մարզի 25-30 գյուղերի խմելու ջուրը կա։ Զրույցի վերջում գյուղի Ռաֆիկ անունով տարեց մի բնակիչ այսպիսի եզրակացություն արեց՝ «եթե բոլոր իշխանավորները տված խոստումների 10%-ը կատարեին, ապա Երեւանի փողոցները ոսկուց կլինեին, իսկ գյուղերինը՝ արծաթից»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել