Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՈՒՇԻՆ «ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑԱՎ»

Հուլիս 11,2003 00:00

ՇՈՒՇԻՆ «ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑԱՎ» Արցախյան համերգաշար՝ նվիրված Ա. Խաչատրյանի 100-ամյակին Հուլիսի 3-5-ը Արցախում տեղի ունեցան Հայաստանի պետական կամերային նվագախմբի եւ երգչախմբի բացօթյա համերգները։ Նրանք հիմնականում բացօթյա համերգներ են ունեցել Վեհափառի թույլտվությամբ՝ Գանձասարի եկեղեցում, իսկ ամենամեծ ակցիան Շուշիի ռեալական ուսումնարանում ունեցած յուրօրինակ համերգն էր, որն ունկնդրել է մի քանի հազար հանդիսատես։ Ինչպես տեղեկացրեց ՀՊԿՆ-ի տնօրենը, արցախյան համերգաշարը Արամ Խաչատրյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական տոնակատարությունների շրջանակներում էր։ Շուշիի ընտրությունն էլ պատահական չէր։ Նպատակը, ըստ ՀՊԿՆ-ի տնօրեն Արմեն Արաբյանի, համաշխարհային հանրության ուշադրությունը յուրօրինակ ճարտարապետություն ունեցող Շուշիի վրա բեւեռելն էր՝ հետագայում պատերազմից տուժած քաղաքը վերականգնելու ակնկալիքով։ 1901թ. հիմնադրված Շուշիի ռեալական ուսումնարանը, որ գործում էր մինչեւ արցախյան պատերազմի սկսելը, նշանավոր շատ անհատներ է տվել։ Այստեղ է սովորել հայտնի լեզվաբան Հրաչյա Աճառյանը։ Այսօր ուսումնական հաստատության շենքն ավերված է, պահպանվել են միայն պատերը, նույնիսկ տանիք չկա։ Համերգի օրը շենքը հատուկ լուսավորվել է, տեղադրվել են համապատասխան լուսաձայնային սարքավորումներ։ Համերգը մարդիկ ունկնդրել են ոտքի վրա։ «Շուշին մեռած քաղաք է։ Ես կարեւորում եմ այս համերգ-ակցիան, որի մասին հետագայում ֆիլմ է նկարվելու։ Անչափ գնահատում եմ նաեւ Շուշիի հանդիսատեսին, որն այդ օրը հագել էր իր տոնական զգեստները, իսկ մեզ ճանապարհելիս մարդիկ խմբվել էին հյուրանոցի մոտ»,- հիշեց Ա. Արաբյանը։ Նա տեղեկացրեց, որ ռեալական ուսումնարանում համերգ անցկացնելու միտքը Ղարաբաղի մշակույթի նախարար Արմեն Սարգսյանն էր հուշել, որը համերգի կայացմանն աջակցել էր «հնարավոր ու անհնարին ամեն ինչով»։ «Չգիտես որտեղից դիտավորյալ ինֆորմացիաներ են շրջանառվում, թե իբր նվագախումբը ստացված եկամուտը տրամադրել է Շուշիի վերականգնմանը։ Բայց իրականում հասույթ չի եղել, որ տրամադրվի։ Ամեն ինչ անվճար էր, մենք դրամահավաք չենք կազմակերպել։ Դրա համար գոյություն ունի Համահայկական հիմնադրամ։ Իսկ մենք այս ակցիայով ցանկացել ենք Շուշիի ռեալական ուսումնարանը, նկարահանվելիք ֆիլմի միջոցով, ճանաչեցնել աշխարհում, որպեսզի Շուշիի վերականգնման ծրագրեր ստեղծվեն»,- ասաց Արմեն Արաբյանը։ Ի դեպ, նվագախումբն արդեն 3-րդ անգամ է լինում Արցախում, նախկին այցելությունները յուրօրինակ ուխտագնացություններ են եղել։ Իսկ հուլիսյան համերգները, մասնագետների գնահատմամբ, ուղղակի երեւույթ էին։ «Շուշին իր բացառիկ ճարտարապետությամբ ամենեւին չի զիջում իտալական ավերված ամֆիթատրոններին, բյուզանդական քաղաքներին։ Վայրը շատ տրամադրող էր նման համերգի համար։ Մենք ամեն ինչ (հեռուստատեսային աշտարակներ, տեխնիկա, նույնիսկ աթոռներ) 6-7 բեռնատարով մեզ հետ Երեւանից էինք տեղափոխել»,- ասաց ՀՊԿՆ-ի տնօրենը։ Շուտով ավարտվում է ՀՊԿՆ-ի՝ մարզերում իրականացվող համերգների ծրագիրը եւ երգչախմբի վերջին համերգը կկայանա ատոմակայանում։ Սեպտեմբերին էլ նախատեսված են համերգներ Ջավախքում։ Կան նաեւ արտասահմանյան հյուրախաղերի ծրագրեր։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել