Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Օգոստոս 22,2003 00:00

ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտարկման հանձնաժողովի համազեկուցողներ Եժի Յասկերնիան եւ Ռնե Անդրեն, նաեւ քարտուղար Վալերի Կլամերը երեկ 13 հանդիպումներ ունեցան ԱԺ-ում: Հանդիպեցին բոլոր խմբակցությունների եւ խմբերի, հանձնաժողովների, ԱԺ ղեկավարության եւ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության հետ: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը դեռ մինչեւ դիտարկման հանձնաժողովի ժամանումն էր հայտարարել. «Հայաստանի իշխանությունները պետք է պատճառաբանություններ եւ բացատրություններ ներկայացնեն ԵԽ172ի առջեւ ստանձնած որոշ պարտավորությունների չկատարման համար»: Այժմ մեր հարցին, թե հաջողվե՞ց սպառիչ բացատրություններ տալ՝ պրն Ռուստամյանը պատասխանեց. «Կան մի քանի պարտավորություններ, որոնց կատարման ժամանակն արդեն սպառել ենք: Եվ հիմնական հարցը մահապատժի վերացման խնդիրն է»: Նշենք, որ այդ հարցն առանձնակի կարեւորվել է բոլոր 13 հանդիպումների ժամանակ, եւ հայ խորհրդարանականները եվրոպացիներին վստահեցրել են, թե մինչեւ սեպտեմբերի 25-ին մեկնարկելիք ԵԽԽՎ նստաշրջանը ԱԺ-ն կվավերացնի 6-րդ արձանագրությունը: Ի դեպ, ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը պատմեց, թե համազեկուցողները տեղյակ էին, որ մահապատժի դատապարտվածների մի մասը, որոնց պատժամիջոցը փոխվել է ցմահ բանտարկության՝ բողոքել են դրա դեմ: «Որեւէ երկրի օրենսդրությամբ պատիժ ստացողները չունեն պատժամիջոց ընտրելու իրավունք:- ասաց պրն Թորոսյանը եւ կեսկատակ շարունակեց:- Հիմա ի՞նչ, առաջարկում են, որ ցմահ բանտարկությունը փոխենք մահապատժի՞: Որեւէ խնդիր չկա՝ թող միայն գրավոր դիմեն»: Նշենք նաեւ, որ ըստ Տիգրան Թորոսյանի՝ մահապատժի վերացմամբ էին համազեկուցողները «մեծապես պայմանավորում ԵԽԽՎ վերաբերմունքը ֆրանսիացի պատգամավորի առաջարկին՝ քննարկել Հայաստանի պատվիրակության լիազորությունների հաստատման հարցը»: Հիշեցնենք սակայն, որ այդ առաջարկը հնչել էր ԱԺ ընտրությունների առնչությամբ: «Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը ԵԽԽՎ անդամներին էլ է առաջարկել հատկապես չշեշտադրել միայն մահապատժի վերացումը՝ «մոռանալով մյուս պարտավորությունները. մասնավորապես՝ նույն Եվրախորհրդի պահանջներից է ընտրակեղծիքների մեջ ընդգրկված անձանց պատասխանատվության ենթարկելը: Իսկ այդ կապակցությամբ որեւէ բան չի արվել: Նրանց ասացի, որ հանգիստ լինեն՝ մեծամասնությունը կվավերացնի 6-րդ արձանագրությունը, բայց ամբողջ խնդիրն այն է, որ այդ մեծամասնությունը ստեղծվել է ընտրությունների արդյունքները կեղծելու հետեւանքով: Մենք շեշտեցինք, որ եվրոպական կառույցներին ինտեգրումը պետք է սկսել մեր երկրում բնականոն եւ արդար ընտրություններ ապահովելուց»: Իշխանական կոալիցիայի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել արձագանքել ընտրությունների առնչությամբ ԵԽ բոլոր դիտողություններին, եւ բարեփոխումներ անել «Ընտրական օրենսգրքում»: Ստեփան Դեմիրճյանը հանդիպման ժամանակ համոզմունք է հայտնել, թե լավ ընտրություններ կարելի է անցկացնել անգամ թերի օրենսգրքով. «Բայց եթե իշխանությունը մտադիր է կեղծել ընտրությունները՝ կկեղծի նաեւ ամենալավ «Ընտրական օրենսգրքով»: Եվ համազեկուցողների հետ շատ հարցերում համակարծիք էինք, փոխըմբռնում կար»: Ըստ Տիգրան Թորոսյանի՝ համազեկուցողները հայտնել են իրենց «ոչ բավարարվածությունն այն հանգամանքով, որ ԿԸՀ 3 անդամներին նշանակում է նախագահը» եւ իշխանությունն առավելություն ունի ընտրական հանձնաժողովներում: Տիգրան Թորոսյանը համարում է, որ սա «լիարժեք հարցադրում չէ՝ օրենքի տեսակետից», իսկ թե ինչո՞ւ՝ կներկայացնենք առանձին: Բացատրություններ են ներկայացվել Հայաստանի ստանձնած նաեւ մյուս պարտավորությունների՝ «Մարդու իրավունքների պաշտպանի» եւ «Այլընտրանքային ծառայության մասին» օրինագծերի առնչությամբ, որոնք ԵԽԽՎ-ն անընդունելի է համարում եւ գտնում, թե դրանք չեն բավարարում ԵԽ պահանջներին: Համազեկուցողները՝ վկայակոչելով իրավապաշտպանների հետ իրենց հանդիպումները, անդրադարձել են բանակում զորակոչիկների նկատմամբ վատ վերաբերմունքին եւ նշել, որ պատրաստվում են լինել Արմավիրի զորամասերից մեկում՝ անձամբ ծանոթանալու բանակում տիրող իրավիճակին: Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը համազեկուցողների հետ հանդիպման ժամանակ խոստացել է, որ խորհրդարանում ստեղծվելու է ժամանակավոր հանձնաժողով՝ եվրոպական կառույցներում Հայաստանի ինտեգրման խնդիրների ուսումնասիրման համար: Իսկ պատվիրակությունն այս այցի վերաբերյալ նախնական զեկույցը կներկայացնի սեպտեմբերի 10-ին Փարիզում՝ դիտարկման հանձնաժողովի նիստի ժամանակ։ Նաեւ այս վերջնական զեկույցով է պայմանավորված ԵԽԽՎ-ում մեր նոր պատվիրակության լիազորությունները ճանաչելու հարցը։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել