Լրահոս
Օրվա լրահոսը

Կասկածելի Ուրան՝ Իրանում

Օգոստոս 28,2003 00:00

Կասկածելի Ուրան՝ Իրանում «Սարսափելի հետեւանքներ են սպասվում, եթե պարզվի, որ Թեհրանն իր միջուկային ծրագիրն օգտագործում է ռազմական նպատակներով»,- այսպիսի հայտարարություն է արել ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Մուհամեդ ալ Բարադեին այն բանից հետո, երբ նույն կազմակերպության ներկայացուցիչը CNN-ին հայտնել է Իրանի Նաթան քաղաքում հայտնաբերված գերհարստացված ուրանի մասին։ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի հայտարարության էմոցիոնալ շեշտադրումն ամենեւին պատահական չէ։ Դեռեւս այս տարվա հունիսին ՄԱԿ-ի հովանու ներքո գործող միջազգային տեսուչները Թեհրան քաղաքից ոչ հեռու ջրից եւ հողից վերցված փորձանմուշներում հարստացված ուրան էին հայտնաբերել, ինչը հարուցել էր Արեւմուտքի եւ հատկապես ԱՄՆ-ի խորը մտահոգությունը։ Նշենք, որ այդպիսի ուրանը պիտանի է բացառապես միջուկային զենքի արտադրության համար։ Ընդ որում, այն ժամանակ սկանդալը ծավալվում էր Սադդամ Հուսեյնի ռեժիմի նկատմամբ ԱՄՆ-ի տարած թարմ հաղթանակի ֆոնին, եւ լուրջ մտավախություններ կային, թե անգլո-ամերիկյան կոալիցիոն ուժերը «միջուկային» պատճառաբանությամբ կարող են շարունակել իրենց հաղթարշավը դեպի Իրան։ Բարեբախտաբար, իրադարձությունները չծավալվեցին գոնե մեզ՝ հայերիս համար այդ խիստ աննպաստ սցենարով։ ՄԱԳԱՏԷ-ի եւ ՄԱԿ-ի միջամտությամբ, ինչպես նաեւ միջազգային հանրության գործադրած դիվանագիտական ակտիվ ջանքերի շնորհիվ հունիսյան ճգնաժամը կարծես թե հարթվեց։ Դրանում, ի դեպ, զգալի դեր ունեցավ նաեւ պաշտոնական Թեհրանի կառուցողական կեցվածքը, որը պատրաստակամւթյուն հայտնեց ընդունել եւ աշխատանքի պատշաճ հնարավորություններ ապահովել միջազգային տեսչական խմբերի համար։ Այս անգամ, սակայն, իրավիճակն այլ է։ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների գտածոն չափազանց խոսուն է, որպեսզի Իրանի իշխանությունները դիվանագիտական հնարքների միջոցով կանխեն դրանով պայմանավորված հավանական հետեւանքները։ Բավական է նշել, որ անգամ պաշտոնական Թեհրանը խոստովանել է հիշյալ գտածոյի փաստը, թեեւ շարունակում է պնդել, թե մտադիր չէ միջուկային զենք ստեղծել, իսկ, այսպես կոչված, ռազմական ուրանի դրվագները, հավանաբար, երկիր են ներթափանցել երրորդ երկրի կողմից ներկրված սարքավորումների հետ մեկտեղ։ Հասկանալի է, որ այսօրինակ հակափաստարկները ՄԱԳԱՏԷ-ի, ու առավել եւս՝ ԱՄՆ-ի համար, համոզիչ լինել չեն կարող, հատկապես հաշվի առնելով այն, որ Իրանի իշխանությունները հրաժարվում են նշել միջուկային սարքավորումներ առաքած երկրի անունը։ Ուստի, արդեն առաջիկա օրերին պետք է սպասել ԱՄՆ-ի կոշտ արձագանքին։ Թերեւս, հենց այդ արձագանքի նկատմամբ մտավախությունն է պատճառը, որ Թեհրանն արդեն իսկ հայտարարել է միջազգային տեսուչներին ցանկացած պահի եւ ցանկացած պայմաններով (անգամ առանց նախնական զգուշացման) ընդունելու պատրաստակամության մասին։ Դժվար է ասել, թե որքանով դա կմեղմացնի Վաշինգթոնին, սակայն ամենեւին դժվար չէ ենթադրելը, որ Իրանի միջուկային ծրագրերի շրջանակներում այս երկրի հետ ակտիվորեն համագործակցող Ռուսաստանին տեղի ունեցածը լուրջ անհանգստություն կպատճառի։ Ի վերջո, մի բան գիտի ալ Բարադեին, երբ խոսում է «սարսափելի հետեւանքներ»-ի մասին։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել