Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՍԻԼԱԿԻՍԸ ԵՎ 40 ԱՎԱԶԱԿՆԵՐԸ

Սեպտեմբեր 05,2003 00:00

ՎԱՍԻԼԱԿԻՍԸ ԵՎ 40 ԱՎԱԶԱԿՆԵՐԸ Երեկ կառավարության մեղադրանքներն ու ամփոփ հիմնավորումները լսելուց հետո «ԱրմենՏելի» գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Գեորգիուս Վասիլակիսը պաշտպանական խոսքով հանդես եկավ: Առաջընթաց կար: Պարոն Վասիլակիսը կառավարության մեղադրանքներին անդրադարձավ ըստ էության, նշեց, թե վկաների ցուցմունքներում որն է «ողբերգականը», պատասխանեց մամուլում արտահայտված տեսակետներին, նոր հեքիաթ պատմեց, հընթացս հանդես եկավ քաղաքական հայտարարություններով: Մասնավորապես, նա չի կարծում, թե «ԱրմենՏելին» լավ փաստաբաններ են անհրաժեշտ. «լավ փաստաբաններն անհրաժեշտ են նրանց, ովքեր մեղավոր են»: Այնուամենայնիվ, պարոն Վասիլակիսի երեկվա պաշտպանական ճառի թույլ կետը իրավական հիմնավորվածությունների բացակայությունն էր: Նա, գրեթե, իր ոչ մի պնդում չէր հիմնավորում օրենքների կետերով: Իսկ նոր հեքիաթը «Ալի Բաբան եւ 40 ավազակներն» էր, որի «40 ավազակները (տրաֆիկի գողերը-Ա. ՈՒ.), Աստված գիտի, թե ինչքան կշատանան, եթե նրանց չկանգնեցնի կառավարությունը»: Պրովայդեր ընկերության («Սոֆթ նոտա») ներկայացուցչի ցուցմունքներում «ամենամեծ ողբերգությունն այն է, որ ապօրինի գործունեություն (տրաֆիկի գողություն) իրականացնելու եւ այդ մասին հրապարակայնորեն հայտարարելու համար վկային ձերբակալելու հրաման տալու փոխարեն, արդարադատության նախարարը ընդունեց բացատրությունը»: Ինչ վերաբերում է վկա Գ. Սաղյանի հայտնի գրությանը (որով նա դատարաններին պարզաբանում էր տվել, թե պրովայդերները տրաֆիկի գողություն չեն անում), ապա «պատմության մեջ դա կմնա որպես Սաղյանի դոգմա: Արդեն հանձնարարական եմ տվել արտաքին փաստաբանական գրասենյակին, որ դատական քայլ ձեռնարկեն համարձակ կերպով կատարված ապօրինության դեմ, ինչպես նաեւ ահռելի նյութական եւ բարոյական վնասի համար փոխհատուցում պահանջեն»: Պարոն Վասիլակիսի ելույթում ժամանակ առ ժամանակ «բաժին էր հասնում» արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին, կառավարության պաշտոնական իրավախորհրդատու Վահե Յակուբյանին, ինչպես նաեւ՝ արդեն հիշատակած վկա, կապի նախարարության տեղեկատվայնացման վարչության պետ Գրիգոր Սաղյանին: Կառավարութայն վկաներից միայն մեկին «հավանեց» պարոն Վասիլակիսը՝ Վահրամ Ավանեսյանին: «Մնացածը, որոնք ներկայացել էին այդ սարսափելի մեղադրանքը հաստատելու համար», պարոն Վասիլակիսի կարծիքով, դա չկարողացան անել: Նա որոշ հիմնավորումներ բերեց, որոնք չընդունելը, կարծում ենք, բաց ժողովի նախագահողը պետք է հիմնավորի իր եզրակացությունում: Գ. Վասիլակիսի գնահատմամբ, վկաների անհաջող ցուցմունքների արդյունքում «փլուզվեց կառավարության մեղադրանքների թղթե աշտարակը»: Գ. Վասիլակիսը խոստովանեց, «պարտավորությունների մեծ մասը կատարել ենք, բայց չենք ավարտել, քանի որ կախարդ չենք: 10-ամյա ծրագիր էր նախատեսված, կամաց-կամաց կկատարենք»: Պարոն Վասիլակիսի այս ելույթը լսվեց մեծ հետաքրքրությամբ: Առավել եւս, որ դա հնչեց Կառավարության պաշտոնական իրավախորհրդատուի, ինչպես Հունաստանում են ասում, «փայտե լեզվով» կառուցված ելույթից հետո, որում միայն օրենքների անուններ ու կետեր էին, «չոր ու ցամաք» մեղադրանքներ, հիմնավորումներ, առանց որեւէ զգացմունքի, քնքշանքի կամ լիրիկական շեղումների: Որպես ելք, կառավարությունը՝ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի ներկայացմամբ բառացիորեն առաջարկեց այն լուծումը, որը բաց ժողովի նախորդ օրը «Առավոտը» ստացել էր իր աղբյուրների միջոցով եւ հրապարակել. լիցենզիան պետք է փոփոխվի այնպես, որպեսզի «ԱրմենՏելի» բոլոր բացառիկ իրավունքները ձեւափոխվեն որպես ոչ բացառիկ եւ կառավարությունը նոր լիցենզիաներ տրամադրելու իրավունքներ ունենա: Այսինքն, «ԱրմենՏելը» զրկվի մենաշնորհից: Բնականաբար, «ԱրմենՏելը» համաձայն չէր եւ առաջարկեց մյուս բաժնետիրոջ՝ OTE-ի հետ բանակցություններ սկսել: Կառավարությունը մի շարք սանկցիաների կիրառում էլ է առաջարկել, որոնց մի մասը կիրառելուց, կարծում ենք, զերծ կմնա: Այս մասին «Առավոտի» հարցին ի պատասխան Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ ամեն ինչ կախված կլինի բաց ժողովի նախագահողի եզրակացությունից: Նախագահողը՝ Էդվարդ Մուրադյանը, խոստացավ այն հրապարակել «խելամիտ ժամկետում»: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել