Լրահոս
Օրվա լրահոսը

Որ Ամերիկա չդառնանք

Սեպտեմբեր 09,2003 00:00 Share

Որ Ամերիկա չդառնանք Այդ նպատակով ստեղծվել է նոր ուժ Սեպտեմբեր ամսվա վերջին բախտ կունենանք դեմքով ճանաչելու այն բազմաթիվ հայտնի գործիչներին, ովքեր պատրաստվում են լրջորեն զբաղվել ազգի խնդիրներով։ Այդ մարդկանց իր շուրջ է համախմբել «Հայրենիք եւ պատիվ» կուսակցությունը՝ նախագահ Գառնիկ Մարգարյանի գլխավորությամբ։ Մեզ հետ հեռախոսազրույցում հայտնելով այդ լուրը, պրն Մարգարյանը խուսափեց նախապես անուններ հրապարակելուց, որովհետեւ, ինչպես ինքն արտահայտվեց՝ «ոնց էլ լինի մի բան, մի անուն կգտնեք, որ… ու կսկսեք իմ վրա բաներ անել, գրել»։ Իսկ «այս պահի դրությամբ» հարկ համարեց տեղեկացնել, որ իր համախոհների շարքերում են «անվանի գիտնականներ, արվեստագետներ, հասարակական գործիչներ»։ Այդ նոր ուժը, ըստ գլխավոր նախաձեռնողի՝ «առողջ ուժերի միություն է, վերկուսակցական կառույց, ռադիկալ ընդդիմություն»։ Եվ որպես այդպիսին, ստեղծվելիք կառույցը նոր ազգային գաղափարախոսություն է հրապարակ հանել, առաջարկելով համակարգային փոփոխություններ։ Ըստ այդմ, Գ. Մարգարյանը հայտնեց, որ իրենք «մեկ նախագահի խնդիր» չեն լուծելու, այլ ազգի «բախտն ու ճակատագիրը» որոշելու ծանր բեռն իրենց ուսերին են կրելու։ «Հայրենիք ու պատիվ»-ի նախագահը խոստացավ, որ կազմակերպվող ուժը «սահման» չի բացելու» (հավանաբար, հայ-թուրքականի մասին է խոսքը.- Ն. Գ.) եւ ոչ էլ՝ «Ֆրանսիայում գաղտնի բանակցություններ ենք վարելու մասոնների հետ (այդ գործով էլ, երեւի, Ռ. Քոչարյանն է զբաղվում)։ Համախմբումը մեկ նպատակ ունի. «Չենք թողնելու երկիրը գաղութացնեն. Աֆրիկա ենք դառնում»,- կարծում է պրն Մարգարյանը։ Ապա եւ զարգացնելով այդ թեման, նկատեց. «ավիացիա չունենք, կապ չունենք, ջուր չունենք, վաղը օդ էլ չենք ունենա, սեփական ոչինչ չունենք, բայց պետություն ենք կոչվում»։ Իբրեւ եզրակացություն՝ «մեզ այդպիսի պետություն պետք չէ»,- հայտարարեց Գ. Մարգարյանը։ Մեր զրուցակիցը հատուկ նկատեց, որ «դրված այս առողջ նպատակի շուրջ» «մենք աշխատել ենք, երբ բոլոր չակերտավոր քաղաքական ուժերը հանգստանում էին»։ Պրն Մարգարյանը հարկ համարեց շեշտել. «Գործով ենք պայքարելու»։ Իսկ թե հատկապես ինչպիսի գործով՝ հայտնի կդառնա միայն «սեպտեմբերի վերջին, երբ ամեն ինչ վերջնական կլինի, եւ մենք կհրավիրենք լրագրողներին զրույցի»,- ասելիքը սահմնափակեց Գ. Մարգարյանը։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ Հ. Գ. Մեր տեղեկություններով այս «ռադիկալ ընդդիմության» շարքերում իրենց ուրույն տեղը զբաղեցնելու ակնկալիքներով բանակցություններ են վարում Արամ Կարապետյանը, Կարապետիչը, Սոցիալիստական ուժերի միությունը։ Վերջինիս ներկայացուցիչները հերքեցին մեր տեղեկությունը, իսկ «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահը ցավով նշեց, որ՝ «էդպես չի»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել