Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ԱՎԱՆԴՈՒՅԹԻ ՍԿԻ՞ԶԲ

Սեպտեմբեր 09,2003 00:00

ՆՈՐ ԱՎԱՆԴՈՒՅԹԻ ՍԿԻ՞ԶԲ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը երեկ 11 րոպեանոց բացօթյա մամուլի ասուլիս (իր որակմամբ՝ ելույթ) ունեցավ, որի ընթացքում լրատվամիջոցների ներկայացուցիչներին իրազեկեց, թե ինչպիսին է լինելու ԱԺ երրորդ գումարման աշնանային նստաշրջանը։ «Առավոտը» հետաքրքրվեց, արդյո՞ք պրն Բաղդասարյանի «բուշա»-նման նորամուծությանը խանդով չեն վերաբերի երկրի առաջին դեմք Ռոբերտ Քոչարյանը եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, արդյո՞ք ԱԺ նախագահի քայլը վերջիններիս կողմից չի որակվի որպես ժողովրդի հետ շփումներում առաջ ընկնելու փորձ. «Լավ կլինի, որ բոլորն էլ առաջ ընկնեն. ես որեւէ վատ կամ արտառոց բան չեմ տեսնում։ Ես ձեզ հասկանում եմ, որ կլինեն նաեւ տարաբնույթ մեկնաբանություններ, բայց համոզված եմ, որ նման մեկնաբանություններ չեն լինի ո՛չ հանրապետության նախագահի, ո՛չ էլ վարչապետի կողմից»։ Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ արդյո՞ք այս ելույթով Արթուր Բաղդասարյանը չի սկսում 2008 թ. նախագահական ընտրապայքարը։ ԱԺ նախագահն այս տպավորությունն «ակնհայտ սխալ» որակեց. «Ուղղակի այսօր ես, որպես նոր ընտրված խորհրդարանի նախագահ, ներկայացնում եմ իմ պարտավորությունները։ Նման գործելակերպ աշխարհի բազմաթիվ խորհրդարաններում է տարածված, եւ այսօր մենք հիմք ենք դնում ավանդույթի եւ լավ կլինի, որ յուրաքանչյուր ԱԺ նախագահ նստաշրջանից առաջ ժողովրդին ներկայացնի, թե ի՞նչ օրենքներ են քննարկվելու, ինչպիսի՞ նախագծեր են ընդունվելու, եւ, ի վերջո, հանրությունը տեղյակ պիտի լինի խորհրդարանի գործունեությանը»։ Լրացնելով պատասխանը, ԱԺ նախագահը հերքեց, թե ինքը ընտրությունների է նախապատրաստվում. «ընտրությունները նոր են ավարտվել, Աստված մեզ բոլորիս առողջություն, հաջողություն, խաղաղություն տա՝ այս բարդ տարիները հաղթահարելու։ Կգա ընտրությունների ժամանակը, կխոսենք ընտրությունների մասին»։ Ասուլիսի ժամանակ պրն Բաղդասարյանը հայտարարեց նաեւ. «Ես, որպես ԱԺ նախագահ, հայտարարում եմ, որ կանեմ հնարավորը ընդդիմության հետ արդյունավետ երկխոսության մթնոլորտում աշխատելու համար»։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել