Լրահոս
Օրվա լրահոսը

Անիմաստ միաձուլում

Սեպտեմբեր 09,2003 00:00

Անիմաստ միաձուլում Ուսուցիչների բաց նամակը ՀՀ կառավարությանը Մենք՝ Վանաձորի թիվ 1 վարժարանի ուսուցիչներս, համոզված ենք, որ օպտիմալացման գործընթացի «պատասխանատուները» առանց խոր մասնագիտական ուսումնասիրությունների, հաշվի չառնելով միաձուլվող տարբեր կրթական միավորների անհամատեղելիության հանգամանքը, դրանց աշակերտների թվաքանակը, առանձնահատկությունները, շենքային հնարավորությունները, հենց այնպես, անպատասխանատու ձեւով իրականացնում են այն։ Թիվ 20 դպրոցը, որի հետ միաձուլում են վարժարանը եւ պարտադրում, որ դասընթացները անցկացվեն միայն այդ դպրոցի շենքում, իրականում մասնակի վերանորոգված տիպային մանկապարտեզ է, որտեղ անհնար է տեղավորել 2 դպրոց։ Մարզի կրթության վարչությունը փորձում է «փրկել» դրությունը, ելքեր է փնտրում կառավարության որոշմանը հակասող քայլերի միջոցով։ Վարժարանի կերպարվեստի եւ կիրառական զարդարվեստի հոսքը տարանջատելով թե՛ վարժարանից եւ թե՛ 20-րդ դպրոցից, միացվում է մեկ այլ՝ թիվ 2 դպրոցին։ Փակվում են մեկ տարի արդեն գործող 2 հոսքեր։ Դրանք ձեւավորվել էին համաձայն 200217203թթ. պետական ուսպլանի՝ յուրաքանչյուր դասարանում՝ 15-20 աշակերտ։ Պատճառաբանությունն այսօր արդեն անբավարար համարվող հոսքի աշակերտների թվաքանակն է։ Ակնհայտ է, որ կոպտորեն ոտնահարվում են արդեն մասնագիտական կողմնորոշում ընդունած եւ 1 տարի սովորած աշակերտների եւ նրանց ծնողների իրավունքները։ Վերը նշված անօրինական «բեռնաթափումը» իրականացնելու դեպքում անգամ, 20-րդ դպրոցի շենքային պայմանները թույլ չեն տալիս միաձուլված կրթական տարբեր միավորների աշակերտներին տեղավորվել 18 դասասենյակներում։ Սրա արդյունքում դպրոցը կանցնի եռհերթ դասընթացի։ Թիվ 1 վարժարանի շենքը, որը ըստ կառավարության որոշման, նույնպես նոր ձեւավորված իրավահաջորդ 20-րդ դպրոցի սեփականությունն է, կրթության վարչությունը արգելում է տրամադրել դասընթացներին՝ ոչ մասնագիտական եզրակացությունների վրա հենված փաստարկներով համարելով այն վթարային։ Այս այն դեպքում, երբ շենքը մասնակիորեն անգամ չի տուժել երկրաշարժից եւ երկրաշարժից անմիջապես հետո, որպես ոչ վթարային կառույց, այդտեղ աշխատել են տրիկոտաժի ֆաբրիկան, ժողկրթբաժինը, ուսումնաարտադրական կոմբինատը, փայտամշակման արհեստանոցը եւ վարժարանը՝ իրենց հազարավոր աշխատողներով ու սովորողներով։ Սողոմոն Աբովյանի անվան թիվ 1 վարժարանի ուսուցիչները, աշակերտները եւ ծնողները հույս են հայտնում, որ մանրամասն կուսումնասիրվի խնդիրը, որի արդյունքում կգտնվեն այնպիսի լուծումներ, որոնք չեն խաթարի ուսումնական պրոցեսը եւ արդյունքում կշահի աշակերտը։ Ստորագրել են թիվ 1 վարժարանի մի խումբ ուսուցիչներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել