Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳՈՂԱՆՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԲԱԿԸ»

Սեպտեմբեր 09,2003 00:00

«ԳՈՂԱՆՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԲԱԿԸ» Մենք գտնվեցինք «գողության» վայրում, երբ ոստիկաններն արդեն հեռացել էին, բայց Ամիրյան 15-ի բակն էլ դեռ տեղում էր։ 16 հարկանի շենքի բնակիչները զայրացած էին եւ պատճառն էլ այն էր, որ իրենց բակ ժամանած իրավապահները փորձել էին ահաբեկել բնակիչներին։ Իսկ նախապատմությունը հետեւյալն է։ Երեւանի քաղաքապետի 2002թ. սեպտեմբերի 9-ի որոշմամբ ավտոսպասարկման սրահ կառուցելու նպատակով հողամաս է տրամադրվում «Թոռնիկ Եվա» ՍՊԸ-ին։ Քաղաքապետարանը նշում է նաեւ հողամասի հատկացման վայրը՝ Մաշտոցի պողոտայի թիվ 9 շենքի բակ։ «Կառուցապատողին» քաղաքապետարանը հանգստացրել էր նաեւ, որ «Հողամասի սահմանները որոշվում են Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության կողմից տրված գլխավոր հատակագծով»։ Որոշման կատարման հսկողությունն էլ դրվել էր քաղաքապետի տեղակալ, քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի վրա։ Սակայն ո՞վ կարող էր պատկերացնել, որ Մաշտոց 9 հասցեի փոխարեն կառուցապատումը կսկսվի Ամիրյան 15 հասցեի բակում։ Իրավաբանորեն չկա որեւէ փաստաթուղթ, որով «Թոռնիկ Եվան» կարող է մտնել Ամիրյան 15 եւ իր ավտոսպասարկման սրահը կառուցել։ Մեր ձեռքի տակ քաղաքապետի երկու որոշումներն են՝ 2002թ. սեպտեմբերի 9-ի եւ 2003թ. հունիսի 6-ի, որի համաձայն, մեկ հող է հատկացվել, մեկ ընդլայնվել այդ 80 քմ հողամասը։ Բայց ոչ Ամիրյան 15 հասցեով։ Բնակիչները, որպեսզի երեխաները խաղահրապարակ ունենան, սեփական ավտոտնակներ կառուցելու փորձ իսկ չեն արել, որովհետեւ ըստ էության կփակվեր շենքի մուտքը, «Արայ» ֆիրմայի բեռնատարների եւ հրշեջ մեքենաների ճանապարհը։ Բնակիչների բողոքների արդյունքում բակ են այցելել թաղապետ Գագիկ Բեգլարյանը եւ Նարեկ Սարգսյանը, որոնք հավաստիացրին, որ կառույցներն ապօրինի են։ Ամիրյան փողոցի թվով 46 բնակիչներ դիմեցին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարան։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել