Լրահոս
Օրվա լրահոսը

«Հացատանը»՝ 2001թվի ճաշացուցակ

Սեպտեմբեր 10,2003 00:00

«Հացատանը»՝ 2001թվի ճաշացուցակ 2003թ. օգոստոսի 16-ին՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի տոնին, գնացինք Ծաղկաձորի Կեչառիս վանք, մոմ վառեցինք եւ արտերկրից եկած մեր բարեկամը հրավիրեց մեզ Ծաղկաձորի «Հացատուն» ռեստորան՝ ճաշելու։ Մինչ այդ նա եղել է Հրազդանի ձորի «Գետափ» ռեստորանում, «Հին Երեւան», «Ձորաբերդ», «Կեսարի պալատ», «Բելաջիո», «Օջախ», «Արջանոց», Սեւանի, Դիլիջանի, Կիրովականի, Ջերմուկի ռեստորաններում։ Այլ կերպ ասած՝ նա ճաշել է նորմալ ռեստորաններում եւ միշտ գոհ է մնացել ուտելիքի տեսականիից, որակից, սպասարկումից եւ գներից։ Ծաղկաձորի «Հացատուն» ռեստորանում մեր մատուցողի անունը Սուսաննա էր, իսկ Արման անունով մեկը ներկայացավ որպես ղեկավար։ Մենք դժգոհեցինք 47.000 դրամ հաշվից, որ մի փոքրիկ թղթի վրա դրեցին սեղանին։ Մեր արտերկրացի հյուրը շատ զարմացավ ներկայացրած հաշվից, բայց վճարեց 48.000 դրամ (1000 դրամ՝ մատուցողին որպես թեյավճար)։ Մենք վրդովված պահանջեցինք նորմալ բլանկի վրա կնքված հաշիվ եւ ճաշացուցակ (մենյու), որը նրանք պարտավոր են տալ յուրաքանչյուր հաճախորդի, մինչեւ ուտելիք պատվիրելը։ Կես ժամ անց մատուցողը մի ուրիշ թղթի վրա բերեց մի այլ հաշիվ, առանց ճաշացուցակի, առանց կնիքի, պատճառաբանելով, որ ճաշացուցակը մեկն է ամբողջ ռեստորանում եւ այն էլ հաշվապահի տանն է։ Երբ վրդովված պահանջեցինք կանչել հաշվապահին կամ բերել գնացուցակը, այլապես սպառնալով կանչել հարկային տեսուչ կամ ոստիկան, նրանք բերեցին ճմրթված, 2001 թվականի մի ճաշացուցակ՝ Հայկական ՍՍՀ առեւտրի մինիստրության Ծաղկաձոր քաղառի բլանկի վրա։ Չնկարագրենք մեր բոլոր վիճաբանությունները եւ հաշվի ու իրենց իսկ ներկայացրած ճաշացուցակի միջեւ տարբերությունները։ Մենք խնդրեցինք, որ մեզանից ավելի գան ձած դրամն ամբողջությամբ վերադարձնեն։ Ոչ մի կոպեկ չվերադարձրին։ Դժվարությամբ կարողացանք մեզ մոտ պահել իրենց ձեռքով գրած «հաշիվը», որը մեր պահանջով կնքեցին, եւ՝ ճաշացուցակը։ Ասացին, որ դա միակն է ռեստորանում եւ որ առանց դրա չեն կարող աշխատել։ Խորհուրդ եմ տալիս «Հացատուն» ռեստորանի խոհարարներին, մատուցողներին, ղեկավարներին հաճախել վերը նշված ռեստորանները եւ սովորել՝ ինչպես է պետք աշխատել։ Մեր օտարերկրյա հայրենակիցները զարմանում էին, թե ինչպես կարելի է խաբել հաճախորդին, իսկ բացահայտվելու դեպքում՝ դրամը չվերադարձնել ու ներողություն չխնդրել։ Իհարկե՝ ամենաարտառոցն այս պատմության մեջ այն է, որ առանց ճաշացուցակի էին աշխատում։ ՀԱՅԿԱԶ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել