Լրահոս
Օրվա լրահոսը

Հայագետները բանավիճելու են

Սեպտեմբեր 11,2003 00:00

Հայագետները բանավիճելու են «Չկա գիտության ճյուղ, որտեղ չլինեն հակասական կարծիքներ, դա նորմալ երեւույթ է եւ պետք չէ, որ դուք կենտրոնանաք տարաձայնությունների վրա»,- երեկ լրագրողներին խորհուրդ տվեց ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը։ Հայագիտական միջազգային գիտաժողովը կանցկացվի Երեւանում, սեպտեմբերի 15-20-ը։ Երեկ կազմակերպիչները (ԳԱԱ, ԵՊՀ) ներկայացրին նախատեսված կլոր սեղանների թեմաները, որոնց թվում կային նաեւ տարաձայնություններ պարունակող խնդիրներ՝ պատմական, մշակութային, լեզվական։ Ընդ որում, հայոց լեզվի ուղղագրության խնդիրը չի քննարկվի որպես առանցքային թեմա՝ «որ շիկացումներ չլինեն»։ Փոխարենը ցեղասպանության հարցն աշխարհի հայագետները «կտնտղեն» մանրամասն ե՛ւ գիտական, ե՛ւ քաղաքական տեսանկյուններից։ Ընդհանրապես, Հայագիտական միջազգային համաժողով պատմության մեջ գումարվում է առաջին անգամ։ ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանի բացատրությամբ՝ «դրա համար պատճառ եղան Հայաստանի եւ Սփյուռքի հայագետների միջեւ տարաձայնությունները, ինչը դարձավ զանգվածային քննարկման առարկա»։ Պարոն Մարտիրոսյանը վստահ չէ, որ համաժողովը կլուծի բոլոր վիճահարույց հարցերը, բայց հույս ունի, որ «տարաձայնությունների վերացման ճանապարհներ կնախանշվեն»։ Ասացին, որ հրավեր ուղարկվել է բոլոր հայտնի (նաեւ՝ անհայտ) օտարերկրյա հայագետներին, առայժմ մասնակցության հաստատ որոշում ընդունել է 70-ը։ Ի դեպ, մասնակիցների կեսը ոչ հայ հայագետներ են։ Եկողների մեջ է նաեւ մեկ թուրք հայագետ, մերոնց նրա անուն-ազգանունը ոչինչ չէր ասել, բայց կասկած ունեին, որ նա հայ է՝ թուրքի անունով։ Համաժողովի կազմակերպման գործում պետությունը սահմանափակվել է բարոյական աջակցությամբ, իսկ նյութականի հոգսը լուծել են Վեհափառը, մոսկվացի գործարար Արա Աբրահամյանը, մի շարք բարեգործական կազմակերպություններ ու հիմնադրամներ։ Ռ. Մարտիրոսյանը նեղված էր, որ «տեղի գործարարներից միայն մեկն արձագանքեց օգնության մեր խնդրանքին, այն էլ՝ 100 հազար դրամով»։ Ո՞վ էր այդ ժլատ, բայց միակ հովանավորը՝ «է՛հ, մեկը»,-եղավ պատասխանը։ Ֆադեյ Սարգսյանը համաժողովից սպասում է, որ այսուհետեւ բարերարների ուշադրությունը կհրավիրվի հայագիտական կենտրոնների վրա, եւ «հետագա ֆորումների ժամանակ այս խնդիրը չենք ունենա»։ Ռ. ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել