Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽ ՎՏԱՆԳԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ, ՀԵՏՈ՝ ՈՐԱԿԻ ՆՇԱՆ

Սեպտեմբեր 13,2003 00:00

ՆԱԽ ՎՏԱՆԳԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ, ՀԵՏՈ՝ ՈՐԱԿԻ ՆՇԱՆ Վտանգավոր կարող է լինել ոչ միայն սնունդը, այլեւ լվացող միջոցները, հագուստը, կոշիկը «Հիմա որակի համակարգ ներդնելը դարձել է մոդա»,- ասում է Հայաստանի Սպառողների շահերի պաշտպանության միության նախագահ Աբգար Եղոյանը: Սակայն, ըստ նրա, մինչ այդ պետք է ներդրվի մեկ այլ՝ արտադրության մեջ վտանգների կետերի հայտնաբերման եւ կանխարգելման համակարգ (HACCP): Այսինքն, անհրաժեշտ է սննդի արտադրության յուրաքանչյուր տեխնոլոգիա ուսումնասիրել՝ պարզելու, թե որտեղ կարող է թաքնված լինել հնարավոր վտանգը եւ կանխարգելել այն: Իսկ այդ ամենից առաջ անհրաժեշտ է համապատասխան մասնագետներ պատրաստել կամ վերապատրաստել: Նոր դրանից հետո կարելի է ներդնել որակի համակարգ, որը դա կպահպանի: Կոպիտ ասած, սկսում են գործընթացի երկրորդ փուլից: Իսկ որակի համակարգեր ներդնելը հայաստանցի արտադրողին պետք է, որովհետեւ պիտի արտահանում կատարի: Կամ այդ համակարգը ներդնելը գովազդի համար է: Ի դեպ, հայկական շատ ձեռնարկություններ որպես որակի համապատասխանության սերտիֆիկատի մասին նշում, գրում են պարզապես ISO: Դա եւս խախտում է, պետք է դրանից առաջ նշվի՝ ՀՍՏ: Բայց դա, ըստ պրն Եղոյանի, հարցի մի կողմն է: «Եթե HACCP համակարգը ներդրված չէ, իրավունք չկա, ավելի ճիշտ, անիմաստ է ISO ներդնել»: Մեր հարցին, թե արդյո՞ք հայտնի են HACCP համակարգի պիտակ չունեցող հայաստանյան արտադրանքի՝ եվրոպական կամ ամերիկյան շուկայից վերադարձնելու դեպքեր, Ա. Եղոյանը բացասական պատասխան տվեց: «Կարեւոր է ֆիրմայի անունը, համբավը», որը ձեւավորվում է նաեւ HACCP համակարգի առկայությամբ: Դրսերում անպատճառ ստուգվում է սննդի անվտանգությունը, որը փաստորեն կարող է գոյություն ունենալ նաեւ առանց HACCP -ի պիտակի: Հայաստանի Սպառողների շահերի պաշտպանության միությունը, ինչպես հայտնի է, վերջերս կատարեց 34 ապրանքների լաբորատոր ստուգումներ: Դա հնարավոր է եղել կատարել բացառապես դրամաշնորհի միջոցով, որը միությունը ստացել է Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնից: Այդ 34 անունն իհարկե փոքր թիվ է, այն էլ միայն սննդամթերքի շուկայում: Իսկ ոչ անվտանգ լինելու մասին տեղեկատվություն կա նաեւ ոչ պարենային ապրանքների մասին: Ա. Եղոյանը դրանցից առաջինը նշեց լվացող միջոցները: Սակայն միությունն այսօր դրա իրականացման համար միջոցներ չունի: Միության ղեկավարն ասաց, որ հիմա իրենք աշխատում են ստեղծել իրենց անկախ լաբորատորիան: Ադրբեջանական այն հասարակական կազմակերպությունը, որի հետ միությունը համագործակցում է վերջին մի քանի տարիների ընթացքում, արդեն ունի իր լաբորատորիան: «Ցավոք, այսօր լուրջ վտանգ կարող են ներկայացնել բոլոր ապրանքները,-ասաց Ա. Եղոյանը,- եթե չեն համապատասխանում օրենսդրական պահանջներին: Օրինակ «second hand» հագուստը»: Պարզվում է, որ դրանց համար ստանդարտներ չկան ոչ միայն Հայաստանում, այլեւ ՝ ամբողջ աշխարհում: Տեղեկացանք, որ սպառողների շահերի պաշտպանության հասարակական կազմակերպությունների միջազգային ասոցիացիան՝ Քոնսյումեր Ինտերնեյշընլը (Consumer International), այդ ուղղությամբ աշխատում է: Պրն Եղոյանը ուրախությամբ նշեց, որ թուրքական եւ իրանական ապրանքների ներկրումը զգալի նվազել է՝ դա բացատրելով հայաստանյան սպառողների՝ ավելի գրագետ դառնալու հանգամանքով: Իսկ դրա հետեւանքը հայրենական արտադրության խթանումն է: Փաստորեն, Սպառողների շահերի պաշտպանության միության նախագահը մտահոգ է ոչ միայն սպառողի, այլեւ արտադրողի շահերով: ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել