Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՅՍ ԱՆԳԱՄ ԳՆԱԼՈՒ ԵՆՔ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ»

Սեպտեմբեր 16,2003 00:00

«ԱՅՍ ԱՆԳԱՄ ԳՆԱԼՈՒ ԵՆՔ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ» Ասում է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը – Շատերին էր հայտնի փաստաբան Հովիկ Արսենյանի կենսագրության այն հատվածը, որի պատճառով նրան արգելեցին շարունակել ձեր եղբոր՝ Արմեն Սարգսյանի պաշտպանությունը։ Վստահ եմ, ձեզ եւս դա հայտնի է, ուրեմն ինչո՞ւ հենց այդ փաստաբանին ընտրեցիք, երբ հաստատ գիտեք, որ Սարգսյանների անվան հետ կապված ամեն ինչ զննվում է խոշորացույցով։ – Ինձ համար անհասկանալի է, թե ինչու պիտի Սարգսյանների հետ կապված ամեն ինչ, ինչպես դուք եք ասում՝ զննվի խոշորացույցով։ Սա կարող է լինել միայն մեկ դեպքում՝ երբ տրվում է նման հրահանգ։ Իսկ այդ հրահանգը կա եւ ես այն համարում եմ վախի արտահայտություն։ Չեմ սիրում վախկոտ տղամարդկանց։ Ակնհայտ է, որ ամեն ինչ արվում է անգրագետ եւ փորձում են ինչ-որ բաներ վերագրել Սարգսյաններին։ Սակայն դա չի հաջողվելու։ Ինչ վերաբերում է Հովիկ Արսենյանին, ապա նա մինչ այդ բազմաթիվ փաստաբանական գործեր էր վարել, եւ երբեւէ իշխանությունները չեն մտածել վեր հանել նրա կենսագրության որոշակի էջը։ Եվ հիմա հանկարծ Արմեն Սարգսյանի գործով «հիշեցին»։ Սա եւս մեկ ապացույց է, որ եղբորս գործը շինծու է, արհեստական։ Փաստաբան Արսենյանը անաչառ, խոստումնալից եւ մարտնչելու պատրաստ մարդ է, մարտիկի կեցվածքով։ – Որքանո՞վ է հնարավոր, որ Հովիկ Արսենյանը վերադառնա դատարան եւ շարունակի պաշտպանել Արմեն Սարգսյանի շահերը։ – Չկա որեւէ օրենք, որն արգելի Արսենյանին զբաղվել փաստաբանությամբ։ Ես ամեն ինչ անելու եմ, որ Հովիկ Արսենյանը վերադառնա դատարանի դահլիճ եւ շարունակի պաշտպանել Արմեն Սարգսյանի շահերը։ Փաստաբան աշխատելու համար նա ունի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ փաստաբանական լիցենզիա (որից նրան ոչ ոք չի զրկել) եւ պաշտպանյալը չի հրաժարվել իր փաստաբանից։ – Մամուլում որոշ հրապարակումներ եղան այն մասին, թե «ԱՄ»-ի եւ «Հանրապետության» միջեւ բանակցություններ են վարվում։ Ոմանք նույնիսկ խոսում են այն մասին, թե դուք եւ Արտաշես Գեղամյանն արդեն բաժանել եք փոխադարձաբար վարչապետի եւ նախագահի պաշտոնները։ Եվ որ Գեղամյանի՝ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո դուք եք մեկնելու այնտեղ։ – Կներեք, բայց այդ ամենը բացարձակ անհեթեթություն է։ Արտաշես Գեղամյանին վերջին անգամ հանդիպել եմ Ստեփան Դեմիրճյանի հետ միասին՝ նախագահական ընտրությունների առաջին փուլի ժամանակ։ Ու երբ ընդհանուր հայտարարի չեկանք, ես եւ Ստեփանը գնացինք մի ճանապարհով, ինքը՝ մյուս։ Որեւէ բանակցություն չի վարվել ոչ միայն իմ ու Գեղամյանի, այլեւ մեր ներկուսակցական շարքերի միջեւ։ Մենք «Արդարություն» դաշինքում ենք, համագործակցում ենք դաշինքի անդամ կուսակցությունների հետ եւ բոլոր որոշումները կայացվում են «Արդարություն» խմբակցության ներսում։ Այսօրվա դրությամբ դաշինքի անդամ կուսակցությունների բոլոր քայլերը համաձայնեցված են։ – Հարցազրույցներից մեկում վերջերս դուք կարծիք էիք հայտնել, թե մասնակցել ԱԺ-ում օրենսդրական նախաձեռնություններին, նշանակում է լեգիտիմացնել խորհրդարանը եւ ընտրությունները։ Նշանակո՞ւմ է սա, որ դուք հավանություն չեք տալիս «Արդարություն» խմբակցության գործունեությանը եւ այլ ծրագրեր ունեք։ – Բացարձակապես այդպես չէ։ Ցավում եմ, որ սխալ է ընկալվել։ Ես ասել եմ, որ ինքս էլ եմ գնալու խորհրդարան, ասել եմ, որ չեմ բացառում, թե կմասնակցեմ ԱԺ նիստերին, կօգտագործեմ օրենսդիր մարմնի ընձեռած հնարավորությունները։ Ես ասել եմ, որ մենք իշխանափոխության խնդիր ունենք, իսկ դրա համար բավարար չէ միայն պատգամավոր դառնալը, այլ հարկավոր է զբաղվել ԱԺ-ից դուրս գործունեությամբ, ինչի պատասխանատուն դաշինքում ես եմ։ Սակայն սա չի նշանակում, թե մենք չպիտի գնանք խորհրդարան։ Իհարկե, օրենսդիր աշխատանքի փորձ եւ հմտություններ ունեցողները պետք է զբաղվեն օրենսդիր գործունեությամբ։ – Քանի որ հստակեցրիք, թե ԱԺ-ից դուրս «Արդարության» գործունեության պատասխանատուն դուք եք, ուրեմն ասացեք, խնդրեմ, ինչպիսի՞ քայլեր եք նախատեսում ապագայում։ – Չէի ուզի բացել մեր խաղաքարտերը, սակայն հայտնի է, որ մեր նպատակը իշխանափոխությունն է։ «Արդարություն» դաշինքը գտնում է, որ երկրում վերականգնված չէ սահմանադրական կարգը։ Այդ կարգը կվերականգնվի միայն իշխանափոխությամբ։ Եվ այդ ճանապարհին մենք կկատարենք բոլոր անհրաժեշտ քայլերը։ Պիտի ասեմ, որ այս անգամ կանգնելու ենք եւ գնալու ենք մինչեւ վերջ։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Հ. Գ. «Հոկտեմբերի 27-ի» դատավարության եւ մահապատժի վերացման մասին Արամ Սարգսյանի տեսակետը՝ առաջիկա համարներից մեկում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել