Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՀԱՓՈՐՁ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԵ՞Մ

Սեպտեմբեր 18,2003 00:00

ՄԱՀԱՓՈՐՁ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԵ՞Մ ՀՀ գլխավոր դատախազությունը նախորդ օրը հաղորդագրություն էր տարածել, որով տեղեկացրել էր, որ սպանության նախապատրաստական փուլում կանխվել է նախկինում դատված Լեւոն Աբրահամյանի կողմից նախապատրաստվող հանցագործությունը (պայթուցիկ սարքի օգնությամբ)։ Երեկ փորձեցինք հավելյալ տեղեկություններ ստանալ այդ հանցագործության վերաբերյալ։ Պարզվեց, որ նախաքննությունն իրականացնում է դատախազության քննչական վարչությունը եւ, որ Լ. Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոցի հարցը կորոշվի այսօր։ Տեղեկացնենք, որ Լեւոն Աբրահամյանը նախկինում ազգային անվտանգության աշխատակից էր, երկար տարիների հակահետախույզ եւ մինչեւ վերջերս իր պատիժն էր կրում «Երեւան» քրեակատարողական հիմնարկում։ Նա 10 տարի ազատազրկման էր դատապարտվել իրանահայ գործարար Վարուժ Անդրեասյանին առեւանգելու համար։ Ըստ գործի նյութերի, Լ. Աբրահամյանը մեկ այլ հակահետախույզի՝ Աշոտ Խաչատրյանի հետ իր զոհին պարկի մեջ էր գցել եւ 100 հազար դոլար գումար պահանջել՝ նրան ազատելու դիմաց։ Քանաքեռ-Զեյթուն եւ Արաբկիրի համայնքի առաջին ատյանի դատարանում, ինչպես նաեւ վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններում հետախույզների մեղքն ապացուցելու հետ կապված որոշ խնդիրներ առաջացան, ինչի մասին «Առավոտը» ժամանակին գրել էր։ Երեկ արդարադատության նախարարությունից խոստացան, որ կպատասխանեն նախեւառաջ «Առավոտի» այն հարցին, թե ի՞նչ հիմքերով է 1999 թվականին 10 տարվա ազատազրկման դատապարտված Լ. Աբրահամյանն ազատվել ՔԿՀ-ից։ Խնդրեցինք նաեւ գլխավոր դատախազությանը պաշտոնապես հաստատել, որ Լ. Աբրահամյանը մահափորձ էր պատրաստում հենց Սերժ Սարգսյանի դեմ։ Դատախազությունում ո՛չ հաստատեցին, ո՛չ էլ հերքեցին այդ լուրը, վկայակոչելով հետաքննության գաղտնիությունը։ Ցավոք, կրկին պիտի նշենք, որ գլխավոր դատախազությունը՝ կախված իր (հավանաբար՝ քաղաքական) նախասիրություններից, «թափանցիկության» տարբեր աստիճաններ ունի տարբեր լրատվամիջոցների համար։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել