Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցույթ-շիլաշփոթ

Սեպտեմբեր 19,2003 00:00

Մրցույթ-շիլաշփոթ Սեպտեմբերի 17-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կայացավ «Սայաթ-Նովա-2003» պարի լավագույն բեմադրության մրցույթը։ Ժյուրիի կազմում էին պարարվեստի նվիրյալներ Արտաշես Կարապետյանը, Թերեզա Գրիգորյանը, ռեժիսոր Լեւոն Իվանյանը, Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը եւ այլք։ Հենց մրցույթի սկզբից հանդիսատեսին եւ մասնակիցների հարազատներին համակել էր հիասթափություն եւ դժգոհություն, որովհետեւ մասնակիցները մրցում էին անորոշ սկզբունքներով՝ առանց տարիքային եւ մասնագիտական բաժանումների։ Ավելին, սա նաեւ լավագույն բեմադրության մրցույթ էր, սակայն որեւէ լավագույն բեմադրություն այդպես էլ չառանձնացվեց։ Զավեշտալի էր նաեւ այն, որ պրոֆեսիոնալ պարախմբերը («Բարեկամություն», Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ) մրցում էին ոչ պրոֆեսիոնալների հետ։ Այս առումով «Առավոտի» զարմանքին մրցույթի կազմկոմիտեի ղեկավար Ստեփան Դավթյանը պատասխանեց. «Կարեւորն այն է, որ այս մրցույթում անփորձ խմբերը կարողացան ձեռնոց նետել պրոֆեսիոնալ խմբերին»։ Բայց ինչպե՞ս: Օրինակ, Ոստիկանության մշակույթի կենտրոնի «Բողբոջ» մանկական համույթի ներկայացրած «Աղավնու վանք» բեմադրությունը արժանացավ հանդիսատեսի ջերմ ընդունելությանը, սակայն ինչ սկզբունքով էր այդ ելույթը «մրցելու» պրոֆեսիոնալ խմբերի հետ, պարզ է: Դժգոհ էին նաեւ «Սարգա» համույթի մասնակիցների ծնողները։ Նրանց զարմացրել էր, թե ինչպես է մենապարողը մրցում մի ամբողջ խմբի հետ, իսկ փոքրերը («Արցախի բալիկներ», «Անի» մանկական համույթներ), օրինակ՝ Սոֆի Դեւոյանի «Հոգու եւ պարի թատրոնի», Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլի հետ։ Ի վերջո, ժյուրիի «թեթեւ ձեռքով» 16 պարային խմբերից եզրափակիչ դուրս եկան 4-ը՝ Սոֆի Դեւոյանի Հոգու եւ պարի թատրոնը, Թաթուլ Ալթունյանի անվան եւ «Բարեկամություն» համույթները, ինչպես նաեւ Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ուսանողուհի (մենակատար) Լիանա Հակոբյանը։ Հաղթողները կմասնակցեն սեպտեմբերի 27-ին կայանալիք եզրափակիչ մրցույթին։ Լ. ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել