Լրահոս
Օրվա լրահոսը

Որտեղի՞ց է սերում քրեական պատերազմը

Սեպտեմբեր 20,2003 00:00

Որտեղի՞ց է սերում քրեական պատերազմը «Անկախության 12-րդ տարեդարձը Հայաստանը դիմավորում է քաղաքական խառնաշփոթի, տնտեսական եւ բարոյական ճգնաժամի պայմաններում»։ Այս գնահատականով է մեկնարկում «Նեզավիսիմայա գազետա» թերթի երեկվա համարում Վազգեն Արամյան ստորագրությամբ հրապարակված հոդվածը, որում քննության առարկա են դարձել այսօրվա Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության ամենացավոտ ասպեկտները։ «Հասարակությունը հուսահատության մեջ է, մարդիկ ասում են, որ այսպիսի անօրինություններ չեն տեսել անգամ ղարաբաղյան պատերազմի տարիներին, երբ՝ չնայած փողոցներում ու տներում լույսի լրիվ բացակայությանը, հնարավոր էր հանգիստ շրջել քաղաքում»,- նշում է հոդվածագիրը, տարակուսելով, թե ինչու նախագահական եւ խորհրդարանական խիստ լարված ընտրություններ տարած երկիրն այդպես էլ չի հանդարտվում։ Իհարկե, անմիջապես էլ գտնվում է այս հարցադրման պատասխանը։ Ընտրություններից հետո «սովորական երեւույթի» վերածված սպանությունները, արյունոտ հաշվեհարդարներն ու՝ առհասարակ, քրեական պատերազմն անմիջական հետեւանքն են այդ նույն ընտրությունների, երբ «տեղի հեղինակություններն ու քրեական տարրերը», ժամանակին ծառայություններ մատուցելով իշխանություններին, այժմ շահեկանորեն հայտնվել են անպատժելիության դաշտում։ Ընդ որում, իր դատողությունները կառուցելիս հոդվածագիրն օգտվում է ոչ միայն «ընդդիմադիր «Առավոտի» (հեղինակի ընդգծումն է- խմբ), այլեւ «Ազգ» եւ «Գոլոս Արմենիի» թերթերի դիտարկումներից։ Մեջբերված է նաեւ հատված ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանի մի գնահատականից. «Ընտրությունները հանգեցրին այնպիսի անձանց խմբի ձեւավորմանը, որոնք կողմնակից են հարցերի ուժային լուծումներին։ Իշխանությունները կորցրել են նրանց նկատմամբ վերահսկողությունը»։ Ասենք, ըստ հոդվածագրի, «բանդիտական անօրինությունները» միանգամայն սպասելի էին։ Հասարակության մեջ ընթացող առավել վտանգավոր պրոցեսները սկզբնավորվել են դեռեւս 1999թ. հոկտեմբերի 27-ից, երբ ահաբեկիչների խումբը անարգել կերպով գնդակահարեց վարչապետին, ԱԺ խոսնակին եւ այլ բարձրաստիճան գործիչների։ Այնժամ Ռ. Քոչարյանը հայտարարեց, որ հանցագործությունը կբացահայտի ցանկացած թաղային, «մինչդեռ այդ գործը մինչ այսօր շարունակվում է եւ սպանված խոսնակի որդու՝ Ստեփան Դեմիրճյանի խոսքով, վերածվել է ֆարսի»։ Հոդվածում անդրադարձ կա նաեւ Հայաստանի տնտեսության «աղետալի վիճակին»։ Այդ գնահատականը խտանում է «անդունդի եզրին» արտահայտության մեջ։ «Զարմանալի է, թե ինչպես է Հայաստանի ՀՆԱ-ն աճում 13,8% աննախադեպ ցուցանիշով, երբ երկրի առաջատար ձեռնարկությունները ճգնաժամ են ապրում»,- հարց է տալիս հոդվածագիրը եւ պատասխանի փոխարեն բերում է տնտեսական անօրինությունների օրինակներ։ Վերջապես, անդրադառնալով ԼՂ հարցին, հեղինակը, հենվելով «Զերկալո» եւ «Հուրիեթ» թերթերի «սենսացիոն» հաղորդումներին, չի բացառում, որ Բաքվի եւ Երեւանի միջեւ որոշակի համաձայնություն կա՝ փոքրիկ «բլից պատերազմի» միջոցով մի քանի բնակավայր Ադրբեջանին վերադարձնելու հարցում. Իլհամ Ալիեւի դիրքերը ամրացնելու, ինչպես նաեւ՝ տնտեսական անհաջողությունները երկուստեք պատերազմին վերագրելու համար։ Պատրաստեց ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել