Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԲ ԴՈՒ ՉԵՍ ԽՓՈՒՄ

Սեպտեմբեր 20,2003 00:00

ԵՐԲ ԴՈՒ ՉԵՍ ԽՓՈՒՄ «Հանրապետական» ստադիոնում երեկ Երեւանի «Բանանցը» հյուրընկալեց Հայաստանի չեմպիոն «Փյունիկին» եւ պարտվեց 0։2 հաշվով։ Այս երկու ակումբների ամեն մի հանդիպում, հատկապես այս մրցաշրջանում, անցնում է սկզբունքային ու անհաշտ պայքարում։ Դրանից էլ՝ բարձրանում է դիտարժանության աստիճանը, հետեւաբար, շահում են նաեւ ֆուտբոլասերները։ Բացառություն չկազմեց նաեւ երեկվա խաղը, չնայած երկու թիմերի կազմերում էլ բացակայում էին առանցքային մի քանի ֆուտբոլիստներ։ Խաղասկզբում մի փոքր գերադասելի էր «Բանանցը», որը շնորհիվ իր երիտասարդ կադրերի արագաշարժության, տարածքային մի փոքր առավելություն ստացավ։ Սակայն իրադարձությունները դաշտում զարգանում էին արագ ու վտանգավոր պահերը միմյանց հաջորդում էին երկու ակումբների դարպասների առջեւ։ Հաշիվը բացելու հնարավորություն ունեցան թե՛ «Բանանցի», թե՛ «Փյունիկի» հարձակվողները։ Սակայն ամեն անգամ վերջին պահին ինչ-որ բան՝ վերջնահարված, եզրափակիչ ճիշտ փոխանցում, դարպասապահի վստահ գործողություն եւ այլն, խանգարում էր։ Առաջին խաղակեսն անցավ փոխադարձ գրոհներով, բայց դարպասի գրավում չարձանագրվեց։ Ընդմիջումից հետո «Փյունիկն» էլ ավելի սրեց խաղի տեմպը եւ մրցակիցն ընդունեց մարտահրավերը։ Գրոհները դարձան ավելի մտածված ու վտանգավոր։ Գոլ խփելու մի քանի լավ առիթներ ձեռքից բաց թողեցին թիմերի առաջատար հարձակվողները։ «Փյունիկից»՝ Էդգար Մանուչարյանը, «Բանանցից»՝ Արա Հակոբյանը։ Հատկապես վտանգավոր էր մոտավորապես 75-րդ րոպեին Արա Հակոբյանի՝ մեն-մենակ հայտնվելը դարպասապահ Բետեի դեմ։ Առաջնության գլխավոր ռմբարկուն, այնուամենայնիվ, հարվածեց դարպասին, բայց դարպասապահը ոտքով հրաշքով շեղեց գնդակի ուղղությունը։ Դրանից հետո աշխատեց «Եթե դու չես խփում, քեզ են խփում» չգրված օրենքը։ Չանցած մի քանի րոպե, «Փյունիկը» ձեռնարկեց սուր գրոհ։ Ռաֆայել Գալստյանն աջ եզրով մտնելով տուգանային հրապարակ, գնդակը հաշվենկատ հասցեագրեց դարպասապահի տուգանայինի մատույցներ ներխուժած Գալուստ Պետրոսյանին։ Նա էլ գլխի հարվածով գնդակը մխրճեց Վորոբյովի պաշտպանած դարպասը։ Դրանից դաշտի տերերը չընկճվեցին։ Ավելին, շուտով նույն Արա Հակոբյանը սրընթաց մտավ «Փյունիկի» տուգանային հրապարակ եւ գնդակը դարպասապահ Բետեի վրայով փորձեց ուղարկել դարպասից ներս։ Բայց թխամորթ փյունիկցին մատների ծայրերով մի կերպ այն հանեց դաշտից դուրս։ Թվում էր, թե խաղի հաշիվն այլեւս կպահպանվի, բայց մրցավար Արարատ Ճաղարյանի եզրափակիչ սուլոցից մի քանի րոպե առաջ՝ Խաչատրյանի գրոհին ընդառաջ դուրս եկած դարպասապահ Վորոբյովը նրան վայր գցեց, եւ մրցավարը ցույց տվեց 11 մետրանոցի նշանակետը։ Զելան հաշիվը կրկնապատկելու իր հնարավորությունը ձեռքից բաց չթողեց՝ 2։0։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել