Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հերթական հայցը՝ ընդդեմ ՀՌԱՀ-ի

Սեպտեմբեր 25,2003 00:00

Հերթական հայցը՝ ընդդեմ ՀՌԱՀ-ի Ամենաուշը երկուշաբթի օրը «Ա1+» ընկերությունը ՀՌԱՀ-ի դեմ հայցով կդիմի դատարան Չնայած հեռուստաընկերության դիմումներին եւ օրենքի պահանջին, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը չի հիմնավորում «Ա1+»-ին կապուղի չտրամադրելու իր անփոփոխ որոշումները: Եվ «Ա1+»-ը որոշել է ստանալ այդ հիմնավորումը՝ դատարանի միջոցով: Այս մասին մեզ տեղեկացրեց Փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանը: Հիշեցնենք, որ նախորդ դատաքննությունների ժամանակ «Ա1+»-ը ոչնչի այդպես էլ չհասավ: Երրորդ իշխանությունը՝ դատական համակարգը կրծքով պաշտպանեց Ամալյանի հանձնաժողովի որոշումները՝ «Ա1+»-ը եթերից զրկելու մասին: Եվ հարցը տեղափոխվել է Հայաստանի սահմաններից դուրս՝ արդեն 8-9 ամիս է, որ Եվրոդատարանում է գտնվում «Ա1+»-ի հայցադիմումը: Ի՞նչ փուլում է դիմումի ընթացքը՝ մեր այս հարցին ի պատասխան Տ. Տեր-Եսայանն ասաց. «Այս ամիսների ընթացքում մենք պարբերաբար նոր փաստաթղթեր ենք ուղարկում Եվրոդատարան՝ ի լրումն մեր հիմնական գործի: Քանի որ անօրինականությունների գործընթացը շարունակական է եւ «Ա1+»-ը պարբերաբար անօրինականությունների է հանդիպում, մենք լրացնում ենք մեր գործի «հատորները» նոր հիմքերով: Այս ամիսների ընթացքում ԵԴ-ն ուսումնասիրում է գործը: Հունվարին հանձնել ենք հիմնական փաթեթը, եւ ամենայն հավանականությամբ մինչեւ տարեվերջ մեր հայցը կամ կմերժվի, կամ կմտնի դատավարական վարույթ: Քանի որ գործն ինքը շատ յուրահատուկ է եւ գոնե մեզ հայտնի չեն ԵԴ-ում լսված նման գործի նախադեպեր, այն բավականին երկար եւ մանրամասն է ուսումնասիրվում: Վերջին մրցույթի կապակցությամբ եւս նոր փաստաթղթեր ենք պատրաստել եւ շուտով կուղարկենք ԵԴ: Բայց մինչ այդ այստեղ էլ ենք դիմում դատարան»: Ի՞նչ հույս ունի «Ա1+»-ը այս անգամ՝ դիմելով ՀՀ առաջին ատյանի դատարան: Պարոն Տ.Տեր-Եսայանը նկատեց, որ իրենց պահանջը բխում է օրենքի տառից, եւ դա է իրենց գլխավոր փաստարկը. «Օրենքով հստակ կանոնակարգվում է այն, ինչ մենք ուզում ենք: Մենք ուզում ենք, որ ՀՌԱՀ-ը գրավոր մեզ ներկայացնի, թե ի՞նչ հիմքերով է «Ա1+»-ին մերժում հաճախություն տրամադրել: Կամ ուղղակի գրավոր ծանուցի, որ «Ա1+»-ը կրկին մերժված է»: Հետաքրքիր է, որ ՀՌԱՀ-ը հրաժարվում է կատարել «Ա1+»-ի պահանջը, ասելով, որ օրեքնով իրենք պարտավոր չեն ներկայացնել, թե ինչո՞ւ են մերժել կամ որոշում տան մերժման մասին: Փաստորեն, այս անգամ «Ա1+»-ը դատարանում ոչ թե մրցույթի արդյունքներն է վիճարկում, այլ ընդամենը դատարանի միջոցով ուզում է ստանալ մերժման հիմքերը: «Կան, չէ՞ ինչ-որ չափորոշիչներ, որոնց համադրմամբ մրցույթի մասնակիցներին դնում են վարկանիշային գնահատականներ,- հարցնում է պրն Տեր-Եսայանը:- Մենք էլ ուզում ենք իմանալ, թե ինչի՞ հիման վրա մեզ «2» դրեցին: Մեզ բանավոր ասում են՝ ֆինանսական ներդրումների հնարավորությունները համոզիչ չեն, եւ դրա համար ցածր ենք գնահատում, բայց երբ այդ ասածը հիմնավորող փաստաթուղթ ենք ուզում՝ մերժում են: Պրիմիտիվ պահանջ է՝ ձեր բանավոր խոսքը գրավորի վերածած տվեք: Տեսնենք՝ գոնե դատարանով կհասնե՞նք դրան»,- ասում է Տիգրան Տեր-Եսայանը: Մեր կողմից ենթադրենք, քանի դեռ մեր դատական համակարգը Ամալյանի նման կամակատարների ձեռքում է, կարծում ենք՝ ոչ: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել