Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՉԵՆՔ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ»

Սեպտեմբեր 25,2003 00:00

«ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՉԵՆՔ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ» Ասում է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը Նա երեկ ԼՂՀ վարչապետի եւ ԱԺ նախագահի հետ այցելել էր Հայաստանի խորհրդարան։ Խումբ-խմբակցությունների հետ հանդիպումից հետո պրն Ղուկասյանը պատասխանեց լրագրողների հարցերին։ Ղարաբաղի՝ բանակցային կողմ դառնալու մասին հարցին պրն Ղուկասյանն ասաց. «Եթե վերսկսվեն Մինսկի շրջանակում բանակցությունները, բնական է, Լեռնային Ղարաբաղը որպես կոնֆլիկտի կողմ մասնակցելու է այդ բանակցություններին։ Դա ընդունում են բոլոր միջնորդները»։ Հետեւո՞ւմ է ասվածից, որ երկու նախագահների ֆորմատով հանդիպումներն ավարտված են, կամ՝ չեն բավարարում Ղարաբաղին։ Արկադի Ղուկասյանը գտնում է, «որ երկու նախագահների ֆորմատը չի խանգարում Մինսկի խմբի պրոցեսներին։ Դրանք կարող են գնալ զուգահեռ։ Հիմնական ֆորմատը, որը հաստատվել է 92 թ., դա Մինսկի խմբի ֆորմատն է։ Նախագահները չեն կարող հաճախակի հանդիպել, իսկ այս հարցի լուծումը պահանջում է հաճախակի հանդիպումներ»։ Իսկ ե՞րբ կվերսկսվեն Մինսկի խմբի հանդիպումները. «Դժվարանում եմ ասել, բայց չեմ բացառում, որ Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո կվերսկսվեն»։ ԼՂՀ նախագահը պատերազմի վերսկսման հնարավորության հարցին պատասխանելով, ասաց. «Ես չեմ գտնում, որ այսօր Ադրբեջանը պատրաստ է սկսել պատերազմը եւ հաղթել այդ պատերազմում, եւ ինձ թվում է դա շատ լավ հասկանում են նաեւ Ադրբեջանում։ Ամեն դեպքում մենք պետք է ամրապնդենք մեր պաշտպանությունը։ Այսպիսի բանաձեւ կա՝ եթե չես ուզում պատերազմ, միշտ պատրաստ եղիր պատերազմի։ Մենք այդպես էլ անում ենք եւ գտնում եմ, որ այսօր պատերազմի վերսկսելու որեւէ պատճառ չկա»։ Մինսկի խմբի նոր առաջարկներին ԼՂՀ նախագահը ծանոթ չէ. «Մեզ չեն ներկայացրել նոր առաջարկներ, ասվել է, որ կլինեն նոր մոդիֆիկացիաներ, եւ ենթադրվում է, որ այդ առաջարկները կներկայացվեն Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո։ Դժվար է ասել՝ ի՞նչ նոր առաջարկներ են լինելու, ամեն դեպքում մենք հստակ գիտենք՝ ինչ ենք մենք ուզում, ինչ ենք մենք պաշտպանում։ Ես գտնում եմ, որ Ղարաբաղի անկախությունը քննարկման խնդիր չէ։ Մենք չենք հրաժարվելու մեր անկախությունից։ Եվ դուք գիտեք, որ միջնորդները բազմիցս հայտարարել են, որ կոնֆլիկտի կողմերը իրենք պետք է լուծեն իրենց խնդիրները։ Սա ենթադրում է, որ որեւէ ճնշում, որեւէ պարտադրում չի կարող լինել»։ Հարցի կարգավորման ամենաճիշտ որոշումը ԼՂՀ նախագահը համարում է փաթեթային լուծումը. «Ավելի դժվար, բայց շատ ավելի էֆեկտիվ։ Չեմ գտնում, որ փուլային տարբերակով հնարավոր լինի լուծել այդ հարցը, որովհետեւ անվստահությունն այնքան մեծ է, ատելությունն այնքան մեծ է, եւ Ադրբեջանի կողմից շարունակվող թշնամական պրոպագանդան չի նպաստում հարցի փուլային լուծմանը։ Սա ռեալ տարբերակ չէ այսօր, չնայած չեմ բացառում, որ միջնորդները որոշ փուլային էլեմենտներ ներկայացնեն։ Բայց որոշում ընդունողը մենք ենք»։ Արկադի Ղուկասյանը գտնում է, որ հարցի կարգավորման հնարավորությունները կան, բայց եթե Ադրբեջանը շարունակի մնալ նույն ոչ կառուցողական դիրքում, հարցը կարող է չլուծվել շատ երկար տարիներ։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել