Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՀԵՇՏ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ

Սեպտեմբեր 25,2003 00:00

ՀԵՇՏ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրը մեկնարկեց սեպտեմբերի 24-ին։ Երեկ կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության «17»-րդ տուրի «Փյունիկ»-«Արաքս» եւ «Միկա»-«Կոտայք» հանդիպումները։ Հանրապետական մարզադաշտում առաջնության առաջատարը՝ հանրապետության չեմպիոն «Փյունիկը», մեծ առավելություն ուներ մրցաշարային աղյուսակը եզրափակող Արարատի «Արաքսի» նկատմամբ։ Յուրաքանչյուր խաղակեսում երեւանցիները երկուական գնդակ խփելով հաղթանակի հասան ընդհանուր 4։0 հաշվով։ Ընդ որում, հեթ-տրիկի հեղինակ դարձավ Գալուստ Պետրոսյանը։ Իսկ հաղթանակի սկիզբն առաջին կեսի 15-րդ րոպեին դրեց Մամադու Դիավարան՝ գլխի հարվածով եզրափակելով Ռաֆայել Նազարյանի փոխանցումը։ «Շիրակի» եւ «Բանանցի» նկատմամբ հաղթանակ տոնելուց հետո «Փյունիկի» ֆուտբոլիստները եւս մեկ քայլ կատարեցին աղյուսակի առաջին հորիզոնականն ապահովելու համար։ Աշտարակի «Միկան» հարազատ հարկի տակ չնայած առաջինը գնդակ ընդունեց սեփական դարպասը, բայց կարողացավ բեկում մտցնել խաղի ընթացքում եւ կամային հաղթանակ տարավ «Կոտայքի» նկատմամբ՝ 3։1 հաշվով։ Խաղի հաշիվը 19-րդ րոպեին բացեց «Կոտայքի» նորեկ Գրիգոր Գրիգորյանը։ Բայց 8 րոպե անց Կարեն Մուրադյանը հստակ իրացնելով 11 մ հարվածը, վերականգնեց հավասարակշռությունը։ Երկրորդ կեսում «Միկայի» հաղթանակն ապահովեցին Վահրամ Լոբյանն ու Էդիկ Մանուչարյանը։ Այսօր Հանրապետական մարզադաշտում կայանալու է տուրի կենտրոնական հանդիպումը՝ «Բանանցն» ընդունելու է «Շիրակին», իսկ Կապանում տեղի «Լեռնագործը» կհյուրընկալի Երեւանի «Դինամոյին»։ «Բանանցի» հաղթանակի դեպքում երեւանցիները կամրապնդվեն աղյուսակի երկրորդ հորիզոնականում, իսկ եթե հաջողությունն ուղեկցի «Շիրակին», ապա երկրորդ տեղի համար պայքարը կտրուկ կսրվի եւ թիմերին կբաժանի միայն մեկ միավոր։ ԽԱՉԻԿ ՉԱԽՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել