Լրահոս
Օրվա լրահոսը

Կպաշտպանվեն ոչ միայն մարդիկ, այլեւ քաղաքացիները

Սեպտեմբեր 26,2003 00:00

Կպաշտպանվեն ոչ միայն մարդիկ, այլեւ քաղաքացիները Այս անգամ՝ ԱԺ նախագահի կողմից Մեր բախտն էլ այդպես է բերում, ԱԺ նախագահներից յուրաքանչյուրը մի թուլություն կամ հոբբի անպայման ունենում է։ Եթե նախկին ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը սիրում էր կենացներ ասել եւ երկրից երկիր թռչել, ապա Արթուր Բաղդասարյանն ավելի գործնական է. նա խորհուրդներ է ստեղծում։ Բազմազան է վերոհիշյալ «կից խորհուրդների» թեմատիկ սպեկտորը՝ հաշմանդամներ, փախստականներ, փոքր եւ միջին բիզնես, շուտով կլինի երիտասարդական խորհուրդ, ավելի ուշ հնարավոր է նաեւ կանանց հարցերով զբաղվող կամ էլ եվրոպական ինտեգրման խորհուրդ։ Երեկ բացվեց մեկ խորհուրդ եւս՝ «ԱԺ նախագահին կից քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցերի»։ Խորհրդում ընդգրկված են հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների, Սահմանադրական դատարանի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ԱԺ պատգամավորներ։ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լիզ Գրանդեն ողջույնի խոսք ասաց. «ստեղծելով այս խորհուրդը, ԱԺ-ն ցույց է տալիս, որ պատրաստ է աջակցել մարդու իրավունքների պաշտպանությանը»։ Ըստ ՄԱԿ-ի ներկայացուցչի, «առանց մարդու իրավունքների չի կարող լինել անվտանգություն, արդարություն, գլոբալիզացիա»։ Դե, քանի որ մենք նման պրոբլեմ չունենք՝ մարդու իրավունքներն էլ անսպառ են եւ մեզանում ոչ ընտրությունների արդյունք է կեղծվում, ոչ անզգույշ քաշքշուկի հետեւանքով մարդ է սպանվում, ոչ էլ անկախ հեռուստաընկերություն է փակվում, ուրեմն, հանգիստ խղճով կարող ենք արձանագրել, որ երկրի անվտանգությունը փայլուն վիճակում է, արդարության ավելցուկ ունենք, իսկ գլոբալիզացիան պարզապես մեր երազանքն է։ ՕԵԿ անդամ, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության հարցերի եւ ՆԳ մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը ելույթ ունեցավ եւ ասաց, թե ինչպես է պատկերացնում խորհրդի բուն նպատակը։ Ըստ պրն Շահգելդյանի՝ «խորհուրդը պետք է ուսումնասիրի աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության զարգացումների հեռանկարները»։ Ըստ ելույթ ունեցողի՝ «այստեղ մեծ վերլուծական աշխատանք կա»։ Ինչպես եւ ԱԺ նախագահին կից մյուս խորհուրդները, այս մեկը եւս ունի կանոնադրություն, որում եւս վերջին կետը նույնն է՝ «խորհրդի գործունեությունը դադարում է ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ»։ Կարծում ենք, արդար էր նման խորհրդի ստեղծումը, ինչու ՀՀ նախագահը կարող է իրեն կից ունենալ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողով, իսկ ԱԺ նախագահը չի կարող ունենալ քաղաքացիների իրավունքների պաշտպանության խորհուրդ։ Քաղաքացին եւս մարդ է եւ լիարժեք պաշտպանության կարիք ունի։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930