Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնաբերվել են մեր մշակույթի նոր շերտեր

Սեպտեմբեր 26,2003 00:00

Հայտնաբերվել են մեր մշակույթի նոր շերտեր Շիրակի մարզի Անիի տարածքում գրեթե 100 տարվա ընդմիջումից հետո սկսվեցին գիտական պեղումները «Երկարատեւ անգործությունից հետո 100 տարվա քարը տեղաշարժեցինք»,- այսպես է բնութագրում վերսկսված աշխատանքները Շիրակի երկրագիտական թանգարանի տնօրեն Համազասպ Խաչատրյանը։ Պեղումները կատարվել են այս ամռանը Հայկաձոր գյուղի տարածքում՝ Անիի ու Հոռոմոսի վանքի միջեւ։ Նիկողայոս Մառի արշավախմբից հետո՝ 1916 թ., ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի, երկրագիտական թանգարանի, պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության համատեղ արշավախմբի կողմից այս տարի սկսված պեղումները ՀՀ տարածքում առաջին քայլերն են։ Հետախուզական բնույթ կրող աշխատանքների արդյունքում ի հայտ էին եկել անտիկ շրջանի երկու հուշարձանախումբ՝ մ.թ.ա. 2-1-ին դարերի բնակավայրեր եւ մ.թ. 1-5 դարերի երկու դամբարանադաշտ։ Այս տարվա հիմնական աշխատանքները ծավալվել են կողք-կողքի գտնվող, մեկ տասնյակից ավելի ձեռակերտ քարանձավներից մեկում։ Ձեռակերտ քարանձավների ներսում փորված միջնապատերով կարելի է ասել՝ առանձնացված սենյակները, փոքր պատուհաններն ու հայտնաբերված գտածոները. աշխատանքային գործիքներ, թոնիրներ, զարդեր, կավից ծխամորճներ. դրամներ, բուխարիներ առանձին բնակարանների մասին են խոսում։ Կամարակապ գետնուղիներով միմյանց կապված առաջին հարկերը մասնագետների ենթադրությամբ, թշնամիների արշավանքներից պաշտպանվելու, արագ էվակուացվելու, անվտանգ հեռավորության վրա դուրս գալու միջոց են ծառայել։ Պատմամշակութային հուշարձանների պահպանության գործակալության Շիրակ-Արագածոտնի տարածքային բաժնի պետ Լարիսա Եգանյանի գնահատմամբ հայտնաբերված քարանձավներն արժեքավոր են ոչ միայն նրանով, որ կազմում են Հոռոմոսի համալիրի ամբողջական մասը, այլեւ Անիի արվարձանն են՝ «նույն մշակույթը, նույն քաղաքն ենք պեղում»։ Ծրագիրն իրացվել է «Անիի նյութական մշակույթը, ըստ նորահայտ արվարձանի հնագիտական պեղումների» գիտական թեմայի շրջանակներում։ Չնայած թեման ուներ պետական ֆինանսավորում, սակայն գիտական ղեկավար Լարիսա Եգանյանի հավաստմամբ, հատկացված գումարով, թերեւս, կարելի էր հուշարձան հասնել ու ետ դառնալ։ Սակայն Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Հարություն Գեւորգյանի միջնորդությամբ ֆրանսահայ հայտնի բարերար, «Հայաստան» հիմնադրամի ֆրանսիական հանձնախմբի ղեկավար Պետրոս Թերզյանը միջոցներ հատկացրեց պեղումների համար եւ աշխատանքների ընթացքում խորհրդի 8 անդամների հետ նորահայտ հնավայր այցելեց։ Հնագիտական պեղումներով արդեն իսկ ապացուցված է հսկա հուշարձանախմբի առկայությունը եւ կարեւորությունը, նորահայտ հուշարձանախմբի տարածքի ավերման ու ոչնչացման նոր վտանգ է առաջացել՝ այս անգամ ոչ թուրքերի կողմից։ Որոշ կործարարներ՝ օգտագործելով ճնշման բոլոր հնարավոր լծակները, պատմական հուշարձանի տարածքում նոր քարհանքեր բացելու, քարի արդյունահանման փորձեր են անում։ ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930