Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք չէ խաբել հեռուստադիտողին

Սեպտեմբեր 27,2003 00:00

Պետք չէ խաբել հեռուստադիտողին Անի Քրիստին Աստանայում մրցանակային տեղ չի ստացել Մեր հայրենակիցների յուրաքանչյուր հաջողություն արտերկրում համընդհանուր ուրախության առիթ է բոլորիս համար: Եվ բնական է այն ուրախությունը, որով համակվեցինք, երբ սեպտեմբերի 24-ի երեկոյան Հ1-ի եթերում «Ռուբիկոն» հաղորդաշարն էինք դիտում: Հաղորդաշարի հյուրերը երիտասարդ եւ շատ հմայիչ երգչուհի Անի Քրիստին եւ «Կանտուս» պրոդյուսերական կենտրոնի ղեկավար Զառա Պետրոսյանն էին: Հեռուստադիտողներին հաճելի անակնկալ էր սպասում՝ հյուրերը մոտ մեկ ժամ խոսում էին «հաղթանակից», որ տոնել է Անի Քրիստին՝ օգոստոսի սկզբին Աստանայում (Ղազախստան) կայացած «Ասիայի ձայն» մրցույթում: Ընդ որում, հնչում էր միայն այդ բառը՝ «հաղթանակ», եւ չէր մանրամասնվում՝ ի՞նչը, ո՞ր անվանակարգը նկատի ունեն: Ենթադրաբար, բոլոր հեռուստադիտողներն այն տպավորությունն ունեին, որ Անին ստացել է եթե ոչ գլխավոր մրցանակը, ապա՝ գոնե գրավել առաջին, երկրորդ կամ երրորդ մրցանակային տեղերից որեւէ մեկը: Այս տպավորությունս ստուգելու համար, երեկ փոքրիկ հարցում կատարեցի այն ծանոթներիս եւ գործընկերներիս շրջանում, ովքեր դիտել էին այդ հաղորդումը: Բոլորը միանշանակորեն եկել էին եզրահանգման, որ Անին Աստանայում ստացել է գլխավոր մրցանակը: Սակայն հաղորդման ժամանակ այս «իդիլիան» խախտվեց մի «չարակամ» հեռուստադիտողի զանգով, որը Անիին եւ Զառային մեղադրեց «ստի» եւ հեռուստադիտողներին թյուրիմացության մեջ գցելու համար: Ակնհայտորեն, զանգահարողը Անիի հետ հին հաշիվներ ուներ: Խոսքը վերաբերում է երաժշտասեր հասարակությանը (գոնե հայ էստրադայի սիրահարներին) քաջ ծանոթ տգեղ պատմությանը՝ կապված Անի Քրիստիի եւ մեկ այլ երգչուհու՝ Աննա Խաչատրյանի հետ: Նրանք երկուսն էլ գրեթե միաժամանակ սկսեցին կատարել նույն՝ «Կարոտ» երգը (ի դեպ, երկուսն էլ շատ հաջող): Ապա սկսվեց փոխադարձ մեղադրանքների տարափն առ այն, թե ո՞վ է ումից գողացել այս երգը, ո՞վ է ավելի շուտ սկսել երգել, եւ, ի վերջո, ո՞վ է ավելի լավ երգում: Իհարկե, ճաշակին ընկեր չկա, եւ, օրինակ ինձ, շատ ավելի դուր է գալիս Անիի զգացմունքային կատարումը: Սակայն՝ չշեղվենք: Եվ այսպես, «չարակամ» հեռուստադիտողի անսպասելի հեռախոսազանգը ամեն ինչ փչացրեց: Զանգահարող «Կարինեն» հայտարարեց, որ Անին ստում է, թե հաղթանակ է ունեցել Աստանայում, եւ որ նրան բաժին է հասել միայն մի «ինչ-որ թերթի կողմից տրված մրցանակ»: Շփոթված հյուրերն ու հաղորդումը վարողները փորձեցին շտկել իրավիճակը, վկայելով, որ իրենց մոտ դիպլոմ կա, որն ամեն ինչ ասում է: Բարեսիրտ հեռուստադիտողներն էլ շտապեցին զանգերով եւ «Անի, դու շատ լավն ես, մենք քեզ շատ ենք սիրում» կոչերով խրախուսել 17-ամյա երգչուհուն: Այն, որ Անին իրոք գեղեցիկ է, շատ հմայիչ եւ արտիստիկ՝ անժխտելի է: Եվ որ բավականին լավ ձայն ունի՝ նույնպես փաստ է: Բայց այն, որ Անին «Ասիայի ձայն» մրցույթում մրցանակային որեւէ տեղ չի գրավել՝ նույնպես անժխտելի փաստ է: Նրան «Ազգային ավանդույթների հանդեպ բարեխիղճ վերաբերմունքի համար» («իՈ ոպՐպՋվՏպ ՏՑվՏՔպվՌպ Ս վՈՓՌՏվՈսՖվօՎ ՑՐՈՊՌՓՌ255Վ») հատուկ մրցանակ է հատկացրել «Խաբար» լրատվական գործակալությունը: Ինչ խոսք, «դա նույնպես մեծ հաղթանակ է», ինչպես նկատեց «Առավոտի» հետ հեռախոսազրույցի ժամանակ Զառա Պետրոսյանը: Անշուշտ, սակայն, կարելի էր պարզ, հստակ եւ առանց վարդագույն շղարշների հեռուստադիտողին ասել, թե ի՞նչ մրցանակ եւ ինչո՞ւ է ստացել Անին: Այլապես, այս կարգի ոչ ճշգրիտ ձեւակերպումները ստվեր են գցում ոչ միայն երգիչների, այլեւ պրոդյուսերների վրա: Ճշգրիտ տեղեկություն կարելի է քաղել www.voiceofasia.actis.kz հասցեով, որտեղից եւ մենք ստացանք մեզ անհրաժեշտ «զուլալ» իրողությունը: Ինտերնետի դարում որեւէ բան ճշտելը խնդիր չէ: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել