Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՀԵՏԱՊՆԴՈՒՄ

Սեպտեմբեր 30,2003 00:00

ՀԵՏԱՊՆԴՈՒՄ Փաստաբան Հովիկ Արսենյանի վրա «ատամ են ունեցել» «Դատարանում իմ եղբոր պաշտպանին՝ Հովիկ Արսենյանին դատաքննությանը մասնակցելու իրավունքից զրկեցին այն պատրվակով, թե նա փաստաբանական գործունեությամբ զբաղվելու իրավունք չունի եւ այդ առնչությամբ նաեւ քրգործ հարուցեցին: Երբ Փաստաբանների միջազգային միությունը որոշում կայացրեց, որ նրա արտոնագիրը միանգամայն օրինական է, դատախազությունը որոշեց հիմա էլ նոր գործ հորինել՝ նրան մեղադրելով, իբր, ամբաստանյալների վրա ճնշում գործադրելով նրանց ցուցմունքը փոխել տալու մեջ: Այդ ե՞րբ եւ ի՞նչ պայմաններում է փաստաբանն արել՝ հանելուկ է: Կարծում եմ, խնդիրը մեկն է՝ Հ.Արսենյանին հեռու պահել դատավարությունից՝ թե կոնկրետ ի՞նչ պատրվակով՝ միեւնույնն է: Եթե սա էլ չաշխատի՝ կբերվեն նոր պատճառաբանություններ»,- երեկ արձագանքելով իր եղբոր՝ Արմեն Սարգսյանի պաշտպանի ձերբակալությանն ասաց Արամ Սարգսյանը: Բայց արդյո՞ք առանց Հ.Արսենյանի այդ քրգրոծը պաշտպանական կողմը տանուլ կտա: Չէ՞ որ կա նաեւ երկրորդ պաշտպան: Կամ՝ այս իմաստով այդքան մեծ եւ էակա՞ն է Հ.Արսենյանի դերը: «Ձեր այդ հարցին պատասխանելու համար պետք է հասկանալ իշխանությունների տրամաբանությունը: Կարծում եմ, խնդիրը բարդություններ ստեղծելու մեջ է: Բացի այդ, դատախազության եւ Հ.Արսենյանի միջեւ ծագած խնդիրները հնուց եկած պատմություններ են, եւ նա ձերբակալվելու ամենահարմար թեկնածուն էր այդ իմաստով: Եթե տեսնեն, որ դատական պրոցեսը իրենց ուզած սցենարով չի ընթանում, գուցե ուրիշ բաներ էլ փորձեն»,- կարծիք հայտնեց Ա.Սարգսյանը: Նա միաժամանակ նկատեց, որ փաստաբանական ինստիտուտն ընդհանրապես Հայաստանում սարսափելի խոցելի վիճակում է. «Երբ փաստաբանը «27»-ի դատավարության ժամանակ ակտիվ է եւ կոնկրետ հարցադրումներով նշանակետին է խփում, ասում են՝ նա բոմժ է: Կամ՝ ես գոնե ինքս գիտեմ, որ «27»-ի գործով իմ շահերի ներկայացուցիչ Տիգրան Ջանոյանի վրա էլ ճնշումներ գործադրվեցին եւ բավականին ծանր ճնշումներ: Այսինքն, մեր երկրի իշխանությունները դատական պրոցեսները շահելու համար դեռ կիսակայացած փաստաբանական համակարագը փորձում են ենթարկեցնել իրենց՝ փաստաբանական ինստիտուտի դեմ ուղղակիորեն պատերազմ հայտարարելով: Նման պատերազմի հետեւանք է նաեւ Հ.Արսենյանի ձերբակալությունը»: Չե՞ք կարծում, որ նման մեղադրանքի պայմաններում հաջորդը լինելու է նաեւ այս («ամբաստանյալներին ճնշելու») գործով պատվիրատուի փնտրելը: Արդյո՞ք սա ձեր նկատմամբ գործողություններ ձեռնարկելու ավելի հեռահար նպատակ չունի: Այս առնչությամբ Ա.Սարգսյանը նկատեց, որ «այս իշխանություններից, որոնք ընտրություններից հետո շիզոֆրենիայով են տառապում, ամեն ինչ սպասելի է»: Ըստ նրա, այսօր իշխանությունները կրիմինալ դաշտում են գործում: Ի դեպ, ձերբակալվելիս փաստաբանն օգտվել էր մեկ զանգի իր իրավունքից եւ զանգել էր «Հելսինկյան ընկերակցության» նախագահ Միքայել Դանիելյանին: Մենք զրուցեցինք նաեւ պարոն Դանիելյանի հետ: Նա մեզ տեղեկացրեց, որ Հ.Արսենյանը «Հելսինկյան ընկերակցության» մոնիտորինգի խմբի անդամ է: Բացի այդ, նա այսօր էլ Ընկերակցության հետ համագործակցում է եւ այդ շրջանակներում մի քանի գործերով որպես պաշտպան է հանդես գալիս: Մ.Դանիելյանի դիտարկմամբ՝ եւ կեղծ փաստաթուղթ օգտագործելու, եւ այս վերջին մեղադրանքները նրա նկատմամբ պարզապես ճնշման միջոցներ են: «Արմեն Սարգսյանի գործը դրա վերջնակետն էր, որովհետեւ Հ.Արսենյանը վաղուց արդեն մնացել է դատախազության կոկորդին, երբ ջախջախեց Ջանիկ Ադամյանի դեմ սարքված գործը: Նա պաշտպանել է նաեւ Մուրադ Բոջոլյանի, Գալուստ Դիլանյանի շահերը: Վերջինիս գործն, ի դեպ, հաջողվել է վերադարձնել առաջին ատյանի դատարան՝ վերստին քննություն կատարելու համար: Ի վերջո, նա ՀՀ մարդու իրավունքների 2002-ի զեկույցի համահեղինակն է: Ա.Սարգսյանի գործը վերջին կաթիլն էր, որով լցվեց իշխանությունների համբերության բաժակը, եւ տեսնելով, որ այդ գործն էլ կամաց-կամաց փլվում է, առաջացավ Հ.Արսենյանին մեկուսացնելու խնդիրը»,- կարծիք հայտնեց Մ.Դանիելյանը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ առաջիկայում հարցաքննվելու է քրգործով կարեւորագույն վկան՝ Հովհաննես Հարությունյանը՝ «Ապերը»: Ինքը՝ Հ.Արսենյանը, պատասխանելով «Առավոտի» հարցին իրեն առաջադրված մեղադրանքը շինծու եւ կեղծ որակեց: Նրա դիտարկմամբ էլ, իր նկատմամբ սկսված արշավի պատճառը միայն Ա.Սարգսյանի շահերի պաշտպանելը չէ: Ինչ վերաբերում է Տ.Նաղդալյանի սպանության քրգործով այսօր կայանալիք նիստին ներկայանալուն, ապա՝ Հ.Արսենյանը ասաց, թե ինքն արժանապատվություն ունեցող անձնավորություն է եւ կսպասի մինչեւ դատարանը հրապարակի Փաստաբանների միության եզրակացությունը եւ որոշում կայացնի իր՝ որպես Ա.Սարգսյանի պաշտպանի, դատական նիստերին մասնակցելու մասին: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ Հ. Գ. Ըստ «Փաստաբանական գործունեության մասին» օրենքի 21 հոդվածի՝ «փաստաբանին ձերբակալելիս՝ ձերբակալումն իրականացնող մարմինն այդ մասին անհապաղ տեղյակ է պահում համապատասխան փաստաբանների միությանը»։ «Առավոտը» երեկ դիմեց ՓՄՄ նախագահ Տիգրան Տեր-Եսայանին, թե արդյոք տեղեկացվե՞լ են իրենք այդ մասին։ Նա պատասխանեց, որ ո՛չ գրավոր, ո՛չ էլ բանավոր իրենց տեղյակ չեն պահել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել