Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԼԽԱՎՈՐԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՆ Է

Հոկտեմբեր 04,2003 00:00

ԳԼԽԱՎՈՐԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՆ Է Երջանիկ Աբգարյանը դրանով է պայմանավորում նաեւ հայ-թուրքական սահմանի բացումը – Հայ-թուրքական սահմանի բացումը ես չեմ համարում, որ կախված է միայն Թուրքիայից։ Գտնում եմ, որ Հայաստանը հնարավորություններ ունի միջոցներ գործադրելու, որ Թուրքիան հակվի նման որոշում ընդունելու։ – Իսկ որո՞նք են այդ միջոցներն ու հնարավորությունները։ – Սահմանը փակ պահելու Թուրքիայի պաշտոնական բացատրությունը ուղղակիորեն վերաբերում է Ղարաբաղի խնդրին, ցեղասպանության ճանաչման գործընթացներին։ Վերջերս էլ Թուրքիայում ԱՄՆ դեսպանը խոսեց այն մասին, որ Հայաստանը պետք է ճանաչի Թուրքիայի տարածքային ամբողջականությունը։ Այսինքն, ինչքան ձգձգվում է ղարաբաղյան հակամարտության լուծումը, այնքան սահմանը բացելու առջեւ լրացուցիչ բարդություններ են առաջանում։ Դրանք բավականին բարդ խնդիրներ են, բայց քաղաքական կամքի առկայության դեպքում դրանց լուծման միջոցների պակասություն չի զգացվի։ – Ցեղասպանության ճանաչումն այսօր կազմում է մեր երկրի արտաքին քաղաքական դոկտրինի գլխավոր բաղկացուցիչ մասը, իսկ Ղարաբաղի հարցի լուծումն էլ դժվար թե մեզանով է պայմանավորված։ Ուստի, ըստ Ձեզ, ո՞րն է Հայաստանի դերը սահմանի բացման գործընթացում։ – Հայաստանի դիրքորոշումը, որպես պետություն, շատ հստակ պետք է լինի՝ մենք ուզո՞ւմ ենք Ղարաբաղի հարցը լուծել, թե՝ ոչ։ Այս հարցը Հայաստանը պետք է վերցնի իր վրա, սակայն այժմ դա փոխանցվել է ուրիշ պետության։ – Ո՞րն է այդ պետությունը։ – Ռուսաստանը։ Այսօր ինչ արվում է՝ ղարաբաղյան հակամարտության ձգձգումը, սահմանը փակ պահելը, բխում է միայն ու միայն Ռուսաստանի շահերից։ Մեր իշխանավորներն, ըստ էության, ռուսների կամակատարն են եւ գործում են սատրապի հոգեբանությամբ։ Ես կարծում եմ, որ մենք պետք է հասկանանք՝ Ղարաբաղի հարցի լուծումը մեր երկրի ամենագլխավոր խնդիրն է։ Եթե այս հարցը չի լուծվում, չի լուծվում ոչ մի այլ հարց, լինի սոցիալական, տնտեսական, թե այլ։ Այսինքն, երբ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ՀՀՇ-ն պնդում էին, որ ժամանակը մեր օգտին չի աշխատելու, որ մեր ռեսուրսները չեն բավարարելու առանց ղարաբաղյան հակամարտության լուծման, ապահովել երկրի սոցիալ-տնտեսական լուրջ առաջընթացը, այսօր՝ 5-6 տարի անց, այս պնդումը գործնականում ապացուցվել է։ Կարեւորագույն՝ սոցիալական ասպարեզում մենք իրական տեղաշարժեր չենք արձանագրել։ Կարող է որոշ մարդիկ լավ են ապրում, մյուսներին էլ մեղադրում են կուրության մեջ, բայց դա հարցի լուծում չէ։ – Փաստորեն, ելնելով Ձեր ասածից, կարելի՞ է ենթադրել, որ սահմանի բացման մասին իշխանությունների կողմից վարվող բոլոր խոսակցությունները փուչ են։ – Իշխանություններն իրենց կիսատ-պռատ պահվածքով նպաստում են դրան։ Պաշտպանության նախարարը պաշտոնապես հայտարարում է, որ եթե Թուրքիան սահմանը բացի, մենք կսկսենք քննարկել՝ օգտվե՞նք սահմանից, թե՞ ոչ։ Դա անհեթեթություն է։ Ինչ է նշանակում սահմանը բացեն ու միայն իրենք՝ թուրքե՞րը օգտվեն, իսկ մենք զբաղվենք քննարկումներո՞վ։ – Դուք այսօր էլ պնդո՞ւմ եք ԼՂՀ հարցի կարգավորման առաջնահերթությունը։ ՀՀՇ-ն կողմ էր փուլային տարբերակին եւ դա դարձավ իշխանափոխության պատրվակը։ Այսօրվա իշխանությունները շրջանառում են փաթեթային տարբերակը։ Բայց այդ տարբերակն էլ, կարծես թե, չի իրականացվում։ – ԼՂՀ հարցի վերջին 6 տարիների զարգացումները մի հիմնական կետի են սեւեռված։ 1998-ից Քոչարյանի անձնական նախաձեռնությամբ ղարաբաղյան հարցի զոհասեղանին դրվեց Մեղրին։ Դա հետագայում դարձավ Փարիզի սկզբունք, Քի-Վեստի համաձայնություն եւ այլն, բայց իրականում ոչինչ տեղից չշարժվեց։ Դա միջոց էր հարցի լուծումը սառեցնելու եւ ձգձգելու համար։ Ինչ վերաբերում է փաթեթին եւ փուլին։ Պետք է շարժվել ոչ թե կարգավիճակից դեպի հարցի այլ բաղադրիչներ, ինչը կարգավիճակի հստակեցման պայմաններում կկանխորոշի այլ խնդիրների լուծումների ուղղվածությունը, այլ ընդհակառակը՝ տարբեր խնդիրների լուծումով ձեւավորել կարգավիճակը, որը հենց փուլային տարբերակն է։ ՀՀՇ-ն նախապատվությունը հիմնականում տալիս է փուլայինին, նկատի ունենալով, որ այդ ուղին հնարավորություն է ընձեռում հակամարտությունը աստիճանաբար լիցքաթափել երկու կողմերի համար շահավետ քայլերով, եւ միջազգային հանրության համար առավել ընկալելի միջոցներով։ Բոլոր դեպքերում, այս ուղով ընթանալիս կարեւորն այն է, որ հայկական կողմը իր նախաձեռնությունները այնպես ձեւավորի, որ հակառակ կողմը խուսանավելու հնարավորություն չունենա եւ մերժման կամ համաձայնելու դեպքերում կորուստներ կրի։ Ի դեպ, մենք փաթեթային տարբերակը չենք մերժում ընդհանրապես։ Եթե Հայաստանի համար դա ձեռնտու լինի, մենք դրան էլ կհամաձայնենք։ Մեզ սովորական տնտեսական, քաղաքական եւ սոցիալական զարգացում պետք չէ, մեզ ճեղքում է պետք։ Դրա համար Հայաստանը պետք է լուծի ղարաբաղյան հակամարտությունը, ունենա բաց սահմաններ եւ ներդրումների համար բազմաթիվ կողմերով դառնա հրապուրիչ։ Զրույցը վարեց ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել