Լրահոս
Օրվա լրահոսը

Հացադուլից 5 օր հետո

Դեկտեմբեր 18,2003 00:00

Հացադուլից 5 օր հետո ՀՀ արդարադատության նախարարության Դատապարտյալների հիվանդանոցում 5-օրյա հացադուլի էր նստել ավազակային հարձակման համար 5 տարվա ազատազրկման դատապարտված Արման Գալստյանը։ Երեքշաբթի մեր հանդիպումից առաջ նրա մոտ էր ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ Ալիկ Մկրտչյանը։ Դեկտեմբերի 10-ի ժամը 10-ից դատապարտյալը, որը հիվանդ է տուբերկուլյոզով, հայտարարել էր հացադուլ՝ կարելով բերանը։ «Բողոքիս ակցիան որեւէ կապ չունի հիվանդանոցի ադմինիստրացիայի, աշխատակիցներից որեւէ մեկի գործողությունների հետ։ Ընդհակառակը, օգտվելով առիթից, իմ երախտիքն եմ հայտնում նրանց՝ մարդկային, ջերմ, հոգատար վերաբերմունքի համար,- գրել էր իր դիմումում դատապարտյալը, – ուղղակի կասեմ, որ ակամայից հայտնվել եմ նախաքննական եւ դատաքննական մարմինների խարդավանքների կենտրոնում»: Դեկտեմբերի 15-ին, ժամը 16.30-ին նա դադարեցրել էր իր հացադուլը, քանի որ պահանջներից մեկն էլ եղել է հանդիպում լրագրողի հետ։ Այս տարվա հունիսի 20-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը նրան դատապարտել է 5 տարվա ազատազրկման՝ ավազակային հարձակում կատարելու համար։ Հոկտեմբերի 16-ին ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանը նույնն է թողել առաջին ատյանի դատարանի դատավճիռը։ Ըստ գործի նյութերի, Ա. Գալստյանը մուտք է գործել Աչաջուր գյուղի բնակիչ Գեղեցիկ Սաքանյանի տուն եւ պահանջել գումար։ Ընդ որում, եղել է դիմակավորված՝ դիմակը նախապես պատրաստել էր վերնաշապիկի թեւքերից, իսկ տուժողի բերանը փակել էր սավանով։ Արդյունքում, տուժողը 15 հազար դրամ էր կարողացել տալ, գրքի միջից հանելով 3 հատ 5000-անոց։ Երկու ատյանի դատարաններում պարզվել էր նաեւ, որ Ա. Գալստյանը 2002 թվականի դեկտեմբերին Վերա Երիցյանի մառանից գողացել էր 70 լիտր ինքնաթոր օղի, պղնձե կաթսա՝ պատճառելով տուժողին 99 հազար դրամի վնաս։ Երեկ դատապարտյալ Ա. Գալստյանը խնդրում էր մամուլի միջոցով «ձեռնարկել այնպիսի միջոցներ, որպեսզի վճռաբեկ դատարանի կողմից իրականացվող դատավարության ընթացքում պաշտպանվեն իր շահերը»։ Ի դեպ, թերի բարձրագույն կրթությամբ այս երիտասարդը (սովորել է Ճարտարագիտական համալսարանում, մինչեւ 4-րդ կուրս) այնքան էլ իրազեկ չէր օրենքներից եւ իր իրավունքներից։ Նա ասաց, որ միայն 2-րդ ատյանում է ունեցել պետպատվերով պաշտպան՝ Համլետ Ստեփանյան, որը «ողջ դատաքննության ժամանակ մի բառ է արտասանել»։ Ըստ Ա. Գալստյանի, ավազակային հարձակումը գույքի բացահայտ հափշտակում է, որը զուգորդվել է տուժողի կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնությունով կամ նման բռնություն գործադրելու սպառնալիքով։ Իսկ եթե նույն հափշտակությունը զուգորդվել է ոչ վտանգավոր բռնությունով, այն դիտվում է որպես կողոպուտ։ Ա. Գալստյանը պնդում է, որ իր կատարածը չի զուգորդվել վտանգավոր բռնությամբ, որ տուժողի կյանքին ու առողջությանը թեթեւ հետեւանքներ է առաջացրել, ինչը, դատապարտյալի խոսքերով, հաստատվել է դատաբժշկական փորձաքննության արդյունքում։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել