Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԳՉԱԽՄԲՈՒՄ «ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄ» ՉԻ ԵՂԵԼ

Հունվար 27,2004 00:00

ԵՐԳՉԱԽՄԲՈՒՄ «ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄ» ՉԻ ԵՂԵԼ Հայտարարում է օպերային թատրոնի երգչախմբի գլխավոր խմբավար Կարեն Սարգսյանը Ազգային օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը «Առավոտին» տված հարցազրույցում (08.01.2004թ.) տեղեկացրել էր, որ թատրոնի նվագախմբում կայացած մրցույթի արդյունքում ոմանք ազատվել են աշխատանքից։ Հարգելով որոշ երաժիշտների վաստակն ու փորձը, ոմանց թողել են թատրոնում խորհրդականի կարգավիճակով։ Հրապարակումից հետո մեզ էին դիմել Օպերային թատրոնի երգչախմբի մի խումբ «օպտիմալացված» արտիստներ (խնդրելով չհրապարակել անունները)։ Նրանք պնդում են, որ իրենց հետ պայմանագրերը չեն թարմացվել՝ «դուք անցնում եք վաստակած հանգստի» պատճառաբանությամբ։ Օպերային թատրոնի երգչախմբի գլխավոր խմբավար Կարեն Սարգսյանը հայտարարեց, որ գուցե բողոքների հասցեատերը նախկին ղեկավարությունն է։ Խմբավարը նախ հիշեցրեց, որ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը իրավունք է տալիս թոշակի տարիքի սահմանագիծն անցած քաղաքացուն ճանապարհել հանգստի։ Ապա նշեց, որ երգչախմբի ստաժավոր արտիստներին ինքը չի «օպտիմալացրել», քանի որ նրանք պետք են իրենց ոչ թե որպես խորհրդատու, այլ հենց երգիչներ ու փորձառու դերասաններ։ «Այսօր երգչախմբում են կենսաթոշակային տարիքի ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Կավազյանը, առաջատար տենոր Ռուբեն Կուբելյանը եւ ուրիշներ։ Նրանք զբաղված են նաեւ ներկայացումներում՝ փոքրածավալ դերերգերով»,- ասաց խմբավարը։ Ըստ նրա, աշխարհահռչակ օպերային որոշ երգիչներ իրենց բեմական կյանքը շարունակում են անգամ 70-ից բարձր տարիքում, որովհետեւ «ձայնը շնորհ է՝ տրված Բարձրյալի կողմից եւ որեւէ մեկը չի կարող ասել, թե այս կամ այն հռչակավոր երգիչը մինչեւ երբ կարող է բեմում մնալ»։ «Հասկանալի է, թե արտիստի համար որքան ցավալի է բեմը թողնելը։ Նման դեպքերում մեր թատրոնի ղեկավարությունն առաջարկում է այլ աշխատանք, ասենք՝ բեմի հերթապահ եւ այլն»,- տեղեկացրեց պրն Սարգսյանը։ Նա ծանր է որակում աշխատանքը երգչախմբում, որովհետեւ յուրաքանչյուր ներկայացման պատրաստվելիս, սկզբում սովորում են ձայնաբաժինները, հետո անցնում բեմական փորձին, որին հաջորդում է փորձը նվագախմբի հետ, այնուհետեւ աշխատանքը՝ ներկայացման ռեժիսորի գլխավորությամբ։ Ըստ պարոն Սարգսյանի, Երեւանի օպերային թատրոնում օպերաները ներկայացվում են բնագրերով։ Կոնսերվատորիայում, իհարկե, վոկալիստները ուսումնասիրում են իտալերեն, բայց կան օպերաներ՝ գրված նաեւ այլ լեզուներով։ Կ. Սարգսյանը հիշեց, որ, օրինակ, 2001-ին Ազգային օպերային թատրոնում բեմադրված «Կարմենի» համար Ֆրանսիայից հատուկ հրավիրվել էր մաեստրո Օլիվյեն՝ երգիչների ֆրանսերենի արտաբերումը կատարելագործելու։ «Այս հարցում էլ զգացվում է ստաժավորների կարիքը, այնպես որ, տարեց երգիչները մեզ ոչ թե խանգարում են, այլ նույնիսկ շատ պետք են»,- շեշտեց խմբավարը։ Ի դեպ, Վերդիի «Տրավիատան» եւ «Տրուբադուրը» արդեն ներկայացվել են, ընթացքի մեջ են Բելինիի «Նորմայի» վերականգնման աշխատանքները։ Սկսված են նաեւ «Անուշի» փորձերը։ Խմբավարը հույս հայտնեց, որ օպերային թատրոնի երգչախումբը այս տարի կվերականգնի առանձին համարներով ելույթ ունենալու ավանդույթը։ Նշենք, որ երգչախումբը արդեն հաջողությամբ հանդես է եկել Ռուսաստանում, Գերմանիայում, Լեհաստանում, ԱՄՆ-ում եւ Իսպանիայում։ «Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչքա՞ն է երգչախմբի արտիստի միջին աշխատավարձը՝ նկարագրված ծանրաբեռնվածության պարագայում։ Պարոն Սարգսյանը պատասխանեց՝ ամսական ընդամենը 15 հազար դրամ։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել