Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ թե կաշառքով է, այլ ծանոթով

Փետրվար 13,2004 00:00

Ոչ թե կաշառքով է, այլ ծանոթով Նախագահի խորհրդական Բագրատ Եսայանը երեկ առողջապահության ոլորտի մասնագետների հետ քննարկեց լիցենզավորման բնագավառի կոռուպցիոն ռիսկերը։ Քննարկման ընթացքում պարզվեց, որ բուժհիմնարկների լիցենզավորման գործընթացում կաշառակերություն չկա, կա միայն «ծանոթով» լիցենզավորվելու խնդիր։ Բնական է, հո Բագրատ Եսայանն իրենց խոստովանահայրը չէ՞, որ ինչ կա-չկա՝ ասեին։ Այնինչ, լիցենզավորման մասին գործող օրենքն այդ առումով արտոնագրման հանձնաժողովին լայն հնարավորություններ է տալիս։ Հենց ներկաներն ասացին, որ արտոնագրումը կատարվում է միայն տվյալ բուժհիմնարկի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա, որ «մենք չունենք նույնիսկ նրանց կոնսուլտացիա անելու իրավունք, օրենքը թույլ չի տալիս ստուգել՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են բերված փաստաթղթերը՝ սարքավորումների, մասնագետների որակավորման եւ այլնի հետ կապված»։ Դրան գումարենք արտոնագրման համար սահմանված նվազագույն չափանիշները եւ հասկանալի կլինի, որ հանձնաժողովին ցանկալի բոլոր բուժհիմնարկներն էլ կարող են ապահովել անհրաժեշտ թղթերն ու արտոնագրվել։ Արդյունքում, «ստոմատոլոգիական կաբինետ կա, որտեղ տաբուրետկի վրա են հիվանդին նստեցնում, ատամն էլ պլասկագուբցիի պես մի բանով են քաշում»,- նկատեց փոխնախարար Հայկ Դարբինյանը: Թե ինչպես են 90%-ով ոչ պիտանի սարքավորումներով հագեցած (մասնագետների կարծիքով) բուժհիմնարկները լիցենզավորվում, կիմանան միայն «ծանոթով լիցենզավորող» հանձնաժողովի անդամները։ Բ. Եսայանին հետաքրքրում էր նաեւ, թե ինչպիսին կլինի կոռուպցիոն ռիսկը բուժաշխատողների արտոնագրումը վերականգնելու դեպքում։ Հիշեցնենք, որ 2001-ին առողջապահության համակարգում վերացվեց ֆիզիկական անձանց լիցենզավորումը, որովհետեւ արտոնագիր չէր ստանում բուժաշխատողների ընդամենը 0,01%-ը։ Դա զարմանալի չէ, քանի որ մինչեւ քննությունը, բուժհիմնարկի տնօրենն իր աշխատողներից հավաքում էր «ստավկա» դարձած գումարները եւ հանձնաժողովի հետ լուծում հարցերը (երեւի, ծանոթով)։ Սակայն այս մասին քննարկողները ոչինչ չասացին։ Փոխարենը խիստ կարեւորեցին բուժաշխատողների արտոնագրման վերականգնման հարցը, որպեսզի «պրոֆեսորը չհավասարվի նորավարտին, ինչ է թե վերջինս կարողանում է հիվանդ կպցնել»։ Ըստ բանախոսների, հատկապես վտանգավոր է վիճակը մարզերում, որտեղ «մարզպետը կարող է զանգել հիվանդանոցի տնօրենին ու կարգադրել, թե՝ այս վիրահատությունը պիտի անի իմ ասած մարդը, իսկ տնօրենը չի կարող հրաժարվել, որովհետեւ հիվանդանոցը մարզպետարանի ենթակայության տակ է»։ Ի՞նչ տվեց քննարկումը նախագահի խորհրդականին։ Պարոն Եսայանի կարծիքով՝ «Ճիշտ չէ այսպես հանպատրաստից խոսել չմարսված նյութի մասին։ Դեռ պիտի մշակենք այս ամենն ու հետո աշխատենք այդ ուղղությամբ»։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել