Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ ՖՈՒՏԲՈԼ ԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՎԱՂԸ

Փետրվար 27,2004 00:00

Ի՞ՆՉ ՖՈՒՏԲՈԼ ԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՎԱՂԸ Ֆուտբոլասերները դեռ չեն մոռացել մինչեւ 16 տարեկանների մեր հավաքականի ամոթալի պարտությունները Պորտուգալիայում անցկացված միջազգային մրցաշարում: Սարգիս Հովիվյանի ղեկավարած թիմն ընդամենը երեք խաղում բաց թողեց 21 գոլ՝ իսպանացիներից՝ 8, պորտուգալացիներից՝ 6, դանիացիներից՝ 7, իսկ մրցակցի դարպասը գրավեց միայն մեկ անգամ: Մրցավայր մեկնելու օրը, երբ հավաքականն արդեն մեկնում էր օդանավակայան, փոքրիկ հարցազրույց էինք վերցրել գլխավոր մարզչից: Այն ժամանակ նա ասաց, թե ինքն իր ու հավաքականի առջեւ արդյունքի հասնելու խնդիր չի դնում: Մարզչի համար ավելի կարեւոր էր թիմի խաղային ձեռագրի մշակումը, որպեսզի այն արդեն աշնանը պատրաստ լինի պաշտոնական մրցելույթներին: Նպատակն, անշուշտ, ողջունելի է: Բայց պարտություններ կրել այդպիսի ոչ ֆուտբոլային հաշիվներով, մեղմ ասած, անպատվաբեր է: Հավաքականն արդեն վերադարձել է Երեւան: Երեկ կրկին հանդիպեցինք Ս. Հովիվյանի հետ եւ խնդրեցինք տալ հավաքականի մրցելույթների իր գնահատականը: – Մենք մեկնելուց առաջ հավաք անցկացրինք Արարատում: Եվ ինձ զարմացրեց, որ ֆուտբոլիստներն ընդհանուր առմամբ ֆիզիկապես պատրաստ չեն: Այդ բացը լրացնելու նպատակով օրական երկու մարզում նշանակեցինք: Ընթացքում նաեւ երկու խաղ անցկացրինք 1-ին լիգայի «Փյունիկի» եւ «Ցեմենտի» հետ: Դրանից հետո փետրվարի 19-ին մեկնեցինք Լիսաբոն: Տեղ հասանք նախատեսվածից ուշ: Ճանապարհը հոգնեցուցիչ էր ու տղաները չհասցրին ոչ կլիմայափոխվել, ոչ էլ հանգստանալ: Իսպանիայի հետ խաղում պարտվեցինք 0:8 հաշվով: Տեսնել էր պետք, թե նրանք ինչ ֆուտբոլիստներ ունեն, ինչ ֆուտբոլ են խաղում: Քայլելիս էլ երեւում էր, որ պրոֆեսիոնալ են: Մերոնք, ասացի, անպատրաստ էին, նաեւ՝ անփորձ: Ինձ մի քիչ հույս էր տալիս այն միտքը, որ հաջորդ հանդիպումներում տղաների միջի վախը կպակասի, ավելի վստահ կխաղան: Պորտուգալիայի հետ խաղը համեմատաբար ավելի հաջող էր: Առաջին գոլն ընդունեցինք ընդմիջումից 2 րոպե առաջ: Բայց հետո մրցավարը հարյուր տոկոսանոց 11 մետրանոցը չնշանակեց մեր օգտին, որը թեւաթափ արեց տղաներին: Եվ ընդհանրապես, մենք վերջին երկու խաղերը տանուլ տվեցինք խաղի ավարտին, երբ ֆուտբոլիստներն արդեն շարժվել չէին կարողանում: Մենք նաեւ տակտիկապես շատ էինք կաղում: Ես հիմա համոզված եմ, որ ֆուտբոլիստները իրենց թիմերում ընդհանուր առմամբ գործ չեն արել: Մենք այդ վիճակով իրավունք չունեինք մեկնելու: – Բայց դուք հավաքականի մարզիչն եք եւ ֆուտբոլիստների ընտրությունն ինքներդ եք արել: Չգիտեի՞ք, որ անպատրաստ են ու զարմացաք Պորտուգալիայում: – Ես այստեղ նայել եմ ակումբներում նրանց մարզումները: Այդ ժամանակ ավելի լավն էին: – Թիմի տակտիկան ընտրում է մարզիչը: Հետեւաբար, դուք էլ մեղավորության ձեր բաժինն ունեք խոշոր հաշիվներով պարտություններում: – Տակտիկա ունենալու համար երկար ժամանակ է պետք: Մինչդեռ, մենք մի քանի օր ունեինք: Մարզիչները տեղերում պետք է ֆուտբոլիստին տակտիկական, տեխնիկական, ֆիզիկական գիտելիքներ տան: – Ի՞նչ եք կարծում, Հայաստանում մարզիչներն ունե՞ն այդքան հմտություն ու փորձ, որ իրենց իմացածը փոխանցեն սաներին, նրանք էլ ժամանակակից ֆուտբոլ խաղան, դիմակայեն ուժեղ մրցակիցներին: – Ոչ բոլորը: – Իսկ դու՞ք: – Գեղեցիկ չի հնչի, բայց՝ այո: Հիմա ես մտածում եմ, որ հոկտեմբերին Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին մյուս հավաքականների հետ հավասար մակարդակով ներկայանալու համար երկու ճանապարհ ունենք անցնելու: Կամ մեր թիմը պետք է հանդես գա երկրի առաջնության 1-ին խմբում, կամ պետք է ամիսը մեկ որեւէ մրցաշարի մասնակցի: Այս առաջարկը պատրաստվում եմ ներկայացնել մեր ֆեդերացիայի նախագահին: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ Հ. Գ. Անցյալի լեգենդար ֆուտբոլիստի ասածներում ճշմարտություն, ինչ խոսք, կա: Սակայն, այնուամենայնիվ, հակված ենք մտածել, որ խայտառակ պարտությունների համար մեղքի մեծ բաժին ունեն թե ինքը, թե նրա օգնականները: Նախ, որքան էլ շատերի ականջին տհաճ հնչի, պիտի արձանագրենք. մենք բարձրակարգ մարզիչների խիստ պակաս ունենք: Եղածներն էլ, չգիտես ինչու, սեր չունեն սեփական գիտելիքները հարստացնելու նկատմամբ՝ համարելով, որ դրա կարիքը չկա: Մեզանում շատ հաճախ լավ ֆուտբոլիստ եւ լավ մարզիչ հասկացությունները խառնվում են իրար: Ակումբների ղեկավարները չեն կարեւորում մարզիչների ճիշտ ընտրություն կատարելը, նրանց վերապատրաստման գործուղելը՝ բավարարվելով ֆուտբոլիստի կարգավիճակում ունեցած ձեռքբերումներով: Նույն բանի ականատեսն ենք լինում նաեւ ֆեդերացիայի գործունեությունում, թեեւ, անկեղծ ասած, մշտապես գտնվելով նաեւ լրատվամիջոցների տեսադաշտում ու «ճնշման» տակ, թե մեր աստղերը ակտիվ ֆուտբոլը թողնելուց հետո անուշադրության ու անգործության են մատնվում, երբեմն այստեղ էլ տեղի են տալիս: Վերջում ավելացնենք. եթե անգամ լայն ընտրության հնարավորություն էլ չկա, ուրեմն հարկավոր է խստորեն պահանջել կոնկրետ արդյունք՝ կոնկրետ ժամանակահատվածում: Ճիշտը միայն ֆուտբոլի շահերով առաջնորդվելն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել